Մինչ Նիկոլի քաղաքապետը փորձում էր բացատրել «Մաշտոցի պուրակում» ծառերի արմատահանումը, Փաշինյանի «բարձր հովանու ներքո», նրա ԿԳՄՍ նախարարն ու «թիմը» հանրակրթական դպրոցական «չափորոշիչներից» արմատահանում էին Մաշտոցին, Խորանեցուն, մեր պատմության մի 2 հազար տարի, առհասարակ՝ հայրենասիրություն, հայ, ազգային-ազատագրական պայքար բառերն ու արտահայտությունները:
Արդեն քանի օր է, ինչ բազմաթիվ մասնագետներ, գիտնականներ, գրականագետներ, պատմաբաններ, գիտական վաստակ ու հարգանք ունեցող մարդիկ ահազանգում, մեկնաբանում, բացատրում են, որ... «էս ի՞նչ եք անում»: Բայց մակերեսայնության կաղ էշին նստած՝ Փաշինյանն ու իրեն կցված սորոսաբուծյալ «քանքարները» գլուխկախ իրենց սև գործն են առաջ հրում: Այսօր էլ «քարավանին» Փաշինյանի «ուսուցչապետը» խառնվեց, ու թե՝ «հայդատական պատմագիտություն»...
Փաշինյանն էլ, լիովին վստահ, որ պատասխանատվություն չի կրելու կամ պատասխանատվության չի ենթարկվելու, հայտարարեց, թե՝ չափորոշիչները «բխում են ազգային շահերից», թե՝ դրանք հիմնված են իրենց ռազմավարական պատկերացումների, ուժեղ ու հարատև պետություն ունենալու գաղափարի վրա ու նման բաներ:
Եթե ասվածը շրջախոսություն չէ, այսինքն՝ ասվածին տրամագծորեն հակառակ իմաստ ու միտք ունեցող, ապա վիճակն ավելի է բարդանում: Փաստորեն, «ազգային շահից» բխում է, որ Հայոց պատմության չափորոշիչները մշակեն անձինք, որոնք թուրքերի հետ սիլի-բիլի տարբերակով ընդունել են, որ Հայկական լեռնաշխարհի տեղը գրվի «Արևելյան Անատոլիա», որ այլ «քյանդրբազություններ» արվեն: Այդ ամենի մասին, ի դեպ, շատ հստակ ու առարկայական նշված է ԳԱԱ Պատմության ինստիտուտի՝ օրերս տարածված հայտարարության մեջ:
Ավելին, եթե «թավշյա» Հայաստանի ձևախեղված իրականության պայմաններում չլինեինք, ապա ԳԱԱ Պատմության ինստիտուտի հայտարարությունը ուղղակիորեն ընթացք կստանար:
Ի՞նչ է ստացվում. Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը՝ ակադեմիկոս-տնօրեն, պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ ոչ միայն վատանգ են տեսնում կոնկրետ Հայոց պատմության հանրակրթական չափորոշիչներում, այլև այնքան սպառնալիք են տեսնում, որ ուղիղ դիմում են ԱԱԾ-ին՝ ուշադրություն հրավիրելով ազգային անվտանգությանն սպառնացող վտանգների վրա: Իսկ «պրոֆեսոր» Փաշինյանն ասում է... ազգային շահերից են բխում այդ չափորոշիչները:
Մնում է պարզել, թե ով որ ազգը նկատի ունի: Մենք ու ահազանգողները մեր ազգը նկատի ունենք՝ հայերիս: Իսկ Նիկոլ Փաշինյա՞նը...
Երբ խոսքը մասնագիտական նյութի մասին է, իսկ սա մասնագիտակա՛ն «նյութ» է, ապա արժեք ու կշիռ ունեն մասնագետների ասածները, ահազանգերը, դիտողությունները, այլ ոչ թե թշնամական պետության ֆինանսավորմամբ պատմություն «սվաղող» ինչ-որ անձանց: Առավել ևս, մասնագիտական «նյութի» վերաբերյալ Փաշինյանի ասածները չունեն որևէ կշիռ: Թերևս միայն լրագրության ասպարեզում, եթե Փաշինյանը դիպլոմավորված մասնագետ է: Կշիռ չունեն, բայց ծանր հետևանքներ կարող են ունենալ նրա ասածներն ու պատկերացումները, ինչպես կորոնավիրուսի վարակին դիմակայելու հարցում ունեցան («կորոնավիրուսն ում շուննա...», իսկ հետո... ասենք, բոլորս տեսնում ենք, թե ինչ եղավ):
Ավելին, ի մի բերելով չարաբաստիկ «չափորոշիչների» վերաբերյալ բազմաթիվ մասնագետների, գիտնականների, գրականագետների, պատմաբանների, մանկավարժների, պարզապես գիտակ ու սեփական լեզվի, գրականության, պատմության հանդեպ ոչ անտարբեր և սերունդների դաստիարակության, կրթության պատասխանատվությունն ու կարևորությունը գիտակցող մարդկանց դիտողությունները, հանգում ես անխուսափելի ու դաժան հետևության: Այն է. ինչ-ինչ անձինք, օրվա իշխանության անվերապահ աջակցությամբ, նենգ ու խեղաթյուրող «ականներ» են դնում հանրակրթական համակարգում, ուզում են կտրել կամ ծրագրերից կռտել այն ամենը, ինչը կարող է ու պետք է նպաստի աշակերտների ազգային ինքնության, ազգային նկարագրի և ինքնասիրության ձևավորմանը, հայրենասեր քաղաքացի դաստիարակելուն:
Ումո՞վ եք ուզում «ուժեղ պետություն» կառուցել, այնպես դաստիարակված սերնդո՞վ, որ Խորենացուն Նարեկացուց չի տարբերում կամ բացարձակապես անտեղյակ է, սակայն հրաշալի տեղեկացված է սեռական օրգաններից, լգտբ-ությունից, սատանան գիտե, թե՝ էլ ինչերից: Որտե՞ղ եք կարուցում «ուժեղ պետությունը», Հարավային Կովկասո՞ւմ, թե՞ Արևելյան Անատոլիայո՞ւմ:
Ծաղր է. պետություն քանդողները, ազգայինից դիվահար լինողները խոսում են պետությունից ու ազգային շահից:
Չափներդ ճանաչեք, հերիք եղավ, բո՛լ եղավ:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը