02 07 2020

Նավալնուն պետական հեռուստաեթեր տալը պատահական բան չէր

Նավալնուն պետական հեռուստաեթեր տալը պատահական բան չէր

Հայաստանի իշխանությունը հետևողականորեն լարում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ու այդ պայքարին լծել է ամենաուղիղ ճանապարհը՝ հեռուստատեսությունը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը եթերում ցուցադրում է Ալեքսեյ Նավալնիին, մարդու, որը, հայտնի է՝ որ արևմտյան ազդեցությամբ աշխատում է Ռուսաստանի իշխանությունների դեմ։ Տարբեր են կարծիքները այս գործչի մասին, հակաիշխանական գործիչ է, հակառուս գործիչ է, նացիստ է։ Օրինակ՝ Սորոսի դրամաշնորհներով աշխատող անձինք, որոնք երեկ պայքարում էին իշխանության դեմ, իսկ իշխանափոխությունից հետո գովերգում են այլասերություն քարոզող կոնվենցիաները, եկեղեցու դեմ հարձակումը, հայոց պատմություն առարկայի՝ բուհերից հանելը և այլն, նրանք հակաիշխանական գործի՞չ են, թե՞ հակապետական։ Նրանք աշխատում են պետության դեմ։ Որպեսզի պատկերացնեք, նույնը և Նավալնին է Ռուսաստանում։ Պարզապես տարբերությունն այն է, որ եթե մենք նայենք, թե մեր երկրում ով է ընդդիմադիր գործիչներից, որ իրեն պահում է այդտեսակ այլանդակ կերպարով, քան Ռուսաստանում Նավալին, չենք կարող գտնել։ Անգամ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն այդպիսին չի եղել։

Բայց Ալեքսեյ Նավալնին նաև հակահայ գործիչ է, եթե ոմանք չգիտեն, բազմիցս նացիստական հայտարարություններով է հանդես եկել, հայերին անվանարկել և այլն։

Ու այդ մարդը հուլիսի 1-ի երեկոյան Հ1-ի եթերում, մեկնաբանում էր Ռուսաստանի հանրաքվեն, կոչեր անում և այլն։ Ընդգծենք, ոչ թե ասենք, մասնավոր հեռուստաընկերության եթերում, այլ՝ պետական՝ հանրային համարվող հեռուստաալիքի։ Այստեղ կարելի է հիշել, թե ինչպես էր ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, վախից, սպառնում տեղական լրատվամիջոցին, որ վերնագիր փոխի, որ հանկարծ ռուսները չմտածեն, թե հակառուսական օրենք էն քննարկում․ այս դեպքում երբ հակառուս գործիչն է Հ1-ի եթերում, այն էլ՝ իրենց համար կարևոր հանրաքվեի առիթով, լուռ է։

Որքան էլ Հայաստանի իշխանությունը փորձի հակառակը պնդել, սա հերթական դեպքն է, որ ապացուցում է Հայաստանի՝ հակառուսական գործելակերպի խորացումը։ Այս ընթացքում տարբեր իրադարձություններ, որոշումներ են եղել, որ դրան են տանում՝ ռուսական էժան վարկից հրաժարում, բայց այլ կառույցներից թանկ վարկերի ներգրավում, ռուսական հեռուստաալիքների դեմ արշավ, ռազմաբազան փակելու կոչեր, գազի գնի թանկացման արդյունքում Ռուսաստանի դեմ արշավ, ռուսաստանից փախած հակաիշխանական գործչին ապաստանի տրամադրում և այլն։

Բանն այն է, որ Հ1-ը հեղափոխություն կոչվածից հետո անձնակազմը փոփոխել է, և աշխատանքի են ընդունել «Ազատություն» ռադիոկայանի աշխատողների։ «Ազատությունը», շեշտեմ, սնվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսավորումից։ Ու բնականբար՝ ԱՄՆ-ն հակառուսական քարոզչություն է անում ողջ աշխարհում։ Մեր իշխանությունը ևս միացել է այդ քարոզչությանը։

Իհարկե՝ այնպես չէ, թե Հ1-ի որևէ լրագրող կարող է ինչ-որ ռեպորտաժ մտքով անցկացնել ու միանգամից գնալ նկարելու կամ անաչառ լուսաբանելու։ Հ1-ը աշխատում է ուղղակի պատվերով, ու այստեղ ամեն բառը, ամեն խոսքը, ամեն եթերը մանրադիտակով ստուգվում է, իսկ խոսքի ազատության մասին ու հանրային շահի մասին խոսելը կլինի միամտություն։ Ինչպե՞ս կարող է հանրային շահ ընկալվել բարեկամ երկրի իշխանության հասցեին մերկապարանոց ստեր ասողին եթեր տալը։

Դեռ ամիսներ առաջ, երբ ՀՀ վարչապետի խոսնակի պաշտոնից չէր հեռացվել Վլադիմիր Կարապետյանը, Հ1-ը պետական միջոցներով լրատվական կայքը թարմացրեց։ Այդ ժամանակ տեղեկություններ կային, որ Հ1-ի լրատվականի ու կայքի ռեպորտաժները կարգավորում, խմբագրում են վարչապետի խոսնակը, Աննա Հակոբյանը և ևս երեք հոգի։ Այսինքն՝ խմբագրվում է յուրաքանչյուր ռեպորտաժը մանրակրկիտ, եթե այն լուրջ քաղաքական հարց է, Քոչարյանի մասին է, արտաքին հարաբերությունն է և Արցախի հարց։ Չի բացառվում, որ նույնը նաև հիմա է պահպանվում՝ նաև հաշվի առնելով «Ազատություն» ՌԿ կադրային բազան, որը նախապատրաստվել և թրծվել է ամերիկյան կառավարության հովանու ներքո։

Այսինքն, տեղի ունեցածը ոչ թե Հ1-ի լրագրողի, խմբագրի կամ տնօրենի արած աշխատանք է, այլ՝ պետական քաղաքականությունն է այդպիսին։

Բնականաբար, հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի քաղաքացիների շահերից և սրտից էր իրենց գումարով սնվող Հ1-ի նման եթերը, արդյո՞ք Հայաստանի քաղաքացին Ռուսաստանի հետ նման կասկածելի և միանշանակ հարաբերությունների վատացման մանդատ է տվել այդ քաղաքականությունը որոշողներին։

Գրեթե, 100 տոկոսով համոզված եմ, որ՝ ոչ։ Նույնիսկ, նախընտրական խոսքերում չես կարող գտնել, որ Փաշինյանը ասում է՝ ռուսները էսպես, էնպես։ Հակառակը, ասում էր՝ ամեն բան լավ է ու էլ ավելի լավ է լինելու։ Իսկ այսօր, արդեն, ոչ թե թաքնված հակառուսականություն է քարոզվում, այլ արդեն պետական ալիքով, ի լուր աշխարհի։ Վլադիմիր Սոլովյովը, որը համարվում է մերձկրեմլյան լրագրող, միանգամից իր եթերում արձագանքեց, թե այ հայեր, էս ումե՞ք եթեր տալիս, մեկին, ով ձեզ անվանարկում է։ Փաստորեն, ռուսները արձագանքեցին, դեռևս Սոլովյովի եթերով, բայց այլ արձագանքներ ևս, վստահ եմ, կլինեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ