20 07 2020

«Ռազմավարական օբյեկտները հանձնեցին ռուսներին»-ի ապամիֆականացումը․ Կապ

«Ռազմավարական օբյեկտները հանձնեցին ռուսներին»-ի ապամիֆականացումը․ Կապ

Կապի ոլորտը նույնպես զերծ չի մնացել «ամեն ինչ հանձնել ենք» պիտակից։ Մինչդեռ Հայաստանի ժամանակակից կապի և հեռահաղորդակցության ոլորտը ևս ստեղծվել է հիմնականում ռուսական ներդրումներով՝ դուր է գալիս դա ոմանց, թե՞ ոչ։ Մի փոքր նախապատմություն։

Խորհրդային տարիներին հեռախոսային կապը անալոգային էր։ Այդպես էր կոչվում այն ժամանակվա տեխնոլոգիան, և այդ կապի որակը չափազանց ցածր էր։ Չնայած 80-ականների զանգվածային հեռախոսաֆիկացմանը, դեռևս ամբողջ բնակչությունը ապահովված չէր հեռախոսային կապով։ Անգամ պահպանվում էր «բլոկիրատոր» կոչվող՝ երկու բաժանորդների զուգակցված հեռախոսային ծառայությունը։ Այդ ծառայությունից օգտվել հնարավոր էր միայն հերթականությամբ՝ երբ նույն կապով միացված երկու բաժանորդներից մեկը խոսում էր, մյուսը պետք է սպասեր մինչ նա ավարտեր իր խոսակցությունը, նոր օգտվեր իր հեռախոսից։

Անկախության առաջին շրջանում՝ 90-ականների սկզբին առանձնապես էական փոփոխություններ այստեղ տեղի չունեցան։ 1995 թ․-ին ստեղծվեց Հայաստանի հեռախոսային ցանց» ընկերությունը։ Թվում էր, թե այդ ձևով ՀՀՇ-ական իշխանությունները ցանկանում էին որակական փոփոխություններ մտցնել այստեղ, բայց շատ շուտով պարզվեց, որ իրական նպատակը այլ էր։ Նույն տարում ստեղծվեց «Արմենտել» ընկերությունը, որին տրվեց հեռախոսային ամբողջ ցանցը։ Այդ ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը պետությանն էր, իսկ 49 տոկոսը աննշան գնով տրվեց ամերիկյան անհայտ TWT ընկերությանը։

1997 թ․-ին «Արմենտելի» 90 տոկոս բաժնեմասը վաճառվեց հունական OTE ընկերությանը 142 մլն դոլարով։ Ընկերության 49 տոկոսի բաժնետեր TWT-ն այդ գործարիքց ստացավ 62 մլն դոլար, ինչից էլ հասկանալի դարձավ, որ այն ստեղծվել էր միայն պետական ձեռնարկության վաճառքից տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանելու համար։ Այն ժամանակ տարածված տեղեկատվության համաձայն, այդ գործարքի հետեում կանգնած էր և հիմնական շահողը կապի նախարար Գրիգոր Պողպատյանն էր, որն այդ գործարքից հետո հեռացավ Հայաստանից։ Ամեն դեպքում, առավել քան ակնհայտ էր, որ «Արմենտելի» գործարքով այն ժամանակվա իշխանությունը խոշոր գումարներ յուրացրեց, որը 90-ականներին պետական սեփականության համատարած թալանի միայն մի մասն էր։

Հունական OTE-ն պարտավորվում էր կատարել 300 մլն դոլարի ներդրում «Արմենտելի» զարգացման համար։ Սակայն մենաշնորհ ունենալով, հունական ընկերությունը չափազանց դանդաղ և ոչ ամբողջական էր կատարում իր պարտավարությունները, իսկ նոր ստեղծված բջջային կապը չափազանց թանկ էր և չափազանց անորակ։ «Արմենտելի» մենաշնոհի հարցը դարձել էր այն ժամանակվա քննարկվող հիմնական թեմանից մեկը։ Ի վերջո, այն դադարեց գոյություն ունենալ, երբ 2005 թ-ին երկարատև պայքարից հետո, Հայաստանի այդ ժամանակվա իշխանություններին հաջողվեց հասնել նրան, որ «Արմենտելը» հրաժարվի իր մենաշնորհից։ Հայկական շուկա մտավ բջջային կապի նոր օպերատոր՝ «Ղ-Տելեկոմը» «Վիվասել» ապրանքանիշով։ «Վիվասելի» ներցանցային առաջին զանգը կատարվեց 2005 թ-ի հուլիսի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Երկու տարի անց, ընկերությունը գնեց միջազգային խոշորագույն բջջային օպերատորներից մեկը՝ ռուսաստանյան ՄՏՍ-ը։

Հայաստանի բջջային կապի և հեռահաղորդակցության զարգացման բուռն տեմպը սկսվեց հենց «Վիվասելի» մուտք գործելուց։ Այս շուկան անճանաչելիորեն փոխվեց։ Բջջային կապի սակագներն ընկնում, իսկ որակը բարձրանում էր սրընթաց արագությամբ։ Մրցակցությունն ու ներդրումները նոր տեխնոլոգիաներով համալրելու և որակյալ ծառայություն մատակարարելու ուղղությամբ տվեցին ցանկալի արդյունք։ Նախ` «Վիվասելն» է 2009 թ․-ին ներդնում նոր սերնդի 3G ցանցը, ապա «Արմենտելը»։ Ի դեպ, 2008 թ-ին «Արմենտելը» ձեռք բերեց մեկ այլ ռուսաստանյան ընկերություն՝ «Վիմպելկոմը»՝ «Բիլայն» ապրանքանշանով։

Հետագայում, դարձյալ նախ՝ «Վիվասել-ՄՏՍ»-ը, ապա՝ «Բիլայնը» ներդրեցին արդեն ավելի ժամանակակից՝ 4G տեխնոլոգիաները, Հայաստանում ապահովելով բջջային որակյալ կապ և բարձր արագությամբ ու հուսալի ինտերնետ։ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում մեկ տասնամյակի ընթացքում՝ 2005-2015 թթ․ «Վիվասել-ՄՏՍ»-ի կատարած ներդրումները կազմել են 183 մլրդ դրամ, իսկ «Արմենտելի» ներդրումներն այդ տարիներին մոտ 300 մլն դոլար են կազմել։

Հայաստանում հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումն ու մրցակցությունը նոր՝ երրորդ օպերատորը բերեց Հայաստանի շուկա՝ ֆրանսիական «Օրանժը»։ Վերջինս նույնպես մեծ ներդրումներ կատարեց և փորձեց շուկայում ամրապնդվել տարատեսակ գրավիչ մարկետինգային քայլերով։ Սակայն, հայկական շուկայի փոքր լինելն ու անբավարար շահույթը ի վերջո ֆրանսիական ընկերությանը ստիպեց վաճառել «Օրանժ Արմենիան» տեղական «Յուքոմ» ընկերությանը և դուրս գալ Հայաստանից։

Այսպիսով, փաստենք, որ թվային կապն ու հեռահաղորդակցությունը Հայաստանում ստեղծվել և զարգացել են հիմնականում անկախության երկրորդ տասնամյակում՝ 2000-ական թվականներին։ Հիմնական ներդրումները դարձյալ կատարվել են ռուսական ընկերությունների՝ ՄՏՍ-ի և «Վիմպելկոմի» կողմից, մասամբ նաև հունական OTE-ի (90-ականների վերջ-2000-ականների սկիզբ), ֆրանսիական «Օրանժի» (2009-2015 թթ) և տեղական «Յուքոմի» կողմից։ Այսինքն, կատարվել է մեծածավալ աշխատանք Հայաստանում այդ ներդրումներ ներգրավելու և այսօր կապի ու հեռահաղորդակցության ժամանակակից համակարգ ունենալու համար։ Եվ ոչ ոք, ոչ մեկին չի «հանձնել» մինչ այդ գոյություն չունեցած այդ համակարգը։

Միաժամանակ, ներդրումների ներգրավումը չի սահմանափակվում միայն երկիր գումարներ մտնելով՝ դա և նոր բացված աշխատատեղեր են, և տնտեսական աշխուժության ակտիվացում ու բինզես միջավայրի բարելավում, և պետբյուջե հարկային եկամուտներ։ Տարիներ և անգամ տասնամյակներ շարունակ կապի և հեռահաղորդակցության ոլորտի վերոնշյալ ընկերությունները եղել խոշոր հարկատուների ցանի առաջատար դիրքերում։ Օրինակ, 2019 թ․-ին «Բիլայնի» վճարած հարկերը կազմել են մոտ 12 մլրդ դրամ, «Վիվասելինը»՝ մոտ 10 մլրդ դրամ, «Յուքոմը»՝ մոտ 9 մլրդ դրամ։  Առաջինում աշխատում են շուրջ 1800, երկրորդում՝ 1200, երրորդում՝ 1700 աշխատակից։  

Արա Մարտիրոսյան   

 

Շարքի նախորդ հրապարակումները՝

Ատոմակայան

Գազ

ՀԷՑ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ