25 11 2020

Ռուսաստանի մասին՝ ամենավատը, Ադրբեջանի մասին՝ ոչինչ. Հակառուս սորոսականները ակտիվանում են

Ռուսաստանի մասին՝ ամենավատը, Ադրբեջանի մասին՝ ոչինչ. Հակառուս սորոսականները ակտիվանում են

Արդեն մի քանի օր է` անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները բողոքի ակցիաներ են անում: Նրանք Պաշտպանության նախարարությունից և կառավարությունից պահանջում են տալ կոնկրետ պատասխաններ և անել հստակ քայլեր: Շատ իրավապաշտպաններ և փորձագետներ նշում են, որ կառավարությունը անգործության է մատնված, ոչինչ չի անում, նրանք մատնանշում են, որ Ադրբեջանը ուղղակի խախտում է եռակողմ համաձայնագիրը, հարցեր են ուղղում հենց Նիկոլ Փաշինյանին:  Բայց, պարզվում է, կան մարդիկ, որոնք համոզված են, որ մեղավորներին այլ տեղ պետք է փնտրել. ոչ, խոսքը նախկինների մասին չէ, պարզվում է, այստեղ ևս մեղավորը Ռուսաստանն է:

Մենք պատերազմի օրերին անդրադարձել ենք այն գործիչներին, որոնք լծված էին հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ տարածելու գործին։ Պատերազմի օրերին, շատերը կհամաձայնեն, այդտեսակ բաներ անելն ու քարոզելը շատ ավելի վտանգավոր էր: Այդ հրապապակումներում, ցույց ենք տվել նաև փաստեր, որ գրեթե բոլոր դեպքերում նրանց հետևում թուրքական իշխանության բարեկամ համարվող Ջորջ Սորոսի և արևմտյան ականջներն են:

Այդ գործիչներից է համարվում նաև իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը, որին, ի դեպ, սորոսական որակումը խիստ զայրացրել էր, չնայած որ տարիներ շարունակ իրականացրել է ծրագրեր հենց Սորոսի ֆինանսավորմամբ:

Պատերազմի ավարտից, կապիտուլյացիոն փաստաթղթից հետո, երբ հազարավոր զոհեր ունենք, վիրավորներ, խեղված ճակատագրեր, կորսված հայրենիք, անհետ կորածներ, տիկին Ալեքսանյանը շարունակում է պնդել, որ մեր բոլոր ողբերգությունների պատճառը Ռուսաստանն է: Ինչպես ասում են, այս գործիչները յոթ երգ գիտեն, յոթն էլ Ռուսաստանի մասին: Տիկին Ժաննայի դեպքում, ինչպես և մնացյալ` այդ ուղղվածության կազմակերպությունների ղեկավարների դեպքում է, մեկ էլ թիրախում մշտապես լինում են Հայկական բանակը, ազգային արժեքները, հերոսները, որոնք «հմտորեն» վարկաբեկվել են տարիներ ի վեր։

Այսպես, նա նախօրեին կայքերից մեկին տված հարցազրույցում ասում է. «Մեզ նսեմացրել են, մեզ կռացրել են, մեր արժանապատվությունը ոտնահարել են և հենց Ռուսաստանը, Թուրքիայի հետ համաձայնության գալով, իրենց հարցերն է լուծել, մենք պետք է պահանջատեր լինենք, մենք պետք է պահանջենք շատ խստությամբ և առանց վարանելու և մտածելու, մենք այդքան զոհեր ենք տվել, միայն իրավական գործընթացներով չի, կառավարությունը պետք է իր մեջքը շտկի և այդ պահանջները ներկայացնի»:

Տիկին Ալեքսանյանը համոզված է, որ ցույցեր, հանրահավաքներ, անգամ հացադուլ անող մարդիկ պետք է դադարեցնեն այդ ամենը և այլ գործ անեն, այս խնդրով զբաղվեն: Իսկ իշխանությունը, պարզվում է, ուղղակի և ընդամենը անկազմակերպ է: Նա համոզված է, որ պետք է ազգովի պահանջենք Ռուսաստանից, որ գերիների հարցը լուծի, միևնույն ժամանակ խնդրելով, որ ռուս խաղաղապահներից որևէ հույս չունի, «նրանք բոլորովին ուրիշ նպատակներով են այստեղ»:

«Ինչ-որ կենտրոն է ստեղծվում, ելույթներ է ունենում Վլադիմիր Պուտինը, որ ցույց տա՝ ինքը ով է, իբր մտահոգ է, ես շատ լավ բան գիտեմ, թե իրենք ոնց են վերաբերում Ռուսաստանում, ինքը մեզնով ինչի պետք է մտահոգվի, մեզանով մեր կառավարությունը պետք է զբաղվի»:

ՌԴ նախագահի ելույթների մասով: Հրադադարի հաստատումից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում վրիժառության կոչեր էր անում, իշխանական ֆրակցիան էլ գետնի տակն էր անցել, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր դիմում ՅՈՒՆԵՍԿՕ և Ադրբեջան՝ հայկական պատկամշակութային ժառանգության հարցերով, իսկ մինչ այդ, զինվորական հերթապահություններ էր կարգադրել տեղակայել մշակութային կոթողների, մասնավորապես՝ Ղազանչեցոց և Դադիվանք եկեղեցիների մոտ՝ կանխելու համար սրբատեղիների պղծումը: Վստահ եմ, տիկին Ժաննան գիտի, որ այդ ամենը արվում է, գիտի որ հենց Պուտինն էր հանձնարարել զբաղվել Արցախում հոսանքի և ջեռուցման հարցերով, հենց նա է 2 մլն եվրո հատկացրել ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում գործունեության համար: Ամոթալի է, որ այդ ամենով չեն զբաղվում մեր՝ Հայաստանի և Արցախի իշխանավորները, այլ զբաղվում են Ռուսաստանից, սակայն, այդ դեպքում պետք է քննադատել ոչ թե նրան, ով դա անում է, չնայած պարտավոր չէր, այլ նրանց, ովքեր համապատասխան պատասխանատվությունն են կրում, բայց չգիտես ինչով են զբաղված։

Հետաքրքրական է նաև, որ նշված հարցազրույցում Ժաննա Ալեքսանյանի կողմից որևէ հիշատակում չկար, թե Ադրբեջանն ինչ վայրագություններ է անում, ինչպես է ծաղրում և ստորացնում արցախցիներին, ինչպես է շարունակում խախտել պայմանավորվածությունները: Քաղաքացիական անձանց նկատմամբ բացահատված սպանության և խոշտանգման դեպքերը ադրբեջանցիների կողմից, տիկին Ժաննայի կողմից չեն դատապարտվում, տեսնես ինչո՞ւ։ Հետաքրքիր է՝ իրավապաշտպանը միջազգային հարթակներ դիմելու և Ադրբեջանին պատասխանատվության կանչելու որևէ անհրաժեշտություն չի՞ տեսնում: Իրավապաշտպանը փաստորեն, միայն ռուսներին և Հայկական բանակին թիրախավորելու՞ մասով է, իսկ Ադրբեջանին արգելվա՞ծ է։  

Ի դեպ, ի գիտութուն տիկին Ալեքսանյանի, նշենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ ինքը այդ համաձայնագրում միջնորդի դեր է կատարել, համաձայանագիրը (այդ թվում նաև Ալեքսանյանի կողմից նշվող «այդ անորոշ 8-րդ կետը») կազմվել է Փաշինյանի և Ալիևի կողմից և դրան ՀՀ վարչապետը չի արձագանքել, ասել է՝ համաձայն է:

Եվ, ինչպես պատերազմի 44 օրերին էինք նշում, որ հակառուսական քարոզը ոչ միայն վնասում է ՀՀ-ին, այլ նաև ջուր է լցնում թշնամու ջրաղացին, այսօր, առավել ևս, երբ փաստացի արցախահայության անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, հակառուսական քարոզ անելը համարվում է պատվեր կատարել և վտանգավոր անհեռատեսություն է, միանշանակ:

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ