Ստի լեզուն որքան էլ երկար լինի, միևնույն է՝ ոտքը կարճ է: Կան ստեր, որ շարունակաբար տարփողվելով, վերածվում են կայուն կաղապարի և ամրակուռ նստում, հատկապես ի ծնե «պողոսների» ծուռհայելային ընկալումներում: Բայց դա դեռ մի կողմ:
Կան ամենևին էլ ոչ «պողոսային» կերպարանքներ, որոնց թվում է, թե թիթեռնակյանք հիշողություն ունեն կամ ընդհանրապես հիշողությունից զուրկ են ոչ միայն իրենց ասածներն ականջ դնողները, այլև առհասարակ ու անխտիր բոլորը:
Նմաններից մեկը մեր իրականության մեջ «սորոսականության» բնութագրական ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն է: Օրերս, ինչպես հայտնի է, նա Ռուսաստանի և ռուս ժողովրդի հանդեպ մի սեր խոստովանել է, որ խոստովանեց: Ու մի «կռուտիտ» էլ էր բանաձևել, թե՝ «Պուտինին չեմ սիրել, բայց դա չի նշանակում, որ ռուսներին չեմ սիրում...»:
Պուտինը, կարծում ենք, մի կերպ կդիմանա այն հանգամանքին, որ աշխարհահռչակ Իոաննիսյանն իրեն չի սիրում ու դժվար էլ սիրի: Բայց, կներեք, չընկնենք սույն հայտնի սորոսականի պրիմիտիվ ծուղակը: Հարցը ամենևին էլ որևէ այլ երկրի որևէ ղեկավարի սիրել-չսիրելը չէ, այս կամ այն ժողովրդի կամ մշակույթի հանդեպ որոշակի դրական կամ բացասական վերաբերմունք ունենալ-չունենալը չէ:
Հարցն այն է, որ տարիներ, եթե ոչ մեկուկես տասնամյակ շարունակ, կոնկրետ Սորոսից ֆինանսավորվող և Հայաստանում ծավալված մի շարք «հասարակական կազմակերպություններ» և անձինք, նրանք, որոնց արդեն հավաքական տարբերակով «սորոսական» ենք անվանում, ահա հենց նրանք հետևողականորեն իրականացրել են հայ-ռուսական հարաբերությունների վատացմանը, եթե ոչ խզմանը նպատակաուղղված քարոզչական գործունեություն: Այդ նպատակին ծառայեցվել են ինչպես տեղեկատվական ռեսուրսներ, այնպես էլ իրականացվել են ամենատարբեր հրապարակային ակցիաներ, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանատան դեմ ատելության և անհանդուրժողականության ցուցադրություններ, հանդես են եկել ասուլիսներով ու հայտարարություններով, օր ու մեջ հակառուսական գրառումներ են անում իրենց ֆեյսբուքյան էջերին, երբեմն նաև ջնջում և այլն, և այլն:
Դանիել Իոաննիսյանն, օրինակ, ամենավերջին ակտիվիստը չի եղել այդ ցանկում: Եվ նրա այս վերջին «ռուսասիրական» հայտնությունից հետո արագորեն համացանցում հայտնվեց ընդամենը երկամյա վաղեմության նրա մի ելույթ ԱՄՆ-ում, որտեղ նա խոսում է Հայաստանն Ռուսաստանից անկախացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու և նման բաների մասին: Պուտինին չսիրելու վերաբերյալ ոչինչ չկար:
Ի դեպ, գաղտնիք չէ, որ թուրքական գլխավոր շտաբի մշակած հակահայկական գաղտնի ծրագրերից մեկով («Ալթայ» ծրագիր) հատուկ շեշտադրում էր արված հայ-ռուսական հարաբերությունների դեմ ելույթների, նման գործընթացների խրախուսման վրա:
Գաղտնիք չէ նաև, որ Ջորջ Սորոսը «մեծ սեր» է տածում առ Թուրքիա և Էրդողանի ռեժիմը, ամենայն հավանականությամբ՝ ոչ անվճար (ինչպես միշտ):
Ու այդ կոնտեքստում ամենևին էլ զարմանալի չէ, որ «սորոսականները» տարիներ շարունակ հանդես են եկել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանում Ռուսաստանի ռազմակայան լինելու դեմ և այդպես շարունակ:
Հիմա, իհարկե, Դանիել Իոաննիսյանը կարող է օրվա մեջ նույնիսկ երեք անգամ «սեր խոստովանել» առ ռուսներն ու Ռուսաստանը, բայց դա ոչինչ չի փոխում: Նույն հաջողությամբ, Իոաննիսյանը կարող է «Սորոսի կենսագրականի» վրա երդվել, որ սպարապետ Վազգեն Սարգսյանին երբեք չի անվանել «ռազմական հանցագործ»...
Նույն հաջողությամբ, օրինակ, մեկ այլ ոչ անհայտ սորոսական իրավապաշտպան՝ Սաքունցը, կարող է հայտարարել, որ ոչ շատ հեռավոր 2012 թվականին «ադրբեջանական ֆիլմերի փառատոն» չի նախաձեռնել կամ դրան առնչություն չի ունեցել: Չնայած, արձանագրված դեպք է, որ նրան «համոզել» են չեղարկել այդ «միջոցառումը», «համոզողներն» էլ մի 200 հոգի են եղել, հավկիթներով ու լոլիկներով: Հա, ի դեպ, այդ պատմությունը հետագայում «Հյումըն րայթս ուոչ»-ի կողմից օգտագործվել է Հայաստանի իշխանությունների դեմ: Արսեն Խառատյանը կարող է երդվել Պուտինի անունով։
Նույն հաջողությամբ, նույն շրջանակները, այսինքն՝ բոլոր այս «սորոսականները» կարող են հիմա ասել, թե իրենք երբեք, երբեք ու երբեք Հայ Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ վարկաբեկման ու պիտակավորման թիրախային քարոզչություն չեն իրականացրել, երբեք, երբեք ու երբեք Հայոց բանակի և մեր Զինուժի սպայակազմի դեմ նույնպիսի «թունոտ» ելույթներ չեն ունեցել:
Չգիտեմ, այս պատերազմի ընթացքում ինչ ասես, որ չտեսանք և դեռ ինչեր ենք միգուցե տեսնելու: Ի՞նչ իմանաս, միգուցե վաղը-մյուս օրը կաթողիկոսի աջը համբուրող «սորոսակա՞ն» էլ տեսնենք:
Պարոնայք սորոսաքարոզիչներ, ոչ միայն ոչինչ չի մոռացվել, այլև մի՛ կասկածեք, որ շատ բաներ դեռ հիշեցվելու են:
Ռուս երգիծաբան Զադորնովի սրամիտ դիտարկումներից մեկով կցանկանայի ավարտել այս անդրադարձը: «Չեմ հասկանում,- նշում էր Զադորնովը, - նրանց, ովքեր ատում են հրեաներին, անվանում են հակասեմիտ: Նրանց, ովքեր ատում են սևամորթներին, այո, անվանում են՝ ռասիստ: Չեմ հասկանում, իսկ նրանց, ովքեր ատում են Ռուսաստանը, ինչո՞ւ են անվանում՝ «իրավապաշտպան»»:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը