Այնպես ստացվեց, որ 2018 թ․-ին «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հրապարակներում ու սոցցանցերում հաճույքից ոռնացողները այսօր դարձել են շատ ավելի մեծ չափով և հաճախակի տուգանվելու «մատերիալ», բայց սսկվել են ու չեն դժգոհում։ Դիմակ չկրելու համար 10 հազար դրամ տուգանքով չսահամանափակվելով, իշխանական պատգամավորները, բնականաբար իրենց «շեֆի» հրահանգով, նոր նախագիծ են առաջարկում՝ բաց տարածքներում դիմակ չկրելու համար 20 հազար դրամ տուգանք, փակ տարածքներում՝ 50 հազար դրամ։ Նախագծի շուրջ դժգոհություններից հետո այն առկախվել է։ «Դուխով» գլխարկներ կրած քաղաքացիները դարձյալ լուռ են, նրանց փոխարեն իշխանության սանձարձակությունների դեմ շարունակում են պայքարել նրանք, ովքեր ավելի քան երկու տարի է պայքարում են իշխանության բոլոր ապօրինությունների դեմ։
Կորոնավիրուսի դեմ պայքարելու դիմակ կրելու պարտադրանքը իշխանությունների կողմից դարձել է մոլագարության հասնող ցանկություն։ Գիշեր-ցերեկ դրա մասին խոսում են Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը, իմքայլական պատգամավորները, սոցցացնցերում հեշտեգներ են արվում, գովազդային պաստառներ են հայտնվել անգրագետ և զավեշտալի գրառմամբ՝ «կրիր, որ կրենք»։ Մի երկրում, որը 1 մլն բնակչին ընկնող վարկակակիրների թվով վտաթարագույն տասնյակում է հայտնվել, այսինքն փաստացի խոշոր հաշվով պարտվել է կորոնավիրուսի դեմ պայքարում, իշխանությունը խոսում է «կրենք»-ի մասին։
Ամենազավեշտալին սակայն այն է, որ որքան բնակչությունը սկսում է ավելի պարտաճանաչ դիմակ կրել, այնքան կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելանում է։ Այս պայմաններում դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացումը սկսում է այլ եզրակացությունների տեղիք տալ։ Մասնավորապես, որ, ըստ «օդում կախված լուրերի» դիմակների արտադրությամբ զբաղվող Տավուշի ձեռնարկությունն կապ ունի Նիկոլ Փաշինյանի հետ։ Կամ՝ որ հիվանդների ավելացումը ձեռնտու է իշխանությանը, քանի որ միայն «յուրայինների» հիվանդանոցներում են բուժում կորոնավիրուսը և համապատասխանաբար՝ այնտեղ են ուղղվում այդ նպատակով հատկացված պետական գումարներն ու վարակի դեմ պայքարի համար ստավցող տարբեր օժանդակությունները։ Դեռ մի կողմ թողնենք կորոնավիրուսով պայմանավորված քաղաքական ակցիաներն արգելելու գործոնը, որն, ի դեպ, կիրառվում է միայն ընդդիմադիրների նկատմամբ, բայց ազատորեն թույլ է տրվում փաստաթղթեր կեղծելով բանակից փախած «անկախ» պատգամավորին։ Հիմնական տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը ձեռքներն է տաքացնում հիվանդության տարածման վրա, այլ խոսքերով ասած մի կողմից՝ «փող է աշխատում», մյուս կողմից՝ փորձում քաղաքացիների տուգանքների հաշվին պետբյուջեի ամսե ամիս խայտառակ արագությամբ նվազող եկամուտները համալրել։
Ի՞նչ է պետք անել, որպեսզի նման տպավորություն չլինի։ Անհրաժեշտ է իրական և համալիր պայքար տանել կորոնավիրուսի դեմ, այլ ոչ թե տպավորություն ստեղծել, որ պայքար է տարվում և բացասական արդյունքները գցել «ժողովրդի անպատասխանատվության» վրա։ Մասնագետները բազմիցս ներկայացրել են այդ պայքարի կարևոր դրույթները, որոնք իշխանությունը պարզապես անտեսում է՝ ավելի ու ավելի իրական դարձնելով ենթադրությունը, որ իրեն բնակչության կյանքն ու կորոնավիրուսի վերացումը չի հետաքրքրում։
Խոսքը բնակչության համատարած թեստավորման մասին է, որը ավելի քան չորս ամիս է չեն անում իշխանությունները։ Դրա փոխարեն առողջապահության նախարարը հայտարարում է, որ ով ցանկանում է կամավոր թեստավորվել, թող վճարի դրա համար։ Եվս մեկ վկայություն պետական պարտավորությունների փաստացի չգոյության մասին, որը դարձյալ սկսում է նմանվել բիզնես նախագծի՝ «վճարիր եթե ուզում ես»։ Ներկայումս թեստավորում են մի քանի օր ջերմող և վիրուսի այլ նշաններ ունեցող մարդկանց։ Մինչդեռ անհրաժեշտ է համատարած թեստավորում անել և ամբողջ ջանքերն ու գումարներն ուղղել դրան կամ գոնե նվազագույնը՝ մարդու մոտ հիվանդության առաջին իսկ նշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դա անել։ Երբ թեստավորում չի արվում և հայտնի չի դառնում մարդը վարակակիր է, թե ոչ, նա դառնում է վարակի աղբյուր ընտանիքի անդամների և շրջապատի մարդկանց համար։
Եթե մարդը գիտակցաբար է տարածում վարակը, ապա պետությունը քրեական պատասխանատվություն է սահմանում, իսկ եթե դա անում է առանց իմանալու և պետությունը ոչինչ չի անում դա թույլ չտալու համար, ապա ո՞վ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հարցը հռետորական չէ և ենթադրում է, որ նման պատասխանատվության պետք է ենթարկվի իրավասու մարմինը՝ առողջապահության նախարարը։ Պարզ է, որ ինչպես ամեն ինչ մեր երկրում, նման կարգավորում պետք է լինի Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ, ինչը չկա։
Այսինքն, այսօր ունենք մի կացություն, երբ պետությունը փոխանակ իր ողջ կարողությունները ներդնի հիվանդության ամբողջական պատկերն իմանալու՝ թեկուզ ուշացած քայլեր անելու և այդպիսով վարակի տարածումը կանխելու, շարունակում է գնալ սարից գլորվող ձնագնդիի նմանվող վարակի տարածման հետևից։ Թե ինչո՞ւ է այդպես և ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում գոնե դիմակ կրելու պարտադրանքին զուգահեռ անցկացնել լայնածավալ թեստավորում, կարելի է միայն ենթադրել, ինչի մասին արդեն նշեցինք վերևում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը