ԱԺ պատգամավոր, հայտնի հակառուս Արման Բաբաջանյանը նոյեմբերի 3-ին հարցազրույցում հայտարարում է․ «․․․Կարծում եմ, Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների կողմից կոնսենսուսով ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը ձեռնպահ կմնա դիմելու ՀԱՊԿ-ին, փոխարենը ՌԴ-ն ամբողջությամբ ստանձնում է պաշտպանության և աջակցության համալիր հարցերը, որոնք կարող են անհրաժեշտ լինել Հայաստանին»։
Հայաստանը բազմիցս պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ կդիմի ՀԱՊԿ-ին, երբ ագրեսիա լինի մեր սահմանների վրա և երբ դրա անհրաժեշտոությունը տեսնի։ Հատկապես պատերազմական այս օրերին, երբ թշնամին հարձակում է գործում նաև Հայաստանի սահմանամերձ համայնքների վրա, կարծես հանրային պահանջ է դարձել ՀԱՊԿ-ին դիմելը, բայց մինչ այս իշխանությունը չի դիմել այդ քայլին։ Հիմա պատգամավորը գրեթե բացահայտում է անում՝ քանի որ այդ դաշինքի անդամ երկու պետություն վատ են տրամադրված Հայաստանին (Ղազախստան ու Բելառուս), ՀԱՊԿ-ն չի մասնակցի Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ուստի չդիմելու պայմանավորվածություն կա։
Հիմա հարց՝ որտեղի՞ց պատգամավորին նման ինֆորմացիա։ Որտեղի՞ց Արման Բաբաջանյանը գիտի, թե ինչ են խոսել վարչապետը կամ արտգործնախարարը ՀԱՊԿ-ի գործընկերների հետ։
Մենք՝ լրատվամիջոցներս և հանրությունը, տեղյակ չենք, որ վարչապետի կամ արտգործնախարարի հանդիպում է եղել պատգամավորների հետ, այդ դեպքում որտեղի՞ց «անկախ» պատգամավորին նման ինֆորմացիա։
Լավ, ասենք թե ունի տեղեկատվություն այսպես ասած՝ ներսից, արդյո՞ք նրան այդ լիազորությունն էլ է տրվել՝ խոսել դրա մասին։ Եթե այո՛, հարց է առաջանում՝ իսկ ինչու՞ դրա մասին չխոսեն պաշտոնապես լիազորվածները, այլ ոչ թե պատգամավոր, եթե ո՛չ, որն ամենից հավանականն է, ինչու՞ դրանով չի զբաղվում ԱԱԾ-ն, ռազմական դրության ժամանակ պետական գաղտնիքի ապօրինի արտահոսքի, այլ անձի հասանելի դարձնելու և տարածելու պատճառով։
Գուցե խոսքը ենթադրությո՞ւն է, որովհետև պատգամավորն ասել է նաև «կարծում եմ» բառը։ Բայց պատգամավորի այս ենթադրությունը բարձրաձայնելը արդյո՞ք վնաս չէ Հայաստանին և Արցախին, որևէ մի կառույց զբաղվո՞ւմ է, օրինակ, այդ տեսակ գործիչներով։ Այս դեպքում առավել հետաքրքրական է, Բաբաջանյանի մշտապես արևմտամետ և հակառուս լինելու պարագան։ Պարզ է, չէ՞, եթե նման ենթադրություն անի օրինակ, ինչոր մի փորձագետ, մի բան է, մեկ այլ բան է, երբ այդ ենթադրությունն անում է իշխանությանը մոտ, ֆորմալ անկախ պատգամավորը, որը դրա հետ մեկտեղ հայտնի է որպես հակառուս։ Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի մեր դիվանագետների և քաղաքական ղեկավարության մոտ, ռուս գործընկերների հետ հարաբերություններում, բացասական իմաստով։
Ցավոք, նմանատիպ խնդիրները եզակի չեն, և խոսքը միայն Արման Բաբաջանյանի մասին չէ, այլ՝ ընդհանուր իրավիճակի։
Խնդրեմ, պատերազմի օրերին ԱՄՆ մեկնած վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը․ մյուս հայտնի հակառուսը, որն այս օրերին Ամերիկաներից Ռուսաստանի դեմ ստատուսներ է գրում-ջնջում։ Նոր ստատուս է գրել «Դիվանագիտական ճակատի մեր հերոսների մասին։ Էս պատերազմի ավարտից հետո մեր դիվանագետների աշխատանքը լրջագույն գնահատանքի պիտի արժանացնի պետությունը: Էն հսկայական անտեսանելի գործը, որն առանց շունչ քաշելու արվում ա տարբեր մայրաքաղաքներում իրապես անգնահատելի ա ու դրա մասին հուսամ հանրությունը պատշաճ կտեղեկացվի ապագայում: Փառք ու պատիվ ձեզ, դիվանագիտական բանակ ջան...»։
Արսեն Խառատյանը պաշտոն չունի, ապրում է դրսում, նրա կազմակերպությունը գործունեություն է իրականացնում Վրաստանում, ֆինանսավորվում է Սորոսի հիմնադրամի կողմից, նա, ըստ ամենի, դիվանագիտական փակ աշխատանքների մասին ինֆորմացիա կարող էր ունենալ այնքան, որքան ունի ԱՄՆ-ում բնակվող Վահան ձյաձյան։ Հիմա որտեղի՞ց Խառատյան Արսեն անունով արտագաղթած կերպարին նմանատիպ ինֆորմացիա, ի՞նչ է նրան պետությունը թաքուն դիվանագիտական բանակցային լիազորությա՞մբ է օժտել։ Եթե ոչ, ապա ովքե՞ր են նրան զեկուցում գաղտնի, անտեսանելի բանակցությունների և այլնի մասին։
Այս հարցերը պարտադիր պետք է քննվեն, լուծումներ տրվեն։ Պետք է պարզել, այդ ի՞նչ տեղեկություններ են, որ ստանում են այդ իրավասությունը չունեցող մարդիկ, ո՞վ է նրանց տեղեկացնում, ի՞նչ նպատակով, ի՞նչ նպատակով են նրանք այդ ամենի մասին բարձրաձայնում։ Վաղը, հնարավոր է, այնպիսի տեղեկություններ ասեն, որը կարող է թշնամուն առավելություն տալ ռազմական կամ դիվանագիտական ֆրոնտներում։ Սա պետք է կանխել։
Եթե այդ ամենը սուտ է և երևակայության արդյունք, դա նույնպես պետք է կանխել, կարծում եմ։ Այդ տեսակ բաները, կրկնում եմ, այն էլ այս օրերին, կարող են խնդիրներ առաջացնել, այն գործիչների մոտ, որոնք իրոք լիազորված են դրանցով զբաղվելու և զբաղվում են։
Վարչապետի ու ԱԳ նախարարի խոսնակների արձագանքներից հետո կտեղեկացնենք ընթերցողին, թե ինչո՞ւ նման ակտիվություն ունեն մերձիշխանական գործիչները, պետական թաքուն ինֆորմացիաները հանրայնացնելու մասով։
Ահարոն Համբարձումյան
Հ․Գ․ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մեր զանգերին չի պատասխանում։ Գիտե՞ք երբվանից․ երբ մեր հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ նախագահին ուղղված ՀՀ վարչապետի նամակն ուղարկվել ԱԳՆ խողովակով, պատասխանել էր․ «Տենց է ճիշտ համարվել», ու մենք դա դրել էինք վերնագիր։ Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ դա է եղել պատճառը։ Եթե այդպես է, դա ևս վատ է, այս նեղացկոտությամբ մենք շատ առաջ չենք գնա, բոլորս պատասխանատու կատարում ենք մեր գործը, ուշադիր ենք, նկատում ենք բաներ, որը իշխանությունը, հնարավոր է, չի տեսնում, մենք տեղեկացնում ենք, մատնանշում վտանգները, հարցեր տալիս և հրապարակում՝ հանրության մոտ ավելիի մասին ենթադրությունները զսպելու համար։ Այդ ամենը արվում է միմիայն մի նպատակով, որ հնարավորինս օգնենք մեր պետությանը՝ դիմագրավելու թշնամուն այս ռազմական և դիվանագիտական պատերազմի մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը