23 07 2020

Ի՞նչ իրողություններ բացահայտեց Մարգարիտա Սիմոնյանի գրառումը

Ի՞նչ իրողություններ բացահայտեց Մարգարիտա Սիմոնյանի գրառումը

Ռուսաստանյան RT-ի ցանցային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառումը բուռն քննարկումների տեղիք տվեց։ Քննարկումներ, որոնք բացահայտեցին մի քանի իրողություններ։

Առաջին՝ մեր հանրության մեջ դեռեւս կա մի զանգված, որը որպես կանոն խուսափում է բովանդակային քննարկումներից և միանգամից անցնում է պիտակավորումների, հայհոյանքների և այլ հոգեկան ջղաձգումների։ Բնականաբար, դա հիմնականում մանիպուլացված զանգվածն է, որը երբեք էլ չի փորձել խորամուխ լինել որևէ հայտարարության, երևույթի կամ իրադարձության պատճառահետևանքային կապի մեջ, մտածել դրա շուրջ և, առավել ևս, վերլուծություններ անել։ Դա նրանց տրված չէ։ Որպես կանոն, հիշյալ զանգվածը հեշտորեն համաձայնվում է պոպուլիստական և ամբոխավարական արտահայտությունների հետ, և մշտապես սրերով է ընդունում փաստարկված և հիմնավորված պարզաբանումները։

Երկրորդ՝ վերոնշյալ զանգվածի ճնշող մեծամասնությունը, այսպես կոչված, «թավշյա հեղափոխության» հումքն է եղել, պաշտպանել ՊՊԾ գունդը գրավող ահաբեկիչներին և ցանկացած ոչ ռացիոնալ դժգոհության գործողություններին «նախկին ռեժիմի» ժամանակ։ Հիմա նրանք նույն մոլեռանդությամբ հարձակվում են բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվում են քննադատել Նիկոլ Փաշինյանին և իրենց աջակցությամբ իշխանությունը գրաված նրա խմբակին։ Արտառոցն այն է, որ եթե հանկարծ վաղը իրենց քննադատության թիրախ եղած անձը որևէ դրական արտահայտություն անի Նիկոլ Փաշինյանի հասցեին, ապա անմիջապես կդառնա իրենց սիրելին և կարժանանա նախորդ օրվա հայհոյանքներին տրամագծորեն հակառակ գովասանքների։    

Երրորդ՝ «հպարտ» քաղաքացիների վերոնշյալ զանգվածը բացառապես իրեն է համարում «ժողովուրդ»։ Ինչպես Նիկոլ Փաշինյանն է իրեն նույնացնում ժողովրդի հետ, այնպես էլ իրենք են դա անում, նրանցից շատերը համոզված են, որ իրոք ամբողջ ժողովուրդն է նույն կարծիքին ինչ իրենք։ Վերջին համոզմունքին նպաստում է նաև այն, որ նրանց ֆեյսբուքյան էջում երևում են ֆեյսբուքյան ընկեր-աջակիցների գրառումները՝ տպավորություն ստեղծելով, որ բոլորը միակարծիք են իրենց հետ։ Նրանց տեղեկացվածության և մեդիագրագիտության ցածր մակարդակը կամ ընդհանրապես դրա բացակայությունը թույլ չի տալիս ընկալել, որ դա ֆեյսբուքի գործունեության առանձնահատկությունն է, և այլ մոտեցումներ ունեցող մարդկանց ֆեյսբուքյան էջերում էլ երևում են այն տեսակետները, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում «հպարտների» տեսակետների հետ։

Չորրորդ՝ գոյություն ունի նաև հանրության մեկ այլ զանգված, որը գոնե բացահայտ չի աջակցում գործող իշխանությանը կամ առնվազն չեզոք է նրա հանդեպ, բայց քաղքենիությունն ու կեղծ հայրենասիրությունը դրդում է բացասական արտահայտվել Ռուսաստանի նկատմամբ։ Ընդ որում, նրանցից շատերի հիմնական լեզուն ռուսերենն է, Ռուսաստանում են հաջողությունների հասել, անգամ շարունակում են այդ երկրի ընձեռած հնարավորությունների շնորհիվ բարգավաճել, բայց պատեհ առիթը բաց չեն թողնում «մուննաթի» չափաբաժինն ուղղել այդ երկրի հասցեին։

Հինգերորդ՝ հակառուսական քարոզչությունը Հայաստանում հատկապես վերջին 5-6 տարիներին իր բացասական հետևանքներն է թողել։ Դա շատ վտանգավոր է առաջին հերթին մեզ համար։ Արեւմտյան դրամաշնորհներից սնվողների խմբերի քարոզչական գործունեության արդյունքում շատերի մեջ բթացել են Թուրքիայից սպասվող մշտական սպառնալիքի գիտակցումը։ Երբ նրանց փորձում ես հասկացնել Ռուսաստանի զսպող դերի մասին թուրքական ներխուժումից զերծ մնալու հարցում, ստանում ես «հերիք ա վախեցնեք» կամ «բա ինչի համար են մեզ դաշնակից» անբովանդակ պատասխանները։ Նրանք չեն  հասկանում Հայաստանին ռազմական տեխնիկայով ապահովելու, տնտեսական, էներգետիկ, ֆինանսական, աշխատանքային միգրացիայի և բազում այլ հարցերով հիմնական սնուցող երկիր լինելու Ռուսաստանի ահռելի դերը, չեն ընկալում, որ եթե այդ ամենը չլինի, մենք պարզապես կհայտնվենք հումանիտար աղետի մեջ։ Մյուս կողմից էլ կստանանք, թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիա։ Մեզ համար պետք է հասանելի լինի այն պարզ ճշմարտությունը, որ չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես և չի կարելի թքել այն ձեռքի մեջ, որից կերակրվում ես։ Ըստ էության, այս մասին էր ասում նաև Մարգարիտա Սիմոնյանը, ընդ որում, հստակ մատնանշելով ոչ թե հայ ժողովրդին, ինչպես են փորձում են ներկայացնել ոմանք, այլ կոնկրետ ներկայիս իշխանությանը։

Վեցերորդ, որ թերևս ամենադրական բացահայտումն էր։ Հայաստանում կա մտածող, վերլուծող և տեղի ունեցողը համարժեք ընկալող ոչ փոքր խավ։ Այդ խավը չի ընկրկում հայհոյողների զանգվածի առջև, ասում է ճշմարտությունը, պաշտպանում իր տեսակետը և այն հասանելի դարձնում ավելի ու ավելի շատ մարդկանց։ Հանրության այդ հատվածի շարքերը օրեցօր համալրվում են, նրանց են միանում մարդիկ, ովքեր լինելով ադեկվատ և վերլուծություններին ունակ, մեկ կամ երկու տարի առաջ համարձակության կամ ցանկություն չեն ունեցել հակադարձել «թավշյահեղափոխականների» զոռբայություններին։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի կամ նրա «հպարտների», հանրության գիտակից այս հատվածը չի խոսում ամբողջ ժողովրդի անունից, բայց հանդես է գալիս այդ նույն ժողովրդի եւ պետության ընդհանրական շահի պաշտպանության համար։

Վերոնշյալ բացահայտումներով ամբողջական պատկեր ձևավորելու հավակնություն չունենք իհարկե։ Սակայն միանշանակ է մեկ բան՝ վերոնշյալ իրողությունները (բացառությամբ միակ հուսադրող վեցերորդ իրողության) խիստ մտահոգիչ են և, առանց չափազանցության, տանում են դեպի ինքնաոչնչացում։ Առավել ցավալին այն է, որ այս ամենի դեմ պետք է պայքարի պետությունը՝ ի դեմս իշխանության, մինչդեռ հենց իշխանությունն է այս կացության առաջացման հեղինակը։

 

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ