23 11 2020

«Նախկինների» ուրվականը՝ ինչո՞ւ է դրանով սարսափեցնում Նիկոլ Փաշինյանը

«Նախկինների» ուրվականը՝ ինչո՞ւ է դրանով սարսափեցնում Նիկոլ Փաշինյանը

Արցախյան պատերազմում Նիկոլ Փաշինյանի պատճառով խայտառակ պարտությունից հետո պետք է հետևեր նրա անհապաղ հրաժարականը։ Սակայն, դա տեղի չունեցավ։ Ավելին, նրա հրաժարականը պահանջողների նկատմամբ սկսվեցին ոստիկանական բռնություններ, իսկ նրա քարոզչամեքենան վերսկսվեց շրջանառել «նախկինների գալու» մասին նավթալինոտ թեզը։ Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքների մասնակիցների դեմ շրջանառում էր «գնայիք կռվեիք» թեզը։ Եվ դա արվում էր վարչապետի պաշտոնում հայտնված դասալիքի և դասալիքների մյուս թիմի կողմից։ Այդ թեմային անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։ Այժմ «նախկինների գալու»  մասին։

1․ Թե ի՞նչ ասել է «նախկիններ», անցած երկուսուկես տարում իշխանությունն այդպես էլ չպարզաբանեց։ Չպարզաբանեց, քանի որ «հպարտ» քաղաքացիները, առանց դրա իմաստը հասկանալու էլ ընկնում էին ցնցումների մեջ։ Պարզաբանումը օրերս տվեց «ներկաների» կողմից ժամանակին ԱԱԾ տնօրեն նշանակված Արթուր Վանեցյանը։ Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանը մարդկանց բաժանել է սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, որպեսզի ասի, որ նրանք վատն են և չպետք է գան իշխանության, իսկ իրենք լավն ենք և պետք է լինեն իշխանություն։ Վերջ՝ ամեն ինչ առավել քան պարզ է։  Հենց այս «կուտն» է հրամցվում մարդկանց նաև հիմա։

2․ Քանի որ չի պարզաբանվում «նախկիններ» ասվածը, ապա չի էլ ասվում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության մեջ բազմաթիվ նախկիններ կան, նրա կողմից ժամանակին քննադատվող և ժողովրդի համար ատելի դարձրած օլիգարխները այժմ նրա սիրելի «խոշոր սեփականատերերն» են և ամեն կերպ աջակցում են նրան։ Նրանք մի վայրկյանում դառնում են «նախկին», երբ սկսում են քննադատել իշխանությանը։ Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը զերծ չի մնում իրեն շրջապատել այդ նույն նախկիններով, և դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն է, որ հենց նախկիններն են պետական կառավարում իրականացնում, այլ ոչ թե իմքայլական խեղկատակ նախարարներն ու պատգամավորները։ Հետևաբար, ոչ թե նախկինների հանդեպ պետք է վախ տածել, այլ ներկաների։

3․ Ի դեպ, «նախկիններից» վախեցնողներին հիշեցնենք, որ նախկինների օրոք ունեինք անպարտ և ազատագրված Արցախ և Հայաստան, 25 տարի զսպվող պատերազմ, միջդիրքային տարածքում տարեկան սակավաթիվ զոհված զինծառայողներ, տնտեսական կայուն վիճակ, իսկ հիմա ունենք 12 հազար քկմ-ից մոտ 3 հազար քկմ մնացած Արցախ, վտանգված Հայաստան, մի քանի հազար զոհվածներ, տասնյակ հազարավոր վիրավորներ և հաշմանդամ դարձածներ, տնտեսական լրջագույն և խորացող ճգնաժամ։ Հիմա արդեն մեր որդիներն ու եղբայրները ոչ թե Ֆիզուլիում կամ Աղդամում են պաշտպանելու Հայաստանն ու Արցախը, այլ անմիջապես մեր սահմաններին՝ Վարդենիսում, Վայքում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Մարտակերտում, Մարտունիում և այլն։ Մեր առաջնագիծը երկարել է մոտ 400 կմ-ով, անմիջականորեն մոտեցել հայկական բնակավայրերին, իսկ այն պահելու համար ավելի մեծ զորք է պահանջվելու։ Եթե այս ամենից մարդիկ չեն մտահոգվում, այլ մտահագվում են ինչ-որ անհայտ «նախկիններից», ապա նրանք առնվազն դադարել են բանական մարդ լինելը և կորցրել մտածելու ունակությունը։

4․Նախկինների ուրվականը համեմում են «թալան» և «կոռուպցիա» բառերի հետ։ Անցած երկուսուկես տարում այդպես էլ չտեսանք ոչ թալանված, ոչ էլ կոռուպցիայից հետ բերված գումարները։ Փոխարենը տեսանք հարյուր միլիոնավոր դոլարների պարգևավճարներ, որոնք մեր գրպաններից տանում էր իմքայլական իշխանությունը, տեսանք պետական բյուջեն չմտած միլիարդավոր դրամներ մաքսանենգ երկաթ և ծխախոտ արտահանելու, ադամանդ ներմուծելու հետևանքով։ Այդ գումարները մտան Նիկոլ Փաշինյանի իշխանության գրպանները, քանի որ դեպքերից որևէ մեկի փաստով չհարուցվեց քրեական գործ և փորձ չարվեց պարզել, թե ինչպե՞ս է դա տեղի ունեցել։ Եթե ոմանց կարող է թվալ, թե երկրի առաջին դեմքը կարող է տեղյակ չլինել ինքնաթիռներով մաքսանենք ապրանք ներմուծելուց կամ արտանելուց, ապա թող փորձի ընդամենը մեկ արկղ մաքսանենգ ապրանք ներմուծել։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չպայքարեց կոռուպցիայի դեմ, այլ մեծացրեց դրա ծավալները և ինքը դարձավ Հայաստանի ամենակառումպացված իշխանության ղեկավարը։

5․ Ի դեպ, եթե «նախկիններ» ասելով նկատի ունեն ՀՀԿ-ին, ապա նրա ներկայացուցիչներից մեկը՝ Էդուարդ Շարմազանովը, իր և իր ընկերների անունից հանրահավաքներից մեկում խոստացավ չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Այլ հարց է, թե որքանո՞վ է ճիշտ տուրք տալ նման ճնշմանը և նման հայտարարություն անել։ Ի վերջո, արտահերթ ընտրություններում ընտրողը կորոշի ում կընտրի և ում՝ ոչ։

6․ Եվ վերջապես, երբ ներկա պահին Հայաստանի բուն գոյությունն է վտանգված, վախենալ «նախկինների» վերադարձից կարող են միայն անեմղսունակները, որոնք չեն հասկանում, որ վաղը Հայաստան կարող է ուղղակի չլինել։ Չէ՞ որ երկու ամիս առաջ նրանք չէին հավատում, որ Արցախի հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ այս իշխանության օրոք։ Հետևաբար, որպեսզի դա տեղի չունենա Հայաստանի հետ, պետք է իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ձևավորել ժամանակավոր կառավարություն, իսկ մի քանի ամիս հետո, առանց նրա ահաբեկող արտահայտությունների, հանգիստ ընտրություն կատարել։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ