22 11 2020

Նորեր ու նախկիննե՞ր, թե՞ կարողներ ու անկարողներ

Նորեր ու նախկիննե՞ր, թե՞ կարողներ ու անկարողներ

Արդեն երկուսուկես տարի իրեն Նոր անվանած իշխանությունը քանդում ու ավերում է ինչ ունենք, ինչ կառուցվել է մեր երկրում տասնամյակների ընթացքում։ Քանդում է ինչ հնարավոր է, իսկ երբ բողոք, դժգոհություն է ի հայտ գալիս, հանրությանը վախեցնում է «եթե մեզ դեմ եք, ուրեմն կգան նախկինները», արհեստական թեզով։ Այս երկու տարուց ավելի է, ինչ նախկինների մասին առասպելներ են հյուսում, հանրությանը պարզապես կտեր են տալիս, թե՝ նրանք բոբո էին,  նախկիններին վերադարձ չկա և այլն։ Հանրության մի հատվածն էլ ուտում է այդ կտերը ու կրկնում նույն ցնդաբանությունը։ Այդ կտերն ուտում են նաև շատ քաղաքական գործիչներ՝ ակամա կամ էլ նրա համար, որովհետև իրենց էլ է ձեռք տալիս։

Փաստ է՝

Նախկին իշխանությունները 2018 թվականին հանձնել են երկիր, որը տնտեսական երկնիշ աճի էր մոտենում, տվել են երկիր ազատագրված Արցախով, 1991-2016 թվականներին չենք զիջել որևէ թիզ հող։ 2016 թվականին եղել է Ապրիլյան պատերազմ, որի արդյունքում չորս օրում հնարավոր է եղել դադարեցնել, թշնամուն թողել 400 հեկտար, բայց պահել 12 հազար քառակուսի կիլոմետր։ Դա հաղթանակ էր, քանի որ աշխարհը Ադրբեջանին ճանաչեց ագրեսոր և հրադադարի հետագա խախտումները դադարեցնելու մեխանիզմների մասին բանաձև ընդունեց, որը շատ ավելի լուրջ հնարավորություն էր տալու վերահսկել խախտումները և միջոցներ ձեռնարկել պատերազմից խուսափելու համար։ Տասնյակ տարիներ ապրել ենք սահմանին ոչ մի կրակոցով։ Հայր ու որդի Ալիևները ի՞նչ վախով էին բանակցությունների գնում Ռոբերտ Քոչարյանի հետ, իսկ հիմա ինչպե՞ս է ձեռք առնում Հայաստանի վարչապետին Ալիևը։ Խոսեք գործարարի հետ, որը աշխատել է թե՛ երկրորդ նախագահի ժամանակ, թե՛ դրանից առաջ ու հետո, մանավանդ՝ հիմա ու հարցրեք իր կարծիքը տնտեսական ազատությունների մասին։ Կոմունիկացիաներն են զարգացել, աշխարհի հետ կապ է ստեղծվել ու զարգացել, ներսում ենթակառուցվածքներ են զարգացել, աղետի գոտի է կառուցվել, երկրում ներգաղթ է եղել, երկնիշ տնտեսական աճ ենք ունեցել, ամեն օր նոր մի ձեռնարկություն ու արդադրություն էր բացվում, արտաքին պարտքը իջել-հասել էր պատմական մինիմումին։

Հիմա մենք ո՞ր անցյալից ենք խուսափում, ո՞րն ենք ընդունում, այս պարտված ու ամեն ինչ վարի տված ներկա՞ն։ Անցյալից ի՞նչն եք մերժել ու ինչն եք պահել։ Եկել է մեծամիտ, ինքնահավան, բայց իրենցից ոչինչ չներկայացնող խմբակ, արևմուտքի ու Սորոսի ագենտներ, քանդում են երկիրը, ինչ հնարավոր է։ Տնտեսությունը ձախողել են, խաղաղ ու շեն երկիրը քանդել են, 10 հազար քառակուսի կիլոմետր հանձնել են Ադրբեջանցիներին, ենթակառուցվածքների հերն անիծել են, լավ օրվա ու ապագայի մասին անգամ չենք խոսում, դրանց երեսից։ Սերունդներին պարտքի տակ են գցել, որ պարգևավճար տան, մեկ էլ փիարվեն։ Նրանք՝ այդ «նորերը», Սորոսի հոգեզավակները, քանդելու հետ միաժամանակ մահ են բերել երկրին, հազարներով մահացան ու շարունակում են մահանալ կորոնավիրուսից, որովհետև ոչ մի բան չարեցին գոնե դա կանգնեցնելու համար: Հայտարարում էին, թե՝ հաղթու՛մ ենք, պարզվեց՝ անգամ դա էին ստորաբար ստում, իսկ արդյունքում հազարները մահացան ու հաշմանդամություն ձեռք բերեցին պատերազմի՝ խայտառակ պարտված պատերազմի արդյունքում։ Այդ նորը պետբյուջեի միջոցները մսխում է ինչպես կարող է, անգամ համահայկական հանգանակությունն է մսխում, թաքուն ու գաղտնի, որ ոչ ոք չիմանա։

Ցինիկ ու դիլետանտ պաշտոնյաներ, մահեր, արյուն, տնտեսության փլուզում, արտաքին մեծ սպառնալիք, հայրենիքի կորուստ, ահա սա՛ են նորեր կոչվածները։ Հինը մերժեցինք, ու բերեցինք սա։ Լա՞վ էր։ Կարո՞ղ եք մի օրինակ բերել, մեկ դեպք, մեկ համեմատություն, որը ի վնաս անցյալի է։ Անգամ հիմիկվա մականունավոր և ոչ միայն գործիչները հիմա ավելի վատն են, արյունարբու, հանրությանը ահաբեկող, քան հին մականունավորները, որոնք, հանուն արդարության ասենք, որ սահուն անցում կատարեցին նորերի շարքերը։

Մենք այժմ ապրում ենք նախկինին այլընտրանքի մեջ, որը դժվար թե դժոխքից հնարավոր լինի տարբերակել։

Մարդիկ հենց այդ անցյալի ստեղծածն են քանդում, քանդում արդեն երկու տարի ու դեռ չեն հասցրել հիմնահատակ քանդել, դեռ երկիրը գոյատևում է ու դա հենց նախկինների շնորհքն է։

Ժողովուրդ, որ սարսափում եք նախկիններից, մի հատ համեմատեք ձեր ու մեր երկրի վիճակը նախկինում ու հիմա։ Սա չէ՞ր ձեր ընտրությունը, թուրքի ագենտները չե՞ն, Շուշին առանց կռվի հանձնողները չե՞ն։

Տրամաբանությունը հուշում է, որ հենց նախկինին վերադարձ մենք պետք է պահանջենք։ Նախկինում էլ ասել եմ, հիմա է՛լ ավելի է արդիական է՝ պետք է թողնել նախկին ու ներկայի բաժանումը, խնդիրը սխալ է ձևակերպվում: Պետք է նայել այսպես. ո՞վ կարող է, ո՞վ ոչ: Ո՞վ կարող է կառավարել, բանակցություն վարել, ներդրում բերել, ռուսի հետ խոսել, Ալիևի առաջ չկզել, երկիրը ճգնաժամից հանել և այլն և այլն: Այսօրվանները ոչ միայն հանցագործություն են արել, անգամ մեծ ցանկության դեպքում, չեն էլ կարող որևէ բան ուղղել, մեղմացնել, հարցեր լուծել՝ դա փաստ է: Սա է ճշմարիտ մոտեցումը, միակ ճիշտ մոտեցումը: Հետագայում նույնպես, եթե չենք ուզում ամեն 5 տարին մեկ մի ծաղրածուի վստահել մեր ու մեր երեխաների ապագան, պետք է ընտրել ոչ թե ում եմ սիրում, ում՝ ոչ, այլ՝ ո՛վ կարող է, իսկ ով՝ ոչ, այդ բանաձևով: Այլապես մենք, որպես անկախ պետություն ու ժողովուրդ, շանս չունենք: Գոնե հիմա մեր փորձից դասեր քաղենք, գոնե հիմա:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ