Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը, ավելի ճիշտ՝ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձը, իհարկե, չպետք է նույնացնել բուն փաստաթղթի՝ «Ազգային անվտանգության ռազմավարության» հետ: Բայց հասկանալի է, որ այդ ուղերձը, հնարավորինս խտացված արտահայտում է այն հիմնական գաղափարներն ու մոտեցումները, որոնք դրված են փաստաթղթի հիմքում:
Այդ տեսանկյունից Նիկոլ Փաշինյանի ուղերձը ուշադրություն է գրավում «Արցախի Հանրապետություն», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ուղիղ բնորոշումների բացակայությամբ: Մի քանի անգամ արված շեշտադրումներում, նաև բուն փաստաթղթում նշվում է՝ Արցախ, Արցախի իշխանություններ, Արցախի հայություն, Արցախի ազգաբնակչություն, Արցախի ինքնիշխանություն: Մեկ տեղում նշվում է՝ Արցախի քաղաքացիություն:
Ո՞րն է խնդիրը: Մի՞թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը խնդիր ունի Արցախի Հանրապետություն ասելու, Արցախի Հանրապետության իշխանություններ ասելու, Արցախի քաղաքացիներ ասելու: Կարծես պետք է որ չունենա նման խնդիր, ինչպես նման խնդիր չի ունեցել կամ չի կարող ունենալ Հայաստանի որևէ իշխանություն:
Ու այդ առումով երկրորդական նշանակություն ունի՝ Հայաստանը պաշտոնապես ճանաչե՞լ է Արցախի Հանրապետությունը, թե՝ ոչ: Բոլորին էլ հասկանալի է, որ դա մեր նախաբանակցային ժեստն է, հակառակ դեպքում՝ բանակցային գործընթացն ուղղակի իմաստազրկվում է:
Այնուամենայնիվ, «ինքնորոշման իրավունքի իրացմանը սատարելը» մի տեսակ նուրբ և անորոշ է հնչում՝ 2007-ին ընդունված ռազմավարության փաստաթղթի շատ կոնկրետ ձևակերպման համեմատ, որ ընդունելի կլինի կարգավորման միայն այն տարբերակը, որն ուղղված կլինի «ԼՂՀ փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն»:
Ինչ վերաբերում է նոր ռազմավարությանը, ապա՝ լավ է, «ազգային նպատակների» շարքում որոշակի ամրագրված է «Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման»:
Նիկոլ Փաշինյանի ուղերձում (և փաստաթղթում էլ) նշվում է, որ
բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն «Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում»: Հարց է ծագում. ի՞նչ ասել է՝ «ժողովրդական հավանություն» և ինչպե՞ս է այն որոշվելու: Ողջամտորեն պետք է ենթադրել, որ խոսքը հանրաքվեի մասին է: Բայց ի՞նչ իմանաս, որ ինչ-ինչ շրջանակներ ամենայն լրջությամբ չեն սկսի «ժողովրդական հավանության» տակ ճշտել, ասենք՝ ֆեյսբուքյան լայքերը կամ մեկնաբանությունները: Առավել ևս, եթե խոսքը փաստաթղթի մասին է, ապա թերևս տեղին կլինի գործածել կոնկրետ հասկացություններ, օրինակ, ինչպես ասվեց՝ հանրաքվե:
Լավ, թողնենք Արցախին վերաբերող դիտարկումները, որոնց մի փոքր մասը միայն շոշափվեց այս անդրադարձում:
Հետաքրքրեց մեկ այլ ձևակերպում, այն, որ Նիկոլ Փաշինյանը թվարկելով հայ ժողովրդի ազգային արժեքները, մասնավորապես նշում է. «Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. Քրիստոնեությունը»:
Հայ Առաքելական եկեղեցու պահը պարզ է, ընկալելի, անվիճելի: Հայ կաթողիկե եկեղեցու պահն էլ է ընկալելի, հաշվի առնելով Մխիթարյան միաբանության դերակատարումն ու առհասարակ, դերակատարումը: Հետաքրքիր է, թե այդ երբվանի՞ց հայ ավետարանական եկեղեցին ու ավետարանական անվամբ հանդես եկող ճյուղավորումները դարձան «ազգային արժեք»:
Ոչ ոք չի վիճարկում մարդկանց խղճի ազատությունը, և սա դավանանքով կամ դրա ճյուղավորմամբ ազգային պատկանելության խնդիր դնելու հարց չէ: Սա՝ հնարավոր խեղընկալումները կամ միտումնավոր խեղաթյուրումները ի սկզբանե կանխելու համար ենք նշում:
Բայց իսկապես հարց է ծագում, թե այդ ո՞վ, ե՞րբ ու ինչպե՞ս որոշեց, որ ավետարանական եկեղեցին, որպես այդպիսին՝ ազգային արժեք է: Կներեք, իսկ այդ դեպքում ինչո՞ւ ազգային արժեք չեն, օրինակ, Հայ արիները կամ այսպես ասենք՝ նախաքրիստոնեական շրջանի դավանաբանությանը հետևող մեր հայրենակիցներն ու այդ հենքով նրանց միավորումը: Թե՞ այս պահը ներառված է այս հատվածում, երբ ազգային արժեքների թվարկման մեջ նշվում են «Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները»:
Գեղեցիկ է հնչում, որ ազգային արժեք է «Համահայկական ներուժը»: Մնում է պարզել, թե ուղերձի հեղինակը հատկապես ի՞նչ նկատի ունի: Կամ գուցե ամեն մեկը յուրովի, իր մտահորիզոնին համապատասխան կպատկերացնի «Համահայկական ներուժը»:
Հետաքրքիր դիտարկումների տեղիք են տալիս նաև «Համակեցության համահայկական կանոններ» վերտառության ներքո ներկայացված մոտեցումները: Նիկոլ Փաշինյանը, օրինակ, ասում է. «Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն»:
Հրաշալի է: Բայց սա ասում է մի գործիչ, ով վերջին երկու տարվա ընթացքում, արդեն որպես ՀՀ վարչապետ կամ թիվ 1 ղեկավար դեմք, բազմաթիվ ելույթներում առատորեն ներհասարակական բաժանումների ու «սորտավորման», վերբալ ագրեսիայի, պիտակավորման օրինակներ է տվել: Դեռ մի կողմ թողնենք քաղաքական ընդդիմախոսների կամ հակառակորդների դեմ թիրախավորված ռեպրեսիվ դրսևորումները:
Հետաքրքիր էր նաև հետևյալ դատողությունը. «Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը»:
Հոյակապ է: Պարզապես մի լրացում է պակասում: Այն լրացումը, որ «օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը» որոշում է անձամբ Նիկոլ Փաշինյանը, իր ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում: Հակառակ դեպքում, իշխանությունը, որի կցորդ-ուղեկցորդի դերում են օտարերկրյա գրանտային ֆինանսավորման վրա նստած մի շարք ոչ անհայտ անձինք, ինչպե՞ս է համատեղում վերը մեջբերված մոտեցումն ու տվյալ շրջանակների կցորդումը, վերջիններիս պետական կարևոր հանձնարարություններ վստահելը:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը