14 07 2020

«Ռազմավարական օբյեկտները հանձնեցին ռուսներին»-ի ապամիֆականացումը․ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

«Ռազմավարական օբյեկտները հանձնեցին ռուսներին»-ի ապամիֆականացումը․ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ

Yerevan.Today-ը սկսում է շարք՝  «Ռազմավարական օբյեկտները հանձնեցին ռուսներին» ապամիֆականացումը: Տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանը ներկայացնում է անկախ Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների պատմության վերաբերյալ փաստեր, որոնք տարիների ընթացքում միտումնավոր աղավաղվել են և ձևավորել կարծրատիպեր։ «Ատոմակայանը տվեցին», «կապը խլեցին», «երկաթուղին հանձնեցին ռուսներին»՝ այս և այլ թեմաներ, որոնք երկար ժամանակ է, ինչ շահարկվում և պիտակավորվում են «հայտնի շրջանակների» կողմից, իբրև «դավաճանական»։ Նյութերի շարքը կոչված է ներկայացնելու այս՝ անշուշտ մեր տնտեսության համար կարևորագույն գործարքների սկզբնական վիճակը, գործարքների շարժառիթը և նպատակը՝ ներկայացնելով միայն պատմական փաստեր։

Առաջին թողարկումը՝ ատոմակայան

Ատոմակայանը մեր երկրի կենսագործունեության և անվտանգության կարևոր բաղադրիչներից է։ Առանց ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի, երկիրը կկանգնի էներգիայի դեֆիցիտի առջև, ինչին բախվեցինք 90-ականներին։ Արցախի ինքնորոշման համար սկսված և այդ պահին թափ հավաքող քաղաքական շարժման՝ ՀՀՇ-ի ճնշման տակ 1989 թ․-ին Հայկական ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցվեց։ Երկու տարի անց Հայաստանում իշխանության եկած այդ ուժի կոպիտ սխալի հետևանքները ծանր նստեցին Հայաստանի տնտեսության և բնակչության վրա։ Տնտեսությունը և մասնավորապես՝ խորհրդային տարիներին ստեղծված արդյունաբերությունը կանգ առավ, փակվեց ավելի քան 600 հազար (ՀԲ տվյալներով) աշխատատեղ։ Մենք հայտնվեցինք էներգետիկ դաժանագույն ճգնաժամի մեջ՝ մնալով առանց լույսի և ջերմության և զանգվածաբար աղքատանալով։ Այս կացությունը ստիպեց այդ ժամանակվա իշխանություններին մտածել ատոմակայանի աշխատանքի վերսկսման մասին։

1993 թ․-ին կառավարությունը որոշում ընդունեց սկսել ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործումը։ Այն կառուցվել էր 1980թ․-ին։ Առաջին էներգաբլոկը կառուցվել էր ավելի վաղ՝ 1973 թ․-ին և նրա գործունեությունը վերջանականպես դադարեցված է։ Ատոմակայանի վերագործարկման աշխատանքները ավարտվեցին 1995 թ․-ին։ Նույն տարվա նոյեմբերին այն միացվեց էներգահամակարգին։ Դրանից հետո վերացան հովհարային անջատումները, երբ օրական ստանում էինք 2-4 ժամ էլկտրաէներգիա, և շուրջօրյա էներգամատակարարումը վերականգնվեց։

Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կտրուկ բարձրացավ։ Ատոմակայանը սկսեց արտադրել Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը։ Մինչ այժմ էլ այդ համամասնությունը պահպանվում է։ Սակայն մեկ բան է Ատոմայականի գործարկումը, այլ բան՝ դրա արդյունավետ շահագործումը։

Լինելով խորհդային ժամանակաշրջանում կառուցված օբյեկտ, Հայկական ԱԷԿ-ի գործունեության համար անհրաժեշտ միջուկային վառելիքն ու սարքավորումները արտադրվում էին միայն Ռուսաստանում, որտեղից էլ դրանք մենք ստանում էինք։ 1995-2001 թվականներին ատոմակայանի գործունեության արդյունքում ռուսական կողմի մատակարարած միջուկային վառելիքի դիմաց մոտ 40 մլն դոլար պարտք էր կուտակվել։ Ռուսական կողմը նոր վառելիքի մատակարարման վերսկսման համար նախապայման էր դրել այդ պարտքի մարումը: Կողմերի միջև բանակցությունների արդյունքում կազմվեց պարտքերի մարման ժամանակացույց։  Որպես պարտքի մարման երաշխիք ռուսական կողմը պահանջեց ՀԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի նկատմամբ իր կողմից վերահսկողության իրականացումը։ Սա այն ժամանակ շահարկումների տեղիք տվեց, որոնք ուղղվեցին գործող իշխանության դեմ։

Մինչդեռ, այս դեպքում ևս, ինչպես «Գույք պարտքի դիմաց» գործարքից առաջ, պարտքը հիմնականում կուտակվել էր 90-ականներին։ «Գույք պարտքի դիմաց» բանաձևով պարտքի առաջացման և մարելուն  անդրադարձել ենք մեր հրապարակմամբ: Հետևյալ հրապարակմամբ էլ ներկայացրել ենք, թե ի՞նչ ներդրումներ են կատարվել և որքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել այդ գործարքին հաջորդող տարիներին ռուսական կողմին անցած ձեռնարկություններում, ի տարբերություն 90-ականների զանգվածաբար քայքայված Հայաստանի այլ արդյունաբերական ձեռնարկությունների։

Անհրաժեշտ էր մարել նաև Հայկական ԱԷԿ-ի կուտակած պարտքը՝ շարունակելու համար նրա հետագա գործունեությունը։ Ընտրվեց, թերևս, ամենաօպտիմալ տարբերակը՝ ատոմակայանի ֆինանսական հոսքերի կառավարումը հանձնել «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին, պահպանելով ԱԷԿ-ի՝ ՀՀ սեփականության կարգավիճակը, առանց ավելացնելու Հայաստանի արտաքին պարտքը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի կառավարմանը հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվեց 2003 թվականին՝ 5 տարի ժամկետով։ 2008 թ․-ին այն երկարացվեց մինչև 2013 թվականը: Պայմանագրով սահմանվեց, որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ը պարտավորվել է ապահովել ԱԷԿ-ի անխափան և անվտանգ գործունեությունը և ամեն տարի միջուկային վառելիք ներկրել ատոմակայանի համար:

Արդյունքում պարտքային խնդիրը կարգավորվեց։ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ն ամբողջությամբ կատարեց իր առջև դրված խնդիրը՝ այդ տարիներին վերահսկելով ատոմակայանի բյուջեի ձևավորման և կատարման գործընթացը: 2011թ․-ին դադարեցվեց պայմանագրի գործունեության ժամեկտը, և ՀԱԷԿ-ի կառավարումն անցավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը։

Հայկական ԱԷԿ-ի պարտքի խնդիրը ամբողջական լուծում գտավ։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի տնտեսության թռիչքային զարգացման ապահովման հիմքերից մեկը հենց ատոմակայանի անխափան և արդյունավետ գործունեությունն էր։ Դա տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերի կառավարման ճիշտ տարբերակի իրագործման շնորհիվ։

Այսպիսով, փաստենք Հայկական ԱԷԿ-ը անցած 20 տարիների ընթացքում կայուն աշխատել է, պարբերաբար նորոգվել եւ վերազինվել, կայանում ներդրվել է ֆինանսական արդյունավետ կառավարման համակարգ, շարունակում է գործել որպես ՀՀ ռազմավարական նշանակության կարեւորագույն պետական օբյեկտ, 5 տարի առաջ սկսվել եւ շարունակվում է գործունեության ժամկետը մինչեւ 2027 թ․-ը երկարացնելու՝ 300 մլն դոլարանոց ծրագիրը եւ ընդհանրապես՝ ոչ մի տեղ չի անհետացել եւ ոչ ոք մեզանից չի խլել այն։  

Հ․Գ․ Հատկանշական է որ Հայկական ԱԵԿ-ի բնականոն շահագործման տարիներ շարունակ անթաքույց պայքարում են Թուրքիան եւ Ադրբեջանը։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ