08 06 2020

Այսքանից հետո ո՞վ է դավաճանը, և ո՛վ է խառնակիչն ու նենգափոխիչը

Այսքանից հետո ո՞վ է դավաճանը, և ո՛վ է խառնակիչն ու նենգափոխիչը

Իշխանիստների կողմից մի նոր քարոզչացեց է նետվել ակտիվ շրջանառության մեջ, թե՝ կորոնավարակի այս մղձավանջի համար իշխանությանը քննադատողները դավաճան են կամ՝ քննադատելն առնվազն դավաճանություն է: Հայտնի է, թե ով է այդ «ցեցը» նետել ասպարեզ, կարծելով, թե այդ կերպ կարող է փրկել արդեն իսկ տապալված ու ամեն ինչ տապալած յուր «քաղաքական հոգեզավակին»:

Բայց, մեծ հաշվով, ընդդիմությանն ու քննադատողներին դավաճան անվանելը ոչ միայն լպիրշ ու ցինիկ, խառնակչական ու սխալ, իրականությունը նենգափոխող  գնահատական է, այլև ծայրահեղ անազնիվ մոտեցում: Խորքի՛ց անազնիվ: Ինչի՞ մասին է խոսքը:

Իսկ խոսքն այն մասին է, որ փաշինյանական թավշիշխանույթան ընդդիմադիրների, քննադատողների մեծ մասը, եթե ոչ բոլորը, դեռևս փետրվարի վերջերից, մարտի առաջին օրերից սկսած, նախ՝ ահազանգում, հորդորում, զգուշացնում էին նոր կորոնավարակի վտանգի մասին: Մանավանդ, որ վարակն այդ ժամանակ արդեն ծավալվում էր հարևան Իրանում, ինչպեսև՝ Իտալիայում: Այն Իտալիայում, որտեղից իշխանության աջակցությունը վայելող ընկերությունը «էժանագին» ուղեվարձով ակտիվ ավիափոխադրումներ էր իրականացնում:

Այդ ահազանգերն ու զգուշացումները, հորդորները անտեսվեցին: Ո՞վ անտեսեց: Ճի՛շտ է՝ իշխանությունը: Փաշինյանը անհետաձգելի գործեր ուներ՝ Սահմանադրական դատարանի վրա հարձակման նախավերջին փուլն էր ցանկանում ավարտին հասցնել (հանրաքվե, «այո» և նման բաներ):

Մինչ մարտի առաջին տասնօրյակում երկրում արդեն շրջում էր ներթափանցած վարակը, ծավալվում էր նաև անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «այո»-ի քարոզարշավը, հասկանալի է՝ միտինգներով, մարդկայնց կուտակումներով, հընթացս փոխվեց նաև ընդդիմախոսների ասելիքի տոնն ու բովանդակությունը: Այս ձախավեր իշխանության ընդդիմախոսների ու քննադատների մեծ մասը պահանջում էր օր առաջ հայտարարել արտակարգ իրավիճակ՝ կորոնավարակով պայմանավորված, անհապաղ ձեռնարկել ընդգրկուն ու իրական կարանտինային քայլեր, հնարավոր համաճարակին նախապատրաստել երկրի առողջապահական համակարգը, հրատապ ձեռք բերել մեծ թվով թեստեր, համապատասխան բուժսարքավորումներ, ախտահանիչ ու անհատական պաշտպանության միջոցներ:

Բայց այդ հորդորներն ու դիտողություններն էլ փաշինյանական իշխանությունն անտեսեց, արհամարհեց: Ավելին, Փաշինյանի համար այն օրերին «կորոնավիրուսն ում շունն էր»: Կհիշեք՝ «պինցետ, տնական արաղ», շատ է ասվել, չկրկնենք: Հետո՞ ինչ, թե ինքն ասում է, որ չի հիշում:

Բայց հենց «ում շունը» մի թեթև «հաչաց, Փաշինյանը ամեն ինչ «դուխով» ու արագորեն թողեց, հապշտապ կորոնավարակի թեստ հանձնեց ու մի քանի օրով մեկուսացավ Սևանի թերակղզու կառավարական առանձնատանը:

Ի վերջո, վարակի սպառնալիքը, այդ առնչությամբ քննադատողների բազմաթիվ հորդորներն ու զգուշացումները բանի տեղ չդնող Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը հարկադրված եղան հաշվի նստել արդեն երկիր մտած, իսկ այս իշխանության դեպքում կարելի է ասել՝ էժանագին չվերթներով ու ոչ միայն դրանցով հրավիրված կորոնավարակի հետ:

Մարտի կեսից արտակարգ դրություն մտցվեց, բայց չնայած իշխանավորների կամ վարակապետերի խրոխտ հայտարարություններին, ըստ էության՝ չարվեցին կամ կիսատ-պռատ, դիպվածաբար և անկանոն, հաճախ՝ ուշացումով արվեցին այն քայլերը, որոնք պահանջվում էին նման սպառնալիքի դեպքում: Եղած կառավարությունը ոչ միայն չկարողացավ իրավիճակը վերցնել վերահսկողության տակ, այլ է՛լ ավելի խճճեց ու բարդացրեց այն, ինչի ակնհայտ ու ողբերգական ապացույցը առկա մղձավանջային պատկերն է՝ համաձարակի հետ կապված, ինչպեսև այն, որ արտակարգ դրության պայմաններում վարակվածների թիվը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով (բազմապատկական):

Ավելին, արտակարգ դրություն հայտարարելու մեկնարկին բազմաթիվ ընդդիմախոսներ, քննադատողներ պատրաստակամություն հայտնեցին իրենց մասնագիտականի և ուժերը ներածին չափով նպաստել կորոնահամաճարակին դիմագրավելու գործում: Շատերը վարակի սպառնալիքի դեմ պայքարում համախմբվելու կոչեր արեցին: Բայց դա էլ անտեսվեց:

Ավելին, փաշինյանական իշխանությունը, ինչպես «առաջին դեմքերի», այնպես էլ իշխանական քարոզչական «աջակից-խմբերի» միջոցով շարունակեց ու սաստկացրեց պառակտիչ, քայքայիչ «անեծք-լուտանք» բնույթի հակահասարակական արշավանքը: Արտակարգ դրության ռեժիմը հնարավորինս օգտագործվեց ոչ այնքան բուն վարակի դեմ պայքարելու համար հասարակությանը համախմբելու, որքան գործող ու արդեն սպառված «թավշյա ռեժիմի» նեղ-քաղաքական, խմբային շահերը սպասարկելու, հասարակության մեջ բաժանարար գծերը խորացնելու, անձի սահմանադրական իրավունքները հարցականի տակ դնող բավականին կասկածելի օրենքներ ընդունելու նպատակներով:

Ու այսքանից հետո, կներեք, ո՞վ է դավաճանը: Եվ ո՛վ է անազնիվ, երբ «դավաճան» է պիտակում ընդդիմախոսներին՝ հնչեցնելով ցինիզմով ներծծված գնահատական:

Իշխանական քարոզիչները «պահեստային տարբերակով» պահած մի բազմաչարչար կաղապար ունեն, որ պարբերաբար նետում են շրջանառության մեջ: Դա, եթե կուզեք՝ «Նիկոլի դեմ խոսացողները դավաճաններ են, որոնց պետք ա կախել» կամ այդ կարգի կաղապարների «թավշյա» փոխարինիչն է, այն է. «այս վիճակում ավելի լավ ա օգնեք, կառավարությանը, կանգնեք կողքին...»:

Ինչո՞ւմ օգնել կառավարությանը: Երկիրն ու հասարակությունը քայքայելո՞ւ գործում: Ո՞ր կառավարության կողքին կանգնել: Այն կառավարությա՞ն, որի համար «քաղաքացին տուգանքի մատերիալ է» դարձել: Այն կառավարությա՞ն, որ ասում է, թե տարկետվել է կոմունալների վճարումը (իր վրա էլ չի վերցրել, այլ ընդամենը տարկետվել էր, իբր), իսկ հաջորդ պահին մատ է թափ տալիս ու սպառնում հոսանքազրկմամբ: Այն կառավարությա՞ն, կամ իշխանությա՞ն, որ փողոցայինի բառապաշարով վիրավորում ու պիտակավորում է բոլորին ու յուրաքանչյուրին, ով կհանդգնի «թավշյա» վարակապետերի ասածներին հակասող տեսակետը հայտնել:

Իսկ այս՝ պետականությանը հակոտնյա իշխանությունն ի՞նչ է արել, որ որևէ պարկեշտ, բանիմաց մարդ նրա կողքը կանգնելու ցանկություն ունենա: Այս «դիմակ-շոո՞ւն» է կազմակերպել:

Ո՞ր իշխանության կողքին կագնել: Այն իշխանությա՞ն, որի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են օրումեջ թեստավորվել, բայց չեն կարող նույնն ապահովել քաղաքացիների համար: Ասենք, ի՜նչ թեստավորում, եթե մարդիկ արդեն անհրաժեշտ բուժօգնություն չստանալու հետևանքով են ժամանակից շուտ մահանում, և դա այնքան ակնհայտ է, որ իշխանավարողներն էլ ստիպված դա խոստովանել:

Այս իշխանությունը այժմ կարող է միայն մեկ օգտակար բան անել. հեռանալ: Բայց չի անի:

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ