25 09 2020

Խառատյանը հերքում է «գաղտնի բանակցությունները», Փաշինյանը՝ հաստատում

Խառատյանը հերքում է «գաղտնի բանակցությունները», Փաշինյանը՝ հաստատում

 

Ադրբեջանական քարոզչամեքենան, ընթացիկ ագրեսիվ ակտիվացման իրենց ընդհանուր գծին համահունչ, մի տեղեկություն է դաշտ արտանետել, թե՝ Նիկոլ Փաշինյանը, միջնորդավորված, ի դեմս Արսեն Խառատյանի, գաղտնի բանակցություններ է վարել Ալիևի հետ: Ըստ շարադրանքի, եվրոպական երկրներից մեկում Խառատյանն, իբր, հանդիպել է Ադրբեջանի իշխանության ինչ-ինչ ներկայացուցիչների հետ ու քննարկել բանակցային ձևաչափի ու բովանդակության հետ կապված հարցեր:

Արսեն Խառատյանը, որ 2018-ին մի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, հետո կարծես թողեց-հեռացավ, արձագանքել է իր անվանը վերաբերվող այդ ադրբեջանական հրապարակմանը, փորձել է բացատրել, թե իր ընկալմամբ, ինչ շարժառիթներ են ադրբեջանական քարոզչությանը մղում նման «տեղեկություններ» տարածել և հերքել էր դա, հայտարարելով, որ վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ինքը որևէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որեւէ հարց չի քննարկել:

Հետաքրքիր է, որ թշնամու հետ «գաղտնի բանակցությունների» մասին նույն այդ թշնամական երկրի քարոզչամիջոցի տարածած տեղեկությունը հերքելով հանդերձ, Արսեն Խառատյանն ավելի շատ ուշադրություն գրավեց թե՛ դեպի իր անձը, որ սկսում էր մոռացվել ընթացիկ թոհուբոհում, թե՛ դեպի այդ՝ ակնհայտորեն սադրելու նպատակով արտանետված «հաքքինազ»-յան հրապարակմանը:

Շատերը ուշադրություն դարձրեցին, որ Արսեն Խառատյանը հատուկ շեշտել է՝ «վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածը», այնինչ, իրեն վերագրվող հանդիպման մասին շարադրանքի մեջ չի կոնկրետացվում, թե երբ է դա տեղի ունեցել, այդ ժամանակ նա խորհրդակա՞ն էր, թե՞ արդեն՝ ոչ: Չի բացառվում, որ դա էլ է հատուկ արված, հենց նման հարցերի համար: Բայց, լավ, խորհրդական եղած ժամանակ չի հանդիպել, չի հանդիպել:

Ուրիշ բան է ուշադրություն գրավում այդ հերքման մեջ: Այն, որ Արսեն Խառատյանն ինքը չի ասում, օրինակ, որ վերջին երկու տարվա մեջ (կամ՝ առհասարակ) չի հանդիպել ադրբեջանցի որ՜ևէ պաշտոնյայի հետ ու որևէ հարց չի քննարկել: Ինչո՞ւ է շեշտում վարչապետի խորհրդական աշխատած կարճ ժամանակահատվածը միայն:

Ի՞նչ է, հանդիպե՞լ է: Ո՞ւմ հետ, ի՞նչ առաքելությամբ:

Կասեն՝ իր անձնական գործն է, չէ՞, թե Թբիլիսի վերադառնալուց հետո նա այնտեղ ում հետ է հանդիպել, կամ չի հանդիպել: Որոշակի իմաստով, այո, իր անձնական գործն է: Բայց, եկեք չմոռանանք, որ ցանկացած պաշտոնյա, նույնիսկ կարճ ժամանակ պաշտոնավարած անձ պոտենցիալ հետաքրքրության թիրախ է հատուկ ծառայությունների համար, հատկապես՝ հակառակորդ կամ ուղղակիորեն թշնամական երկրների նման ծառայույթունների կամ նրանց գործակալների համար:

Դրանից բացի, Արսեն Խառատյանը մի քանի ամիս Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է եղել: Որից հետո հեռացել է այդ պաշտոնից կամ թողել է այն: Բայց հեռացե՞լ է իշխանությունից, այլևս իշխանության հե՞տ չէ:

Նրա հայտարարությունները և պրոիշխանական քարոզչական գործունեությունը հուշում են, որ՝ ոչ, նա մնում է, այսպես ասենք՝ Փաշինյանի իշխանության «աջակցության թիմում» և, որպես այդպիսին, շարունակում է համագործակցել իշխանության հետ կամ աշխատել այդ իշխանության օգտին: Դա իր գործն է, իհարկե:

Պարզապես նման պայմաններում, երբ հայտարարվում է, թե խորհրդական եղած ժամանակ ոչ մի ադրբեջանական պաշտոնյայի հետ չի հանդիպել, տրամաբանական հարց է ծագում, իսկ դրանից հետո՞: Ինչո՞ւ միանգամից չասել, որ ընդհանրապես չես հանդիպել, ո՛չ այդ երկու ամսում, ո՛չ էլ հետագայում: Մանավանդ հրապարակային, քարոզչական, տեղեկատվական գործունեության մեջ առավել քան ներգրավված ու անմիջականորեն մասնակցող անձնավորությունը չէր կարող նկատի չունենալ այս, թվում է, թե՝ «մանրուքները»:

Հերքումը՝ հերքում, բայց հարցերն ու կասկածները դրանից ավելի շատացան: Ու լուծումը տվեց Նիկոլ Փաշինյանն ինքը․ նա չհերքեց թե՛ Արսեն Խառատյանի «բանակցությունները», թե՛ Ալիևի՝ օրերս արած հայտարարությունը, թե՝ Նիկոլ Փաշինյանն իրեն խնդրել է սահմանին չկրակել, մինչև ինքը երկրի ներսում դիրքորը հաստատի և ընդդիմության հախից գա։ Փաշինյանն ընդմենը կոչ արեց Ալիևին կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ չհրապարակել։ Այսինքն, ասաց, որ կոմպրոմատների լեզվով մի խոսի, ես էլ ունեմ կոմպրոմատներ, ավելի բեթար։

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի այս ելույթը, անկախ թշնամի պետությանն արձագանքի «դոզայից», մեր երկրի ներսում բավականին կոշտ գնահատականի կարիք ունի։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ