14 10 2020

Ի՞նչ մոդելով պետք է զարգանա Հայկական երկու հանրապետությունների տնտեսությունը

Ի՞նչ մոդելով պետք է զարգանա Հայկական երկու հանրապետությունների տնտեսությունը

Թշնամիների երկար նախապատրաստած և 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը ևս հաղթելու ենք ռազմի դաշտում:

Այս պատերազմները և դրանց իրական հավանականությունը առաջ են բերում նաև նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց ևս պարտադրված ենք դիմակայել հիմա և երկարաժամկետում: Սա առավել իրական է դարձել վերջին 3-4 տարիներին՝ մեր թշնամի հարևանների կողմից սանձազերծված պատերազմների հետևանքով:

Փաստ է՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պարագայում զիջումների գնով, հեշտ և պարզունակ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհ չկա:

Հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի հիմքը պետք է հանդիսանա Հայ մարդու հավաքական անվտանգությունը: Այս հիմնադրույթը պետք է ունենա ոչ միայն իրավական և քաղաքական ամրագրումներ, այլ նաև պետք է դառնա երկարաժամկետ ռազմավարություն: Եվ պետք է շարունակաբար կյանքի կոչվի օրվա իշխանությունների կողմից հետևողական քայլերով՝ ծրագրային չափելի թիրախներով ու համարժեք արդյունքներով:

Մասնավորապես, պետությունն իր ինստիտուտներով և ողջ ներուժով պետք է դառնա այս մոդելի շարժիչ ուժը, իսկ գործող ցանկացած իշխանություն պետք է կրի իրեն տրված ժամանակահատվածի համար նախանշված արդյունքների ապահովման ողջ պատասխանատվությունը: Սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող չափելի խոստումները և դրանց համար լիարժեք պատասխանատվության ստանձնումը պետք է դառնան քաղաքական մշակույթի անբաժանելի բնութագիրը:

Այս պարագայում, որպես տնտեսության կենսունակության բարձրացման և պատերազմական իրավիճակներում կայուն դիմակայումն ապահովելու կարևոր սկզբունքներ՝ պետք է որդեգրվեն.

  • տնտեսական ներքին ռեսուրսների առավելագույն ներառումը և դրան համարժեք՝ երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործումը,
  • սոցիալական ներառականության հետևողական ընդլայնումը,
  • «շատից շատ, քչից քիչ» սկզբունքով եկամուտների արդար բաշխումը և հանրային լիարժեք համերաշխության ապահովումը,
  • Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացմանը աշխարհասփյուռ հայության, բարեկամ բազմաթիվ երկրների փոխշահավետ մասնակցության համար առաջնային հնարավորությունների ապահովումը:

Սա զարգացման երկարաժամկետ բանաձև է, որի գործադրման հետևողականությունը ենթակա չէ փոփոխման, քանի դեռ պահպանվում են աշխարհաքաղաքական այս իրական մարտահրավերները: 

Այս բանաձևը հնարավոր է կյանքի կոչել միայն իրապես սոցիալական պետություն կառուցելու ճանապարհով: Ի դեպ, բազմաթիվ երկրներում այն արդեն վաղուց առկա, հաջողված այլընտրանք է չկարգավորվող ազատական տնտեսվարմանը և պետական սոցիալիզմին:

Այս ճանապարհը բացառում է տնտեսության ինքնանպատակ, բացառապես շուկայական սկզբունքներով՝ նեոլիբերալ մոտեցումները: Այն նախ և առաջ պահանջում է՝ առկա ողջ ներուժի օգտագործմամբ ստացվող տնտեսական արդյունքները պետք է դառնան նյութական հիմք հայ ժողովրդի անվտանգ, ազատ և բարեկեցիկ կյանքի համար:

Միաժամանակ համոզված ենք՝ հայկական երկու հանրապետություններն ունեն այս ճանապարհով զարգանալու բավարար ներուժ, որի մի զգալի մասը դեռևս իրացված չէ, այդ թվում՝

  • որպես տնտեսության լոկոմոտիվ և առաջնային բևեռ՝ ռազմական արդյունաբերության և ՏՏ ոլորտների փոխկապված զարգացման օբյեկտիվ հնարավորությունները,
  • միջազգային չափանիշներին համապատասխան՝ հանքարդյունաբերության զարգացումը,
  • բնակլիմայական և պատմա-մշակութային բավարար պայմանները՝ ինտենսիվ գյուղատնտեսության, օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար,
  • վերամշակող արդյունաբերության կայուն աճի առարկայական նախադրյալները,
  • որակյալ աշխատանքային ռեսուրսներն ու գիտական մեծ ներուժը,
  • հայկական սփյուռքի տնտեսական իրական ներուժը,
  • ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի շուկաներ ազատ մուտքի հնարավորությունը, Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացման հեռանկարը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների շուկաների հասանելիության որոշակի արտոնությունները, որոնք գործում են Հայաստանի համար:

Ամփոփելով. աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերների և հայ ժողովրդի համար դրա մարդակեր կոնկրետ դրսևորումների պայմաններում սոցիալական պետության իրական կառուցումը մեր գոյատևման միակ հնարավորությունն է: Այսպիսով արդարացված կլինի նաև պետության կարգավորիչ դերը: Լիարժեք կկատարվեն նաև պետության անունից քաղաքացիներին և ձեռնարկատերերին ուղղված պահանջները՝

  • արժանապատիվ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը,
  • իրականացնել ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր ու ամբողջական վճարել հարկերը,
  • դրսևորել սոցիալական պատասխանատվություն և խուսափել շուկայում գերիշխող դիրքի չարաշահումներից,
  • երկրի տնտեսական առավելագույն ներուժին համարժեք՝ զարգացնել ձեռնարկատիրությունն ու ստանալ արդարացի շահույթ և այլն:

 

Թադևոս Ավետիսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող, տնտեսագետ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ