15 06 2020

ԱԱԾ պետի հաջորդ օպերացիան ավելի դաժան կլինի

ԱԱԾ պետի հաջորդ օպերացիան ավելի դաժան կլինի

Երկու օր առաջ Ազգային անվտանգության ծառայության պետ դարձած Արգիշտի Քյարմյանը երեկ յուրօրինակ կերպով անցավ  իր պարտականությունների կատարմանը, իսկ ավելի ճիշտ՝գծած գործողությունների պլանին: 

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձի ու քաղաքական կշռի դեմ ուժի ցուցադրումը առաջին ծիծեռնակն էր, ենթադրվում է` հաջորդիվ օպերացիաները շատ ավելի դաժան կլինեն, տեսարանային իմաստով՝ ավելի հարուստ ու տպավորիչ:

Սա հստակ մեսսիջ էր Փաշինյանի իշխանությանը սպառնացող բոլոր նրանց, ովքեր  լծվել են նոր փոփոխություններ հրահրելուն:

Իսկ ո՞րն է լինելու ԱԱԾ-ի հաջորդ տեսարանը, Փաշինյանի քաղաքական հակառակորդները քիչ չեն, ըստ ամենայնի՝ մյուս թիրախը կորոշվի ըստ քաղաքական ուժի ակտիվության՝ նայած ումից մեծ հարված կզգա իշխանական ճամբարը:

Փաստացի, ԱԱԾ պետի առաջին հանձնառությունը  ուղղված էր ներքաղաքական միջավայրին,  չնայած փաստին, որ վերջին մեկ ամսում երկրորդ ազերին է հեշտությամբ հատել հայադբեջանական սահմանը, և սա անհամեմատ շատ լուրջ սպառնալիք է ՀՀ իշխանավորների ու ՀՀ անվտանգության համար: Բայց այս վտանգը կարծես չկարևորվեց այնքան, որքան դրա կարիքը կար, գուցե անհրաժեշտ չափով հետևանություններ չարվեց սահմանային հսկողության թուլանալու ազդակների մասին մասով, ինչևէ… 

Երկու տարում երեք ԱԱԾ պետերի ծառայությունից հրաժարված վարչապետի բնույթն է այդպիսին, նա անգամ չի վարանում մտքից, որ Քյարամյանի նշանակումն ԱԱԾ պետի պաշտոնում ընկալում է զուտ որպես գործիք՝ քաղաքական ֆիգուրների դեմ: Իհարկե գաղտնիք չէ նաև հակառուսական սցենարային պլանը, հեռանկարում  ռուսական գործոններից ձերբազատվելն է խարսխվում, իշխանության ներսում անկեղծորեն հավատում են, որ Քյարամյանն այս հարցում անկաշկանդ կդրսևորի իրեն ու կհասնի ռեալ հաջողությունների:  

Օրեր առաջ YereanToday.am-ը բացահայտել էր, թե ինչպես է ԱԱԾ ներկայիս պետը տարիներ առաջ ջանք թափել՝ համալրելու ներկայիս ծառայակիցների շարքերը, բայց երկու փորձերն էլ ձախողվել են նախկին իշխանության օրոք:

Ընդ որում որպես պատճառ՝ նշվում է անձի թույլ կարողությունների հանգամանքը: Ստացվում է՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ոչ բավարար ունակությունների պատճառով ԱԱԾ օպեր չդարձած անձը, որ իսկի սպայական կոչում չուներ, հեղափոխական իշխանության չափանիշներով լրիվ ունակ է տնօրինել երկրի ազգային անվտանգությունը երաշխավորող մի ամբողջ պետական կառույց, որն ունի ստրատեգիական նշանակություն, կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առաջ: 

Մի կողմ թողնելով ԱԱԾ նոր տնօրենի ունակությունների բացը, ֆիքսենք այս նշանակման մյուս՝ թերևս ամենանուրբ ու վտանգավոր գործոնը. Քյարամյանը համակարգի ներսից չի եղել.

Փաշինյանը հենց այս գործոնով պայմանավորված  է ընդունել Քյարամյանի մասով իր կտրուկ որոշումը, նրան դիտարկում է իբրև «անտիռուս ֆիգուր», կամ էլ արհեստականորեն  կդարձնի նրան այդպիսին,  որպեսզի լուծի առաջադրված խնդիրները:

Հիշենք, Փաշինյանը իր խորհրդարանական ելույթներից մեկում միտումնավոր ընդգծել էր, որ Քյարամյանի ՊՎԾ –ից տեղափոխումը ԱԱԾ համակարգ՝ քաղաքական որոշում է եղել և հաշվի է առնվել նրա գործունեությունը

«Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է էնտեղ աշխատի։ Դա աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել։ Պարզապես օրենքը էդ միջանցքն ա տվել, որպեսզի ինքը հայտնվի էնտեղ», - Ազգային ժողովում հայտարարել էր Փաշինյանը։

Այս աղմկոտ նշանակումից առաջ Քյարամյանը 2019թ․ ապրիլից Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականություններն էր կատարում՝ Դավիթ Սանասարյանի  նկատմամբ հարուցված քրգործի պատճառով։

Արդեն այս տարվա մայիսի 4-ին նա ազատվեց այդ պաշտոնից և նույն օրը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա գեներալի բարձր կոչման ուսադիր ստացած ժամեր անց՝ մայիսի 5-ին ազատվեց այդ պաշտոնից ու նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ՝ այս անցումը ընդգծենք, միանգամից բարձր կոչումն ստանալու համար էր արված, ինչը խոստովանեց Փաշինյանը իր ելույթում «Պարզապես օրենքը էդ միջանցքն ա տվել, որպեսզի ինքը հայտնվի էնտեղ»:

Իսկ ո՞րն էր Քյարամյանի գուրծունեության պտուղը, որը առանցքային դարձավ նրա կարեիրայի թռիչքներ ապահովելու համար:  

Բանն այն է, որ հեղափոխական վարչապետը ՊՎԾ-ի ուսումանսիրությունների արդյունքների հիման վրա մի շարք ռուսական ընկերությունների դեմ քրգործեր բացեց ուղարկելով դատախազություն ու դրանք պարզվում է հենց Արգիշտի Քյարամյանի գործունեության «փայլուն» արդյունքն են եղել: Ժամանակագրությամբ արձանագրել ենք իրադարձությունների օրգանական կապը՝ մեկը մյուսին, օրինակ, թե ինչպես ռուս դաշնակցի կողմից գազի գնի համար առաջարկվեց աննախադեպ 36% թանկացում, ապա հետևեց մյուս հարվածը՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, բացահայտեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոշ նրբերանգներ: Փաշինյանի համար տհաճ անակնկալ էր ռուս դիվանագետի քայլը, նա հանրայնացրեց ՀՀ իշխանությունների կողմից կոծկված բանակցային նոր մարտավարությունը՝ մեկ տարի վարվող փուլային տարբերակի մասին, ինչից հետո պապանձվել էր ՀՀ ԱԳՆ-ն, այստեղից մինչ օրս սպառիչ բացատրություն չի տրվել, իսկ Փաշինյանը արտաբերեց իր՝ «Ինչ  պետք է, էլ են էլ բանակցում ենք» արտահայտությունը։

Հիշենք, Լավրովի մեկ այլ ձևակերպում՝ գազի թանկացման շուրջ անպտուղ բնակցությունների մասին, նա հասկացրել էր, թե խաղի կաոնները խախտվել են հայկական կողմից 

«Եթե մենք խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա դրանք պետք է բոլոր ոլորտներում արտահայտվեն: Եթե խոսենք տնտեսության մասին, ապա մենք լիահույս ենք, որ դատական այն բոլոր պրոցեսները, որոնք վերջին երկու տարիներին սկսվել են մեր համատեղ ձեռնարկություների՝ այդ թվում Հարավկովկասյան երկաթուղու դեմ, ապա դրանք կկարգավորվեն առանց դաշնակիցներին ոչ հարիր տարատեսակ  ջանքեր ներդնելու փորձի:

Ես դրա մասին հիմա անկեղծ եմ խսում, որովհետև  ռուսական մի քանի ընկերություններ հայտնվել են ահա այդ դժվարին իրավիճակում»,- սա նույնպես ապրիլի 21-ին հայտարարել էր Ս. Լավրովը, և հենց դրանից օրեր անց՝ իբրև պատասխան գործողության համատեքստում Արգիշտի Քյարամյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ-ում:

Ստացվում է Արգիշտի Քյարամյանի հետագա գործունեության մասին կանխատեսումները չեն  բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շահերից: Նկատենք, հայասատանյան սորոսական թևը անթաքույց ուրախ է Քյարամյանի հակառուսական լինելու փաստով, երեկ, օրինակ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է. «Հույս ունեմ՝ այս նշանակումով ռուսական ազդեցությունը ԱԱԾ-ի վրա, որը կար և առ այսօր կա, գոնե շեշտակի կնվազի»:


 Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ