24 08 2020

Անկախության հռչակագիրն ու Նիկոլ Փաշինյանի պաշտելի «կոռուպցիան»

Անկախության հռչակագիրն ու Նիկոլ Փաշինյանի պաշտելի «կոռուպցիան»

Անկախության հռչակագրի ընդունման օրը հազիվ թե որևէ մեկը ենթադրեր, որ անկախ Հայաստան ունենալուց 30 տարի անց հայտնվելու էինք ներկայիս վիճակում։ Անկախության հռչակագրից մեկ տարի անց անկախ դարձած Հայաստանը բազմաթիվ վտանգների եւ փորձությունների ենթարկվեց, մենք բոլորս պատերազմական ու տնտեսական փլուզման ծանր տարիներ վերապրեցինք, ցույց տալով դիմակայելու տոկունություն ու թշնամուն հաղթելու կամք։ Սակայն, ավաղ, մեր դիմադրողականությունն այնքան թույլ գտնվեց, որ մեր երկրում նույնպես կիրառվեցին գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաները, եւ իշխանությունը գրավեցին նաև արտերկրից ուղղորդվող ուժերը։ Արդյունքում, ցավով պետք է փաստել, որ Հայաստանի անկախությունը, որի մասին երազում էինք 30 տարի առաջ, այսօր լրջորեն վտանգված է։

Բավական է ծանոթանալ Անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի առթիվ Նիկոլ Փաշինյանի ուղերձին, հասկանալու համար, որ այդ մարդու եւ նրան իշխանության բերած արտաքին ուժերի համար Հայաստանի անկախությունը զրոյական արժեք ունի։ Միայն մեկ պարբերություն նվիրված արցախյան ազատամարտին եւ հայկական բանակին։ Բովանդակության մնացած՝ հիմնական մասը մեր անկախության 30-ամյա ճանապարհի փնովումն ու 2018 թ․-ի «ոչ բռնի, թավշա» իշխանազավթման գովքն է։  

Ըստ «թավշյա» վարչապետի, անցած 30 տարում միայն  «ձախողումներ» են եղել՝ «պետական եւ հանրային իստիտուտների կայացվածության ցածր մակարդակ» կամ «բացակայություն», «անկախ դատական համակարգի, օրենքի գերակայության, օրենքի առաջ բոլորի հավասարության բացակայություն», «անարդյունավետ պետական կառավարման համակարգ», «քաղաքացու օտարված իրավունք», «քաղաքական պարտադրանք» եւ իհարկե նրա պաշտելի «կոռուպցիան»: Ի՞նչ էր անելու Նիկոլ Փաշինյանն առանց իր եւ իր ընտանիքի համար բարեկեցություն ապահոված այդ հրաշագործ բառի։

Փաստորեն, Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին հայտնված մարդու տրամաբանությամբ, Հայաստանի անկախության 30 տարիները կոռուպցիայի պատմության տարիներ էին։ Ըստ նրա, դա մեր «հավաքական ձախողումն էր», կոռուպցիան «թափանցել էր ամենուր»։ Ստացվում է նախկինում կոռուպցիա գոյություն չէր ունեցել, հենց անկախության տարիներին այն առաջացա՞վ։ Ուրիշ ինչպե՞ս է կատարվում պետության եւ անկախության վարկաբեկումը։  

Կոռուպցիան ստեղծվել է մարդկության առաջացման հետ եւ կշարունակի գոյատեւել քանի գոյություն ունի մարդկությունը։ Այն եղել է նաեւ Հայաստանում՝ խորհրդային տարիներին, դրանից առաջ, հետո եւ հատկապես հիմա՝ վերջին երկու տարիներին։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ զանգվածային լրատվամիջոցները որտեղ թափանցել էր կոռուպցիան, ապա կարելի է համաձայնվել նրա հետ առ այն, որ եղել է լրատվամիջոց, որը հայտնի է եղել գործարարներից, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից կանոնավոր գումարներ շորթելու մեջ՝ վարկաբեկող հոդվածներ չգրելու դիմաց։ «Օդում կախված լուրերի համաձայն», այդ նույն լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը նաեւ բնակարան եւ ավտոմեքենա է նվեր ստացել վերոնշյալ մարդկանցից։ Սակայն այդ ամենը քիչ է համարել եւ նպատակադրվել է զավթել իշխանությունը։ Իշխանությունը զավթելուց հետո, նրա անունը շրջանառվեց ադամանդի հումքի մաքսանենգ ներմուծման, ծխախոտի եւ մետաղի ջարդոնի մաքսանենգ արտահանման եւ համապատասխանաբար՝ միլիարդավոր դրամներ գրպանելու մեջ։ Սակայն ոչ մի հետաքննություն չիրականացվեց, ոչ մի քրեական գործ չհարուցվեց պարզելու համար իրականությունը, իսկ «հպարտները» բավարարվեցին «թավշյա» վարչապետի՝ «ով ուզում է հավատա, թող հավատա» հայտարարությամբ։ Սրան էլ զուգահեռ, հարյուր միլիոնավոր դոլարներ պետական բյուջեից որպես պարգեւավճարներ անցած երկու տարում մտել են «քայլած» իշխանավորների գրպանները։ Այսինքն, «նոր» Հայաստանում կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլ ընդհակառակը՝ ավելացել են նրա կողմից կլանվող գումարները, իսկ կլանողները դրա մասին անընդհատ գոռգոռում են՝ թաքցնելու համար իրենց կողմից գրպանվող հսկայական գումարները։  Դրա վառ ապացույցը նրանց ղեկավարի այս ուղերձն է։ Նիկոլ Փաշինյանի կոռումպացված լինելու ամենարտառոց փաստերն ի հայտ են գալու առաջիկայում, նրա իշխանությունից հետո՝ որպիսիք չեն եղել Հայաստանի անկախության 30 տարիներին միասին վերցրած։ Սակայն, անգամ դա չի կարող հիմք հանդիսանալ երբեւէ մեր անկախությունն ու պետականությունը բացասական լույսի ներքո ներկայացնելու համար՝ այն էլ հոբելյանական տարեթվի կապակցությամբ։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ