Նիկոլ Փաշինյանն իր թաքստոցային ուղերձի ընթացքում անդրադարձավ իր իսկ խոսքում նախ՝ «ոչ շահեկան», իսկ վերջնամասում «շատ վատ» բնորոշած Հայաստանի և Արցախի անվերապահ կապիտուլյացիայի ակտը ստորագրելու հարցին: Ավելի ճիշտ, անդրադարձավ այն մեղադրանքներին, թե՝ ինչո՞ւ ինքն ստորագրեց այդ՝ ազգային խայտառակության և երկրակործան թուղթը, ի վերջո, կարող էր չստորագրել, հրաժարական տալ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե չստորագրելը դասալքություն կլիներ դեռևս դիրքերում կանգնած զինվորների, զորքի կռվողների հանդեպ: Մի խոսքով, իր ընկալմամբ կամ, ավելի տեղին է ասել՝ քարոզչական նպատակներով հրամցրած ձևակերպմամբ՝ չստորագրելը դասալքություն կլիներ:
Իսկ, ի՞նչ է, Արցախի ու Հայաստանի Հանրապետության հանդեպ դասալքությո՞ւն չէր և դասալքությո՞ւն չէ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի վարած խառնիճաղանջ «արտաքին քաղաքականությունը», որի հետևանքով Հայաստանը գործնականում զրկվեց դաշնակից և բարեկամական երկրների հնարավոր աջակցությունից: Խոսքն, առաջին հերթին, Ռուսաստանի և Իրանի մասին է: Հետևանքներն ակնհայտ են ու սարսափելի:
Դասալքությո՞ւն չէր և դասալքությո՞ւն չէ իր կառավարման այս երկուսուկես տարվա ընթացքում Արցախի հիմնախնդրի բանակցային գործընթաց ասվածը փակուղի մտցնելը, հակասական, անհամատեղելի հայտարարություններով հանդես գալը, «վերելակային պայմանավորվածությամբ», իր իսկ բնորոշմամբ՝ «կիրթ և կառուցողական» Ալիևի հետ ինչ-որ բաներ քննարկելով՝ ՄԽ համանախագահության ձևաչափով ամրագրված պայմանավորվածությունները գործնականում «ջրելը»: Դեռ չենք խոսում իր՝ անվանապես նախկին խորհրդական Խառատյանի և ադրբեջանական ինչ-ինչ ներկայացուցիչների հետ հանդիպումների մասին տեղեկությունները, որոնք կիսատ-պռատ իբրև թե հերքվեցին, բայց ո՞վ հավատաց այդ հերքումներին:
Իսկ դասալքությո՞ւն չէր շարունակ այն անհեթեթությունը կրկնելը, թե այնպիսի լուծում պիտի լինի, որ բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին, Ադրբեջանի ժողովրդին:
Տեսնում ենք, թե ինչ լուծում եղավ: Կապիտուլյացիայի ակտ, որը լիովին բավարարում է թշնամուն: Թերևս այն տարբերությամբ, որ Սևանա լիճն ու Երևանը առայժմ «մեծահոգաբար» թողնվել են դեռևս գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությանը:
Դասալքությո՞ւն չէր և դասալքությո՞ւն չէ, որ իր կառավարման երկուսուկես տարվա ընթացքում ամեն տեսակ ապազգային, մեր ավանդական ընտանեկան, կրոնական, ազգային ընկալումների դեմ հանդես եկող, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մերժող ուժերի և շրջանակներ, այսպես ասած՝ «սորոսականները», փաշինյանական կառավարման երկուսուկես տարվա ընթացքում, որպես «թավիշի» շահառուներ, ներգրավվեցին Հայաստանի կառավարական համակարգ, խորհրդարան, լիարժեք հնարավորություն ստացան՝ ազդել ընդունվող որոշումների ու դրանց բովանդակության վրա
Ինչի՞ մասին ենք խոսում, առհասարակ:
Մի՞թե կապիտուլյացիան ստորագրելուց հրաժարվելը դասալքություն կարող է համարվել։
Այո, ցանկացած անհատ, գործիչ միշտ էլ ունի ընտրության հնարավորություն: Յուրաքանչյուրն ունի ընտրության հնարավորություն, եթե անգամ այդ ընտրությունը պատվով մեռնելու և անպատվությամբ ապրելու միջև է: Հիմա ուզում ես անունը դիր «դասալքություն կլիներ», այս, այն, փաստն անհերքելի է՝ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան խարխլեց ամեն ինչ, որ Հայաստանն ու Արցախը ծնկի բերեց թուրքի առաջ, ապա գրչի մեկ շարժումով նվիրեց թշնամուն անգամ այն տարածքները, որոնք ստորագրման պահին պաշտպանված էին և հնարավոր էր պաշտպանել:
Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը հանրությանն ուզում է թաքստոցային լայվերով համոզել, թե իր ստորագրած խայտառակագիրը, իբր ենթադրում է, որ Հայաստանն էլ երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ՝ Նախիջևանի կողմով:
Արցախի ու Հայաստանի մասին իր ստորագրած այդ թղթի մեջ ոչ մի նման կետ կոնկրետ չկա նշված: Կա ինչ-որ մի ընդհանուր ֆրազ՝ տարածաշրջանում կոմունիկացիաները բացելու մասին: Բայց դա ընդամենը ընդհանուր ֆրազ է, ու վերջ: Իսկ այ, Հայաստանի տարածքի մի մասի՝ Մեղրիի վրայով Նախիջևանն Ադրբեջանին կապող ճանապարհ բացելու մասին շատ կոնկրետ է գրված:
Փաշինյանը հայտարարեց, թե իր ստորագրած «շատ վատ փաստաթղթով» թողնված Լաչինի 5 կմ լայնությամբ միջանցքով ճանապարհը Շուշիով է անցնելու: Չգիտեմ, միգուցե Փաշինյանի հետ ռուսերեն պարապող մասնագետը կողքին չի եղել և նա այդ պահին չի՞ հասկացել իր ստորագրած փաստաթղթի 6-րդ կետի բովանդակության ահա այս արտահայտության իմաստը. «Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остаётся под контролем миротворческого контингента Российской Федерации.»:
Պարզ, առավել քան սևով անիծյալ սպիտակի վրա գրված է, որ այդ ճանապարհը չի շոշափելու (նույնն է, թե չի՛ անցնելու) Շուշին:
Լավ, ենթադրենք, ստորագրելու պահին այդ արտահայտության իմաստը չի հասկացել, բայց մի քանի օր անց ինչո՞ւ է սովորության համաձայն, ակնհայտ սուտ ասում: Ո՞րն է հաշվարկը, ո՞ւմ վրա է հաշվարկը: Արցախցիներին Երևանում սպանելու, Հայաստանից վտարելու թրքաբարո կոչեր անող և իր կողմնակիցը ներկայացողների՞ վրա:
Հայրենիքը, վերջին 30-32 տարվա համահայկական պայքարի արդյունքները առավել քան զրոյացնելուց հետո, ամբողջ ազգին խայտառակ ու անպատիվ անելուց հետո, Հայաստանի հետագա գոյությունը շատ մեծ հարցականի ու սպառնալիքի տակ դնելուց հետո, այս չարաղետ անձը, որ որոշել է կառչած մնալ իր անիմաստ պաշտոնին, դեռ ինչ-որ «հեքիաթներ» է համարձակվում պատմել՝ ասելով, թե դեռ վերջնական համաձայնություն կամ կարգավորման փաստաթուղթ կնքված չէ: Եվ ո՞վ է այդ «կարգավորման» բանակցություններում Հայաստանը ներկայացնելու: Պարտված, Արցախը կորցրած ու Հայաստանը կրախի առաջ կանգնեցրած Նիկոլ Փաշինյա՞նը: Նա, ով խայտառակությունը ստորագրելիս խնդրել էր գոնե դա «օն-լայն» չանել և, որպես ողորմություն՝ ստացել էր նման թույլտվություն մյուս ստորագրողներից, հիմա նրանց հետ դեմ առ դեմ նստելու է ու ինչ-որ բա՞ն բանակցի: Երևի իրեն քի՞չ էր, որ Ալիևը ուղիղ եթերում գռեհկաբար ձեռք առավ իրեն, ուզում է մի հատ էլ դեմ առ դե՞մ նույնը ստանա:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը