Հետխորհրդային տարիները նախկին խորհրդային հանրապետությունների համար, այսպես կոչված, «արևմտյան արժեքների» ներխուժման շրջան էր։ Արժեքներ, որոնք, սակայն, գործածվում են ըստ քաղաքական նպատակահարմարության, կախված նրանից թե այս կամ այն երկրում արևմուտքի դրածո կամ ամեն ինչում նրա հետ համաձայնվող իշխանությո՞ւն է, թե՞ սեփական պետության շահերով առաջնորդվող։ Առաջիններին ամեն ինչ ներվում է և անգամ ամենաաղաղակող ապօրինությունները «աննկատ» մնում, իսկ երկրորդների համար՝ աննշան առիթի դեպքում գործում է դատապարտող հայտարարությունների, ներքին գործերին անթաքույց և թաքնված միամտությունների, քաղաքական և տնտեսական պատժամիջոցների հղկված մեխանիզմը։
Մինչև 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունները, հատկապես դրանց նախորդող 5-6 տարիներին Հայաստանի Հանրապետության իշխանությունները ջանք ու եռանդ չէին խնայում ԱՄՆ-ին և Եվրոմիությանը դուր գալու համար։ ԵՄ հետ ասոցիացման անհասկանալի և աշխարհաքաղաքական բարդությունների առաջ մեզ կանգնեցրած ծրագրից մինչև ՆԱՏՕ, ԵԽԽՎ, Եվրոխորհուրդ, ԵԺԿ և բազում այլ կառույցների հետ ամենօրյա շփումներն ու հարաբերությունների խորացումը այնպիսի տպավորություն էին թողնում, որ Հայաստանի իշխանություններին ամեն քայլ անելուց առաջ պետք է արևմուտքի թույլտվությունը ստանային։ Թեև սա արդարացի դժգոհություն էր առաջացնում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ, բայց չնայած դրան, Սերժ Սարգսյանի իշխանությունն այն կարծիքին էր, որ արևմուտքի հետ նման «սիրախաղը» զերծ կպահեր Հայաստանը գունավոր հեղափոխություններից և գործող իշխանության տապալումից։ Այդպես չեղավ։ 2018 թ․-ին տեղի ունեցավ իշխանության զավթում, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն բառ անգամ չասեցին ի պաշտպանություն իրենց հետ ջերմ հարաբերությունների ձգտող իշխանության։ Սա առավել քան համոզիչ ապացույց էր վերևում նշվածի՝ Արևմուտքը չի հավատում ոչ ոքի, որը նրա դրածո իշխանությունը չէ և ոչ մի սիրաշահում չի օգնի այստեղ։ Առավել ևս, եթե ազգային շահով առաջնորդվող իշխանությանը փոխարինում է իր դրածո իշխանությունը։
Արևմուտքի երկդիմի մոտեցումները մեզ համար առավել ակնհայտ դարձան անցած երկու տարիներին։ Հայաստանը մտավ ապօրինությունների և իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների աղաղակող ոտնահարոսւմների փուլ։ Չապացուցված մեղադրանք Մանվել Գրիգորյանի նկատմամբ և նրան կալանքի տակ պահելով մահամերձ վիճակին հասցնել, լրատվամիջոցի ղեկավար Մհեր Եղիազարյանի հացադուլ և մահ բանտում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու տարի շարունակվող ապօրինի կալանք և քրեական հետապնդում, քաղաքական ընդդիմախոսների պարբերական ձերբակալություններ և հարձակումներ, երկրի վարչապետի կողմից դատարանների շրջափակում և իշխանության մի ճյուղի կողմից մյուսին ճնշելու գործողություններ, անցանկալի դատավորների նկատմամբ քրեական հետապնդումներ, Սահմանադրական դատարանի նկատմամբ ապօրինի գործողություններ՝ ապօրինի հանրաքվե հայտարարելուց մինչև դրա՝ դարձյալ ապօրինի վերացումը, Սահմանադրական դատարանի դատավորներին հեռացնելու երկրի ղեկավարի անթաքույց գործողություններ, ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումներ, հարձակումներ, սահմանափակումներ, հանրային լրատվամիջոցների լիակատար ենթակայություն գործող իշխանությանը, խորհրդարանական ընդդիմության ղեկավարներից մեկի ծեծ իշխանական պատգամավորների կողմից, իսկ այս օրերին էլ քաղաքական երկրորդ քաղաքական ուժի՝ ընդդիմադիր կուսակցության ղեկավարի նկատմամբ քրեական գործի հարուցում և ձերբակալելու որոշում այն բանից հետո, երբ վերջինս գործող իշխանության հեռացման պահանջով հանդես եկավ։ Սա է այն աղաղակող ապօրինությունների ոչ լրիվ ցանկը։ Եվ ի՞նչ։ Գոնե մեկ ձևական դատապարտող կամ մտահոգություն արտահայտող հայտարարություն իրեն անդամագրված երկրներից մեկում վերոնշյալ դեպքերից մեկի վերաբերյալ եվրոպական կառույցներից որևէ մեկի կողմից տեղի ունեցա՞վ։ Դարձյալ ոչ։ Համր ու խուլ էր նաև ԱՄՆ դեսպանատունը Հայաստանում։
Մինչդեռ, բավական է հիշել ԵՄ և ԱՄՆ կոպիտ միջամտությունները 2008 թ․-ի մարտի 1-ի դեպքերի հետ կապված։ Թե մեկը, թե մյուսը չէին «տեսել» այդ օրը ջարդուփշուր արված խանութներն ու այլ օբյեկտները, մի քանի տասնյակ այրված ավտոմեքենաները, 180-ից ավելի տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ ստացած ոստիկանները և այդ ամենը իրականացրած «խաղաղ»՝ հրազենային զենքերից կրակող ցուցարարները և պահանջում էին իշխանություններից բռնություն չկիրառել, իսկ հետագայում նաև՝ ազատել մարդկային զոհերի պատճառ դարձած այդ անկարգությունների կազմակերպիչներին։
Ի՞նչ եզրակացություններ պետք է անենք վերջին տարիներին այս ամենի ականատեսը լինելուց հետո հետագայի համար։
1․ Պետք է ելնենք այն իրողությունից, որ արևմուտքը՝ ի դեմս ԵՄ-ի և ԱՄՆ-ի, երբեք չեն պաշտպանում այն արժեքները, որոնց մասին անընդհատ խոսում են և երբեք հանդես չեն գալու այդ արժեքները պաշտպանելու օգտին մեր երկրում։
2․ Պետք է ընդունենք ի գիտություն, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն երբեք չեն դադարելու մեզ հիշել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է ճնշումներ գործադրել մեր պետության նկատմամբ հանուն սեփական քաղաքական կամ այլ շահերի։ Օրինակ՝ ԵՄ-ն շարունակում է պահանջել փակել մեր ատոմակայանը, չնայած դրա կենսական նշանակությանը մեզ համար։
3․ Հարաբերությունները արևմուտքի հետ պետք է կառուցենք առանց վնասելու մեր ռազմավարական գործընկերությանը Ռուսաստանի հետ։ 2018 թ․-ի ապրիլ-մայիսը ապացուցեց, որ «և, և»-ի քաղաքականությունն անարդյունավետ է։ Ընդգծենք, որ դա չի նշանակում թշնամանալ արևմուտքի հետ։ Պարզապես պետք է դադարել սիրաշահել նրան։ Ցանկացած պահին արևմուտքը առանց աչքը թարթելու ոտնատակ է տալիս անգամ իր ամենահավատարիմ դաշնակցին և մոռանում իր իսկ հռչակած արժեքները։
4․ Պետք է հրաժարվել եվրոպական և ամերիկյան օժանդակության ծրագրերից։ Տնտեսական օժանդակության ծրագրերը երբեք էական ազդեցություն չեն ունեցել մեր տնտեսության մեջ, իսկ տրամադրված գումարների մեծ մասը հետ է վերադառնում ծրագիրն իրականացնողներին՝ այստեղ աշխատող իրենց քաղաքացիներին և ընկերություններին։ Փոխարենը, այդ ծրագրերով Հայաստանում ստեղծվում են «հինգերորդ շարասյուններ»՝ այսպես կոչված հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք ֆինանսավորվում են և գործում Հայաստանի Հանրապետության դեմ։
Բնականաբար, այս ամենը պետք է կյանքի կոչվի հաջորդ իշխանության կողմից։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը արևմուտքի դրածոն է, և նրա նկատմամբ արևմուտքը չափազանց քնքուշ վերաբերմունք և աշխարհաքաղաքական ակնկալիքներ ունի։ Հայաստանում որևէ այլ իշխանության ժամանակ տեղի ունենար վերը թվարկված ապօրինություններից թեկուզ մեկը՝ Հայաստանը կդառնար քննադատությունների, սանկցիաների և մշտական ճնշումների թիրախ այդ նույն արևմուտքի կողմից։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը