27 06 2020

Պարոնայք, խնդիրների լուծման համար մեզ «քերելուց» բացի այլ տարբերակ չունե՞ք

Պարոնայք, խնդիրների լուծման համար մեզ «քերելուց» բացի այլ տարբերակ չունե՞ք

 

Հայաստանում գույքահարկը թանկանում է 4․3 անգամ։ Այն միանշանակ ծանր հարված է շատերին, մանավանդ որ բարձրանալու է նաև մինչև 3 մլն դրամանոց գույքի հարկը, որը մինչ այդ չկար։ Ընդ որում, դա ամենաշատը զգալու են Երևանի կենտրոնում բնակվողները։ Այնպես չէ, թե Երևանի կենտրոնում բնակվող բոլոր քաղաքացիները մեծահարուստ են, բայց ստացվում է, որ տարբեր տարիներին այստեղ հաստատվածները, որոնց մեջ կան սոցիալական նպաստ ստացողներ, ծայրահեղ աղքատներ, աղքատ թոշակառուներ, օլիգարխներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և այլն, պետք է վճարեն բարձր հարկեր։

Ու հիմա Երևանի կենտրոնում բնակվող՝ հանրությանը հայտնի անձինք ֆլեշմոբ են կազմակերպել՝ իրենց բողոքը ներկայացնելով գույքահարկի բարձրացման դեմ։ Բնականաբար, իշխող «Իմ քայլը» արձագանքում է․ արձագանքներից առանձնացնենք ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառումը, մանավանդ որ նա որպես երկրում առկա խնդիրների լուծման ձև դիտարկում է քաղաքացիների գրպանը մտնելը։

Այսպես․ պատգամավորը հարցեր է բարձրացնում․

«Տեղյա՞կ եք արդյոք, որ սահմանամերձ գյուղում կամ քաղաքում երեխան հաճախում է մանկապարտեզ, որի տարեկան վճարը մոտ 60.000 դրամ է, իսկ Երևանում մանկապարտեզները անվճար են»։

  • Պարոն Կարապետյան, բնիկ երևանցիներին կամ Երևանում բնակվողներին ի՞նչ, թե սահմանամերձ գյուղում մանկապարտեզների վճարը որքան է։ Ինչո՞ւ եք դա ասում։ Ի՞նչու եք դա ասում, առհասարակ, քաղաքացիներին։ Ասենք, Հրանտ Թոխատյանի՞ մեղքով է սահմանամերձ մանկապարտեզի վարձն այդքան, իսկ Երևանում անվճար։ Ո՞ւմ մեղքով է։ Իշխանություն եք, պետբյուջե ունեք, սուբսիդավորե՛ք։ Մինչ այս ասում էին, որ բյուջեն թալանվում է, դրա համար այդտեսակ խնդիրները չեն լուծվում։ Հիմա էլ հո չի՞ թալանվում, գումար կա, չէ՞։ Վարչապետն էր ասում գումար ունենք, չենք կարողանում ծախսել։ Բա էդ հարցերը լուծեք։ Ինչո՞ւ պետք է սահմանամերձ գյուղի մանկապարտեզի վարձավճարի մասին մտածի Երևանի Կորյունի փողոցում բնակվող քաղաքացին, եթե ինքը կառավարություն է ընտրել, որը պետք է իր հոգսը թեթևացնի, ոչ թե նոր հոգս ավելացնի։

«Տեղյա՞կ եք, թե որքան գումար է կառավարությունը հատկացնում Երևան համայնքին, որ քաղաքի հատկապես կենտրոնը լինի այնպիսին, ինչպիսին որ կա։ Իսկ տեղյա՞կ եք, թե որքան է հատկացնում սահմանամերձ Բերդ համայնքին։ Կարծում եք, որ «բնիկ երևանցիները» ինչոր բանով առավե՞լ են բնիկ շամշադինցիներից, խաշթառակցիներից, այգուտցիներից...»։

  • Դարձյալ նույն հարցադրումը։ Պա՛րոն Կարապետյան, Երևանին նախկինում էլ էին գումար հատկացնում, ու մայրաքաղաքը կոկիկ էր, մաքուր, գազոնները ջրած, լիքը ծաղիկներով։ Հիմա ի՞նչ վիճակ է։ Համեմատեք, խնդրեմ, «թալանչի» Տարոն Մարգարյանի և «ազնիվ» Հայկ Մարությանի կառավարման շրջանները։ Էն ժամանակ գույքահարկը բարձր չէր, բայց մայրաքաղաքում նույն էր վիճակը կամ մի քիչ ավելի լավ, քան հիմա։ Դուք մայրաքաղաքում երկու տարում կարողացել եք մեկ գլոբալ խնդիր ստեղծել և «հերոսաբար» հաղթահարել՝ աղբի հարցն է։ Դուք տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ եք եղել, նախարարության, որը հանձն էր առել տարածքային համաչափ զարգացմամբ զբաղվել։ Ուրեմն այդ համաչափ զարգացումը դուք, պատկերացնում եք գույքահարկի բարձրացմա՞մբ։ Ինչո՞ւ եք համեմատում Երևանի Կենտրոնի և Բերդ համայնքի բնակիչներին, ո՞վ է մեղավոր, որ նրանք տարբեր իրականություններում են ապրում։ Ձեր թիմի խոսք տվածով՝ նրանք պետք է որ շուտվանից լավ ապրեին։

«Պատկերացնու՞մ եք, թե «բնիկ երևանցիներից» որքան ավել գումար են ծախսում Սյունիքի մարզի բնակիչները, որ իրենց երեխաները օգտվեն որակյալ կրթական կամ առողջապահական ծառայություններից, որոնք, ցավոք, կենտրոնացած են Երևանում»։

  • Հիմա կարո՞ղ եք ասել, թե ինչու է Արայիկ Հարությունյա՛նը մինչ օրս ԿԳՄ․․․ նախարար, ոչ թե, ասենք, սովորական երևանցիներից մեկը։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին գույքահարկը ավել վճարի զուտ նրա համար, որ Արայիկ Հարությունյանը ոլորտը կառավարելու փոխարեն զբաղված է քաղաքական ստատուսներ գրելով։ Ինչո՞ւ եք դուք իմ բնակարանի գումարը համեմատում Սյունեցու կրթության հետ։ Ես, ի՞նչ կապ ունեմ։ ԵՊՀ-ն տեղափոխեք Սյունիքի մարզ, մասնաճյուղ ունեցեք, սուբսիդիա տվեք, քաղաքացուն ապահովեք անվճար կրթությամբ, մի բան արեք, բայց արեք դո՛ւք, ոչ թե մենք։ Փող չկա՞։ Ճոխ պարգևավճարների համար գումար կա՛, Վահեգրիգորյաններին անիմաստ պահելու համար կա՛, վարչապետի հարմարավետ կյանք ապահովելու համար, կա՛, իսկ Սյունիքի մարզի բնակիչների համար չկա՞։

«Գիտե՞ք, արդյոք, որ էս պետության բյուջեն սահմանափակ է և ամեն ինչի համար մենք՝ քաղաքացիներս, պարտավոր ենք վճարել։ Եվ վճարել ավել, եթե մեր պայմանները անհամեմատ ավելի լավն են, քան ուրիշ քաղաքացիներինը։ Սա կստեղծի հնարավորություն, որ Բերդի ճանապարհները վերանորոգվեն, Սիսիանի հիվանդանոցի համար նոր սարքավորում գնեն, Բերքաբերի մանկապարտեզը վերանորոգեն, որ սվարանցցի երեխան, որ երազում է ջութակ նվագել, հանկարծ այդ հնարավորությունը ստանա»։

  • Հարգելիս, այդ գույքահարկի ավելացման տեղը Սերժ Սարգսյանը չգիտե՞ր, ինչո՞ւ չէին բարձրացնում։ Պատկերացրեք, թե էն ժամանակ նման բան անեին, դուք ի՞նչ կանեիք։ Դուք ասելով՝ նկատի չունեմ անձամբ ձեզ, պարոն Կարապետյան, քանի որ դուք «Սերժի վախտ» էդ թիմի անդամ էիք (2018թ․ մայիսի 1-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական էր տվել, Վարազդատ Կարապետյանը հեռացավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից, ապա ինտեգրվեց Նիկոլ Փաշինյանի թիմին)։ Դուք ոչինչ չէիք ասի, իսկ ի՞նչ կասեին այն թիմի անդամները, որի անդամ եք այժմ դուք, ասեմ՝ Էլի թալանում են ժողովրդին, բյուջեի փողն ուտում են, դղյակներ են կառուցում, հասե՜ք։ Իսկ այն ժամանակ չգնացին սոցիալական խնդիրները խորացնելու ճանապարհով, որով հիմա գնում եք դուք։ Որովհետև այն ժամանակ ժամանակը չէր։ Իսկ հիմա է՛լ ավելի ժամանակը չէ։ Մարդիկ գործն են կորցնում, ապրուստի միջոցներն է վերջանում, և դուք ավելի լավ բան չեք մտածում, քան հարկեր բարձրացնելը։

«Երևանի կենտրոնում բնակվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ բնակարանները ստացել են դեռևս Խորհրդային Միության տարիներին, հիմա թոշակառու են կամ սոցիալապես վատ պայմաններում։ Այս խնդրի լուծումը նախատեսված է։ Համայնքի ավագանին կարող է իր կողմից հավաքվող ամբողջ գույքահարկի 10%-ի չափով արտոնություն տալ խոցելի խմբերին՝ նրանց համար զեղչելով կամ ընդհանրապես զրոյացնելով վճարվող հարկի գումարը։ Այսպիսով, տատիկ պապիկների հարցը կլուծվի և նրանք կշարունակեն ապրել իրենց համար այնքան հարազատ դարձած բակում, համայնքում, հարևանների հետ»։

  • Ստացվում է, որ քաղաքացին «պետք է», իսկ քաղաքապետարանը «կարող է»։ Իսկ դա նշանակում է, որ կարող է և չընդառաջել, կարող է, և ամենայն հավանականությամբ, այնպես անել դա, ինչպես, օրինակ, Արտակարգ դրության սահմանափակումներից տուժած քաղաքացիների կոմունալների փոխհատուցումներն էին, որոնք ոչ մի հարց չլուծեցին։ Թե՞ վաղն էլ էլի մեր վրա մուննաթ եք գալու, թե տեսնում եք՝ հարևանը չի կարողանում մուծել, դուք ինքներդ մուծեք, հարևաններով հավաքվեք, մուծեք ձեր «պոդյեզդի» տատիկի գույքահարկը։

Պարոնա՛յք, ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ ենք մենք ընտրել ձեզ որպես իշխանություն․ մեզ «քերելով» գումար քաշելու համա՞ր, թե՞ մեր կյանքը թեթևացնելու։ Այդ ե՞րբ եք, այդպիսի նախընտրական խոստում տվել։

Երբ գալիս էիք իշխանության, ինչո՞ւ էիք ասում, թե երկիրը վատ է, որովհետև բյուջեն թալանում են, գալիս ենք, որ կարգի բերենք, ինչո՞ւ չէիք ասում, որ երկրում ցանկացած խնդիր լուծելու համար պետք է սողոսկեք քաղաքացու գրպանը։ Ինչո՞ւ էիք ասում՝ դուք վատ եք ապրում, որովհետև Սաշիկը 50/50 փայ է մտել, բայց չէիք ասում, որ պետությունը պետք է 50/50 փայ մտնի։ Ինչո՞ւ եք խաբել մեզ։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ