17 12 2020

Բացարձակ աբսուրդի անողոք ճիրաններում կամ՝ փաշինյանական գժանոց

Բացարձակ աբսուրդի անողոք ճիրաններում կամ՝ փաշինյանական գժանոց

Կհիշեն շատերը՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունեինք: Վերածել ենք արնաշաղախ գժանոցի: Ի լրումն, արդեն մեկ ամսից էլ երկար ժամանակ՝ ամեն օր կապիտուլյացիայի ենթարկվող ու փոքրացող գժանոցի:

Արդեն երկուսուկես տարի է այդ վիճակը: Այն բանից հետո, ինչ «հին Հայաստանից» հոգնած, փողոցի արտահայտությամբ ասած՝ «դավադիտ եղած», բավականին ճարպկորեն տեխնոլոգիաների կիրառմամբ վուվուզելված ու «դմփ-դմփ-հու»-ացած բազմության ուսերի և գլխի վրա Նիկոլ Փաշինյանը հասավ իշխանության, այդ վիճակն է: Չեղավ այդ երկուսուկես տարվա մեջ մի շաբաթ-կիրակի, մի տոնական օր, որ Նիկոլ Փաշինյանը կամ իր скоморох-ային կազմից մեկնումեկը մարդկանց հանգիստը կամ կիրակին չհարամեն, մի աղմկարարություն չանեն, մի անհեթեթություն դուրս չտան, մի սկանդալ չմոգոնեն:

Բայց դա էլ քիչ համարվեց երևի: Վարելով «նռնակով կապիկի» արտաքին ու նաև ներքին քաղաքականություն՝ Նիկոլ Փաշինյանի լակոտապետական ռեժիմը Հայաստանի, Արցախին գլխին պատերազմ բերեց ու մեր հազարավոր զինվորականների կյանքի գնով Հայրենիքի մի զգալի մասը հանձնեց թշնամուն: Հադրութը, Ակնան, Ջրակնը, Քարվաճառը, Բերձորը, Շուշին... Մի խոսքով, Արցախի գրեթե 80 տոկոսը տվեց թշնամուն, բայց սոսնձվել է Հայաստանի վարչապետի աթոռին ու հրաժարական չի տալիս:

Եթե մինչ այդ Հայաստանը նմանվում էր գժանոցի, արդեն ավելի քան մեկ ամիս արնաշաղախ գժանոց է:

Նոյեմբերի 9-ից՝ Փաշինյանի կողմից նվաստացուցիչ ու խայտառակ կապիտուլյացիայի թուղթն ստորագրելուց հետո, անցել է 1 ամիս և 8 օր շաբաթ:  

Մինչև օրս պաշտոնապես չի հայտարարվել պատերազմում զոհված մեր զինվորականների թիվը, չեն հրապարակվել բոլոր զոհվածների անունները:

Մինչև օրս պաշտոնապես չի հայտարարվել վիրավորված, այդ թվում՝ ծանր վիրավորված զինվորականների թիվը: 
Մինչև օրս պաշտոնապես չի նշվել, թե մեր զինվորականներից քանի՞սն են համարվում անհայտ կորած:

Նմանապես, անհասկանալի է, թե քանի՞ զինվորական է գերի ընկել:

Նախօրեին 44 ռազմագերի վերադարձվեց Հայաստան: Մի՞թե միայն այդ 44 գերիներն էին:

Տեղյակ և գործնականում պետության փոխարեն ռազմագերիների հարցերով զբաղվողների խոսքերից դատելով՝ մեր ռազմագերիների թիվն ավելին է: Իբր դա քիչ էր, հիմա էլ, պարզվում է, նոր գերյալներ կան, ավելի քան 100 հայ զինվորական: Հադրութի շրջանի թերևս վերջին գյուղերը՝ Խծաբերդն ու Հին Թաղերը զավթելու հետևանքով, ինչպես կարելի է կռահել կցկտուր, կիսապաշտոնական տեղեկություններից:

Այսինքն, հենց այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր հակահայկական իշխանության որոշ ներկայացուցիչներ «փիառվում» էին գերության մեջ հայտնված մեր 44 զինվորականների վերադարձնելու ֆոնին, թշնամին կրկնակի կամ եռակի ավել զինվորների է գերեվարում...

Ըստ որում, այն 44-ի վերադարձն էլ առավելապես ոչ իշխանական կոնկրետ իրավապաշտպանների և ռուսական խաղաղապահների հրամանատարի ջանքերով է իրականացվել: Ի՞նչ է արվելու կամ արվում նոր գերի ընկածներին վերադարձնելու համար:

Անհասկանալի է:

Հասկանալի է մեկ բան. պետություն, պետական համակարգ, որպես այդպիսին, մեծ հաշվով արդեն գոյություն չունի: Գոյություն չունի՝ իր ֆունկցիոնալ իմաստով: Իսկ այն ինչ մնացել է՝ խելագարանոցի վերածված տարածք է: Փաշինյանին հարազատ միջավայր է, իրեն դա ձեռնտու է:

Հարց է, թե արդյո՞ք դա ձեռնտու է բացարձակ աբսուրճի ճիրաններում հայտնված մնացածիս:

Եվ, եթե՝ ոչ, ապա ի՞նչ ենք անում, որպեսզի ձերբազատվենք «գժանոցից», կապիտուլյանտից, այս չարաղետ խարանից: Առավել ևս, երբ ակնհայտ է, որ «դասական» քաղաքական ճնշման միջոցները նման հաստակաշի-պնդաճակատի վրա չեն ազդում և չեն ազդելու: Սա՝ ի գիտություն:

Արմեն Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ