«Փաստ» օրաթերթը գրում է. «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման մեկնարկից սկսյալ, իսկ վերջին մեկ շաբաթում՝ առավել ևս, անզեն աչքով էլ ակնհայտ է, որ հիմնական լրատվամիջոցների սոցցանցերում և հենց կայքերում ուշագրավ պրոցեսներ են ընթանում՝ կապված դիտումների քանակի ու մեկնաբանությունների հետ: Բանն այն է, որ բավական է Բագրատ Սրբազանի նկարով որևէ նյութ հայտնվի որևէ կայքում և այդ լրատվամիջոցի սոցցանցային էջում, միանգամից աճում են ոչ միայն դիտումները, այլև «արձագանքները» (հիմնականում՝ «ջղայնիկի» տեսքով) ու մեկնաբանությունները: Վերջիններիս հեղինակների էջերը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ մեծամասամբ կա՛մ նոր բացված էջեր են՝ առանց որևէ գրառման, կա՛մ հին լինելով՝ դարձյալ որևէ գրառում չունեն: Նկարներն առավելապես կեղծ են, շատերը նույնիսկ նկար չունեն:
Այսինքն, ակնհայտ ստեղծված են «քոմենթ գրելու» և «ջղայնիկ» դնելու համար: Իսկ իրական կամ գոնե բավարար տեղեկատվություն պարունակող էջերի օգտատերերը, որպես կանոն, կատարում են բացարձակ անգրագետ տեքստերով, բազմաթիվ սխալներով, հիմնականում՝ լատինատառ գրառումներ: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին 15-20 օրվա ընթացքում իշխանությունները «մարտի են նետել» ահռելի քանակությամբ նոր ֆեյքերի: Արշավին միացել են նաև մերձիշխանական սատելիտները:
Ավելին, դրանցից մի քանիսն այնքան են «խորացել» ֆեյք ստեղծելու գործընթացում, որ իրենք իրենց գրառումների տակ են ստիպված տասնյակներով մեկնաբանություններ թողնում ու հաճախ հայտնվում զավեշտալի վիճակում՝ թե՛ գրառումների կրկնության առումով, թե՛ բացարձակ զրոյական ճանաչում և հեղինակություն ունեցող անձի՝ սխալներով լեցուն, իմաստ չպարունակող գրառումների տակ, ասենք, 50-ից ավելի գովերգող մեկնաբանության հայտնվելու տեսակետից:
Փորձագետների համոզմամբ, սակայն, Փաշինյանի «փիառչիկներն» իրականում «արջի ծառայություն» են մատուցում նույն Փաշինյանին, քանզի Բագրատ Սրբազանի նկարով նյութերի տակ մեծ քանակությամբ մեկնաբանություններն ու «ջղայնիկները» բազմապատկում են Սրբազանի ասելիքի ու շարժման գաղափարների տարածումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը