23 07 2020

Դասեր է պետք քաղել, ոչ թե դիվիդենտներ

Դասեր է պետք քաղել, ոչ թե դիվիդենտներ

 

Հայտնի խոսքը, թե՝ պարտությունը միշտ որբ է, մինչդեռ հաղթանակը բազում ծնողներ ունի, հարակայուն է: Եվ, տվյալ դեպքում՝ տարածելի Տավուշի սահմանագոտում հուլիսի 12-ին ու հաջորդող օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքների վրա:

Մեր պետության Զինված ուժերը, ի դեմս 3-րդ բանակային զորամիավորման մարտիկների և իրենց հմուտ հրամանատարների, ոչ միայն պարզապես դիմակայեցին թշնամու ագրեսիային, այլև, ոչ ռազմագիտական բառապաշարով ասած՝ դնգստեցին, ինչպես հարկն է: Ի լրումն, մերոնք դիրքային նկատելի բարելավում իրականացրեցին: Հայոց բանակի ռազմիկները վերահաստատեցին իրենց բարձր կագը՝ ունեցած զենքին տիրապետելու, ժամանակակից սպառազինության տեսակների դեմ համարժեք տեխնիկական ու արդյունավետ պայքարի պատրաստականության, մարտավարական գրագիտության առումներով: Վերահաստատեցին նաև իրենց որակական հարգը՝ բարոյակամային, համախմբվածության, նվիրվածության առումներով:

Խոնարհում՝ այս մարտական գործողությունների ընթացքում զոհված մեր չորս զինվորականների պայծառ հիշատակին, շուտափույթ ապաքինում մեր վիրավորված զինվորներին...

Այժմ, երբ համեմատաբար դադար է, և ավելի շատ մանրամասնություններ են հայտնի դառնում (թեպետ, նույնիսկ առանց այդ նրբերանգի), կարելի է ու պետք է ասել, որ հուլիսի 12-ից վերսկսված մարտական գործողությունների ժամանակ հաղթել է մեր բանակը՝ իր թիկունքին ամուր կանգնած սահմանապահ տավուշցիների, ամբողջ հայ ժողովրդի հետ միասին: Իրակա՛ն ժողովրդի, այլ ոչ թե քարոզչական, այն, որ ամեն մի քաղգործիչ հրապարակային ելույթներում ասում է՝ «ժողովուրդը մեր հետ է»:

Ու այդ ամենի խորապատկերում բավականին տհաճ ու վանող տպավորություն են թողնում, ինչպես ասվում է՝ «հաղթանակը սեփականաշնորհելու», նաև՝ ակնհայտ փիարվելու դրսևորումները: Այսօր դրանով առանձնապես աչքի են ընկնում, բնականաբար, օրվա իշխանության ամենատարբեր ռանգի ներկայացուցիչները՝ մարտական հաջողությունները վերագրելով մի՛միայն իրենց ինչ-ինչ բարեփոխումների, որոնք հիմնականում ավելի շատ հանգում են զինվորների սննդի և կենցաղի պայմանների բարելավմանը:

Դա, առնվազն ազնիվ չէ: Եթե որևէ մեկը կարծում է, թե մեր բանակը միայն մեկ կամ երկու տարի առաջ է զրոյից ստեղծվել, թե մինչև այդ մարտական իրավիճակներում փառք ու պատվով ոչ պակաս հաղթանակներ են գրանցվել, եթե կարծում է, թե՝ զինվորները մինչ այս կիսաքաղց էին, անհամազգեստ կամ անզեն, ապա այդպես կարծողն ու ընկալողը ոչ միայն մոլորյալ է, այլև կույր՝ անկախ ֆիզիկական տեսողության վիճակից: Սպառազինության որոշ թարմացումն էլ է նշվում՝ «մոռանալով», թե երբ են դրա պայմանավորվածությունները ձեռք բերվել, լռության մատնելով, որ մեր բանակի զինանոցը մի՛շտ է համալրվել ու կատարելագործվել: Բանակը մեր այն եզակի պետական կառույցներից է, որի լիարժեք կայացման, շարունակական զարգացման ու արդիականացման գործում մենք, որպես ժողովուրդ, մեծ զոհողությունների գնով, հաջողել ենք: Եվ պետության ու բանակի նախորդ ղեկավարներից յուրաքանչյուրը իր լուման ունի դրանում, քարի վրա իր դրած քարը ունի, իսկ առանձին գործիչներ՝ շատ ու շատ ավելին:

Հայոց բանակը նոր չէ, որ ձևավորվել է: Ավելին, 3-րդ զորամիավորումը, մեր ամենից թրծված ստորաբաժանումներից է, որը մշտապես մարտական հերթապահության պայմաններում է գործում ու նաև մշտապես կատարելագործվում՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովի հրամանատարությամբ: Այո, նույն այն Խաչատուրովի՝ նախորդ պատերազմի ոչ այնքան հանրահռչակված (թող ներվի այս բառը), ավելին՝ այսօրվա իշխանության կողմից հանիրավի պախարակված հերոս Յուրի Խաչատուրովի արժանավոր զավակը:  

Զինվորականները «փիարվելու» համար չեն: Նրանք քաղաքական գործիչներ չեն, որ դրա կենսական անհրաժեշտությունն ունենան: Նրանք իրենց գործը տեղը՝ տեղին ու ժամանակին արել են ու էլի կանեն, սկսած ամենակարևոր մարդկանցից՝ այս պահին դիրքում, դիտակետում զենքը ձեռքին կանգնած զինվորներից, շարունակած սպայակազմով, որ նման վարժ զինվորներ է պատրաստում, շարունակած կորպուսի հրամանատար Խաչատուրովով, շարունակած ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանով ( ի դեպ, 2010-ից 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, իսկ 2012-16թթ. նույն կորպուսի հրամանատար), վերջացրած՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանով ու իր գլխավորած անձնակազմով:

Ու երբ ոմանք սկսում են «փիարվել», դա վանում է: Վանում է, որովհետև սկսում են անկապ ու անհասկանալի հարցեր տալ պաշտպանության նախարարին, թե՝ կարո՞ղ է, թշնամու զինվորները ՈՒԱԶ-իկով մոլորվել էին: Մոռանում են, թե ինչեր էին ասում նույն բանակի սպայակազմի նկատելի ներկայացուցիչների հասցեին, դեռ նրանց դեմ արածները՝ չհաշված:

Մոռանում են, որ մարտական գործողությունների թունդ պահին մեկ էլ պետության ղեկավարի դիրք ունեցողի տիկինը «խաղաղասիրական կոչ» է հղում առ թշնամին: Անպատեհ, շփոթեցնող ու ոչ մի ընկալելի հիմնավորում չունեցող «խաղաղասիրություն»:

Իրականում իրենք էլ, առաջին հերթին, իհարկե, Փաշինյանը և իր քայլակիցները հրաշալի հասկանում են, որ հաղթանակած դիրքը Բանակինն ու Ժողովրդինն են: Վերը անվանապես հիշատակված ու հազարավոր չհիշատակված զինվորականներինն է հաղթանակը: Զգում են, որ նաև հասարակությունն է դա հասկանում ու գնահատում:

Ու... մարտական ակտիվ գործողությունները դեռ ընթացքի մեջ, ընդգծենք՝ հակառակորդի նկատմամբ առավելությունն ու գերազանցությունն ապացուցող մարտական գործողությունները ղեկավարող հրամանատարի՝ Խաչատուրովի հասցեին իշխանության քարոզչական հիմնարկի գործակիցը անհեթեթագույն արտահայտություն ու մեղադրանքներ է հնչեցնում, թե՝ «ռազմական հեղաշրջում էին ուզում անել»: Ու ոչ մեկը նրա վերադաս-պատվիրատուներից չի սաստում, թե՝ այս ի՞նչ եք «դուրս տալիս»:

Այնպես որ, ինչքան էլ «փիարվելու», «փառաբանվելու» ճիգեր գործադրեք, բարեբախտաբար, ոչ բոլոր մարդկանց հիշողությունն ու հոգիներն են ամպուտացված: Ավելին, շատ-շատերի տեսողությունն է նաև ձերբազատվել «թավշյա» փառից:

Իսկ առհասարակ, հաղթանակներից պետք է դասեր քաղել, այլ ոչ թե քարոզչական դիվիդենտներ: Դա նաև այն բանի համար է, որ հետո էլի հաղթանակներ լինեն, այլ ոչ թե սոսկ քարոզչական փուչիկներ:

 

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ