Ավելի քան երկու տարի շարունակվող տնտեսական ճգնաժամը հասավ ֆինանսական շուկային՝ վերջին օրերին հայկական դրամը սկսեց սրընթաց արժեզրկվել։ Նորեմբերի 24-ի դրությամբ 1 դոլարի դիմաց 510-520 դրամի միջակայքում է հայտնվել։ Տեղեկացնենք, որ բառացիորեն մի քանի օր առաջ այդ ցուցանիշը գտնվում էր 480-490 դրամ 1 դոլարի դիմաց միջակայքում։ Այսինքն, մի քանի օրվա ընթացքում հայկական դրամը կտրուկ արժեզրկվել է՝ ավելի քան 5 տոկոսով։
Ինչպես հայտնի է, փոխարժեքի վրա ազդում են բազմաթիվ գործոններ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին։ Եթե հաշվի առնենք, որ դոլարի ամրապնդման արտաքին ազդակներ գործնականում չկան, իսկ նոյեմբերի 23-ին դոլարն անգամ թուլացել էր միջազգային շուկայում, ապա հայկական դրամի արժեզրկումը պայմանավորված է բացառապես ներքին գործոններով։ Որո՞նք են այդ գործոնները։
Ավելի քան երկու տարի Հայաստանի կառավարության արկածախնդիր քաղաքականության պատճառով տնտեսական աճի տեմպը շարունակաբար ընկնում էր։ Դա զգում էին բոլոր տնտեսվարողները, բայց իշխանությանը որոշ ժամանակ հաջողվում էր դա թաքցնել կամ ավելի մեղմ ցույց տալ վիճակագրական կոմիտեի թվային աճպարարությունների շնորհիվ։ Կորոնավիրուսի ժամանակ տնտեսական աճի տեմպը փոխարինվեց անկմամբ, չնայած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ կորոնավիրուսը տնտեսական հեղափոխություն իրականացնելու հնարավորություն է և շուտով Հայաստանից արտահանումը հասցնելու ենք 3 մլրդ դոլարի։ Բնականաբար, դա տեղի չունեցավ։
Եվ վերջապես, արցախյան պատերազմը։ Այն բացի ցավալի տարածքային և մարդկային կորուստներից, ահռելի նյութական վնաս պատճառեց մեզ։ Չխոսելով վերջին տարիներին ներդրումային միջավայրի հետևողականորեն քայքայումից, տնտեսվարողների գործունեությանը իշխանության անհարկի միամտություններից, որոնք հաճախ նմանվում էին ռեյդային հարձակումների, փոքր տնտեսվարողների նկատմամբ ՀԴՄ կտրոններով հարկային տեռորից և բազմաթիվ այլ գործոններից։ Բնական է, որ այս ամենը, ի վերջո, անդրադառնալու էր ֆինանսական շուկային, որքան էլ Կենտրոնական բանկը փորձի հավասարակշռող քաղաքականություն վարել։
Պատերազմի ընթացքում մեզ հաջողվեց հետաձգել դրամի արժեզրկումը Կենտրոնական բանկի շուրջ 200 մլն դոլարի միջամտությունների շնորհիվ։ Արտարժութային ներարկումները, անշուշտ, անհրաժեշտ էին պատերազմի ժամանակ խուճապային տրամադրություններից խուսափելու համար։ Սակայն դա միայն ժամանակավոր արդյունք է տալիս։ Եթե տնտեսական կացությունը չբարելավվի, դրամը շարունակվելու է արժեզրկվել։ Կենտրոնական բանկին մնում է միայն ամեն ինչ անել, որպեսզի դա չլինի ցնցումային։ Այդ նպատակով ԿԲ-ն արդեն իսկ հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը»։ Սակայն խնդիրն այլ տեղ է՝ տնտեսական խորացող անկումը և գործող իշխանության անկարողությունն ու ցանկության բացակայությունը իր իսկ մեղքով առաջացած իրավիճակը բարելավելուն։ Նման իշխանությունը օր առաջ պետք է հեռանա, այլընտրանք պարզապես չունենք։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը