13 10 2020

Ցեղասպանական ծրագիր՝ ահաբեկչական ձեռագրով

Ցեղասպանական ծրագիր՝ ահաբեկչական ձեռագրով

Թուրք-ադրբեջանական տանդեմի հրահրած այս պատերազմում թշնամու հետապնդած նպատակը ցեղասպանություն իրականացնելն է: Այս կապակցությամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բնորոշումը, որ իրականացվում է ցաղասպանություն, ավելի ճիշտ՝ ցեղասպանության ծրագիր, ինչ խոսք հստակ և ամբողջական բնութագրում է թշնամու նպատակադրումը և պատերազմելու կերպը:

Այնպես չէ, որ դա մեզ համար նորություն էր կամ նախքան այս ակնհայտ չէին թշնամական նպատակադրումները: Նախորդած ժամանակաշրջանում բավարար էր թեկուզ թռուցիկ ծանոթանալ արդեն լիովին թուրքական խամաճիկի վերածված ադրբեջանական խան Ալիևի որևէ հրապարակային հայտարարության Արցախի և հայույթան վերաբերյալ, հավաստիանալու համար, որ նպատակը Արցախի բռնազավթումն է ու հայության բնաջնջումը:

Հակիրճ՝ թշնամին, ըստ էության, նույնն է, նրա նապատկները՝ նմանապես:

Կոնկրետ իրավիճակի վերաբերյալ հումանիտար ճգնաժամի կամ աղետի առաջ հայտնվելու մասին բնորոշումը, որ այս օրերին պաշտոնական հանդիպումների ժամանակ հնչեցրեց Հայաստանի վարչապետը, նույնպես արտացոլում է վերը նշված թշնամական ծրագրի ցաղասպանական բնույթը:

Ճիշտ հասկանանք. խոսքը ոչ թե ինչ-որ բարդույթների, պատմական եղելությունների ինտերպրետացիայի կամ նման մտահայեցական հետևությունների մասին է, այլ առավել քան կոնկրետ, դաժան ու անողոք իրողությունների, փաստացի իրականության: Այն իրականության, որն այսօր առկա է Արցախում, որը արձանագրվում ու պատկերվել է այդ թվում՝ օտարերկրյա բազմաթիվ լրագրողների հեռուստատեսային և ֆոտոռեպորտաժներում:

Նախահարձակ թշնամուն ռազմաճակատում դիմակայում է Արցախի պաշտպանության բանակը, զինվորագրված հայությունը: Բայց թշնամին ոչ միայն կռիվ է վարում ռազմաճակատում, այլև, ըստ էության՝ պատերազմում է Արցախի խաղաղ բնակչության, քաղաքների ու բնակավայրերի դեմ:

Հասկանալի է, որ ռազմաճակատից միանգամայն հեռու գտնվող քաղաքների ու բնակավայրերի, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի, Արցախի հոգևոր-մշակութային մայրաքաղաք Շուշիի հրթիռառմբակոծությունները, բնակելի տների, շենքերի, մշակույթի օջախների, քաղաքացիական ենթակառուցվածքների (ջրամատակարարման, էներգամատակարարման, կապի օբյեկտներ, հաղորդակցույթան ուղիներ և այլն) թիրախավորումը առաջին հերթին հոգեբանորեն ներազդելու, ահաբեկելու խնդիր ունի, գումարած՝ թիկունքում կոնկրետ խնդիրների հարուցումը:

Բայց դա թշնամու հետապնդած խնդիրներից մեկն է միայն:

Մյուս խնդիրը, որ հրթիռառմբային այդ հանցագործույթամբ հետապնդում է թշնամին, նմանապես ակնհայտ է. ուղղակիորեն Արցախի խաղաղ բնակիչների՝ կանանց, երեխաների, ծերերի սպանությունը: Սա բացահայտ պատերազմական հանցագորություն է, որի համար, անկախ ամեն ինչից, դեռ պատասխան պահանջվելու է ու տրվելու է: Ավելին, թշնամու կողմից նման մոտեցմամբ պատերազմ վարելը պաշտպանվող կողմին, տվյալ դեպքում՝ Արցախի Պաշտպանության բանակին լիովին իրավունք է տալիս դիմելու հատուցման և զսպման գործողությունների: 

Ի լրումն այդ ամենի, Արցախի բոլոր բնակավայրերի նկատմամբ թշնամին, կարելի է ասել՝ մեթոդայնորեն, սիստեմավորված վարում է ավերման, ամայացման պատերազմ: Նրանց հետապնդած նպատակը ակնհայտ է. քարուքանդել Արցախի բնակավայրերը, պատճառել այնպիսի ավերածություններ, որոնք կարող են, ինչպես նրանց է թվում, հանգեցնել ոչ միայն այդտեղից մշտական բնակչության տեղահանությանը, այլև հետագայում այդ տարածքները դարձնել բնակության համար ոչ պիտանի: Դա հենց վերը նշված հումանիտար աղետի բնորոշման հիմնական բաղադրիչներից մեկն է:

Շատերը կհիշեն, օրինակ, թե Արցախի ազատամարտի ժամանակ, նախքան Շուշիի ազատագրումը, ինչպես էին ադրբեջանական հրոսակները նույնպիսի մեթադայնությամբ հրետակոծում ու հրթիռահարում Ստեփանակերտը՝ թաղամաս առ թաղամաս:

Բովանդակության մեջ այժմ տեղի ունեցողը նույնն է, այն տարբերույթամբ, որ այժմ կիրառվում են խոցման ու ավերման ավելի մեծ ուժգնություն ունեցող հրթիռներ և ռումբեր, և այդ ամենը տեղի է ունենում շատ ավելի մեծ, անհամեմատ մեծ մասշտաբներով:

Բայց մենք մեզ ավելի լավ ենք ճանաչում և վստահ ենք, որ միևնույն է, վերականգնելու ենք մեր շեները, քաղաքները, ավերված տներն ու ենթակառուցվածքները: Հաղթանակից հետո, բնականաբար:

Այստեղ խոսքն այլ բանի մասին է: Այն մասին, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ, և միջազգային ահաբեկչական կազմավորումների ներգրավմամբ, ոչ թե սոսկ զավթողական բնույթի պատերազմ է հրահրել ինքնիշխան Արցախի, նույնն է, թե՝ բոլորիս դեմ, այլ ուղղակիորեն գործողության մեջ է դրել հայության դեմ ցեղասպանական իր ծրագրերը:

Դա հիմնավորող էական փաստերից մեկը Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն թշնամու կողմից հոկտեմբերի 8-ին հասցված կրկնակի հրթիռառմաբային հարվածն էր: Մեզ համար պարզից էլ պարզ է, թե՝ ինչու էր հարվածն ուղղված Ղազանչեցոց եկեղեցուն, որ բնականաբար, ռազմական օբյեկտ չէ, որտեղ զորք ու զենք չկա (ի դեպ, 1992-ին ադրբեջանցիները, կհիշեք, Ղազանչեցոց եկեղեցու տարածքը «Գրադ»-ի հրթիռների պահեստարան էին դարձրել, նաև այն հաշվարկով, որ հայերը եկեղեցու ուղղությամբ չեն կրակի):

Ի դեպ, հոկտեմբերի 8-ին Ղազանչեցոց եկեղեցուն հասցված կրկնակի հարվածը տիպիկ ահաբեկչական ձեռագրով էր: Հայտնի ահաբեկչական «մարտավարություն» է, երբ նախ՝ համեմատաբար փոքր ուժգնության պայթյուն են իրականացնում, սպասում են որ այդ տարածքում հնարավորինս շատ մարդ կուտակվի, ինչին հաջորդում է երկրորդ՝ շատ ավելի ուժգին պայթյունը: Կոնկրետ այս դեպքում, մանավանդ ժամանակակից մարդասպան թռչող ռոբոտները նկատի ունենալով, հաշվարկելուց բացի, թշնամին հետևել ու որսացել է այն պահը, երբ առաջին հարվածից հետո եկեղեցուն են մոտեցել լրագրողներ, քաղաքացիական անձինք, ինչին հաջորդել է երկրորդ ռմբահրթիռային հարվածը:

Մի խոսքով, մեզ հասկանալի է, թե ինչու է թշնամին հրթիռներն ուղղել հենց Ղազանչեցոց եկեղեցու վրա: Պետք է, որ դա հնարավորինս արագ հասկանալի դառնա աշխարհի բոլոր այն երկրներին և օտարազգի այն ազդեցիկ գործիչներին, որոնց համար միևնույն չէ, թե ինչ է հիմա տեղի ունենում աշխարհի մեր անկյունում: Ու կարծես արդեն կան տեղի ունեցածի գիտակցման և իմաստավորման համարժեք գնահատականներ, դրա առանձին դրսևորումներ նաև արտերկրյա քաղաքական ու քաղաքագիտական շրջանակներում:

Կարծում ենք, որ այս իրողության, այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի, այդ թվում՝ նրանց ներգրաված միջազգային ահաբեկչական խմբավորումների կողմից Արցախի, Հայաստանի ու հայության դեմ ցեղասպանական պատերազմ հրահրելու մասին հստակ ու կոշտ, և հնարավորինս հաճախ պետք է հնչեցվի միջազգային բոլոր այն հարթակներում ու կազմակերպություններում, որտեղ որ դա հնարավոր է:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ