Հայաստանի Սահմանադրական դատարանի հարցմանն ի պատասխան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատի հայտնած խորհրդատվական կարծիքը կամ եզրակացությունը այս օրերին տարատեսակ արձագանքներ ունեցավ, որոնց շարքում ամենից տարակուսելին ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունն էր: Գլխավոր դատախազության արձագանքը, հերթական անգամ, տարակուսանք առաջացրեց ոչ միայն մասնագիտական շրջանակում, այլ նաև սոցցանցերում:
Բայց իսկապես, ի՞նչ է ասված ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիք-եզրակացության մեջ: Թերևս բոլոր նրանց համար, ովքեր ուշադիր հետևում են «սահմանադրական կարգի տապալման» այսպես ասած՝ «գործով» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ի մարտի դրությամբ պաշտոնավարած մի շարք բարձրաստիճան անձանց վերաբերող գործընթացի զուտ իրավական կողմին, այդ խորհրդատվական կարծիքը «նոր բան» չէր պարունակում: Բանն այն է, որ վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի տարբեր ներկայացուցիչներ, ըստ էության, նույն բաներն էին պնդում և բավականին հստակ ու մանրամասն հիմնավորում:
Օրինակ, փաստաբանները պնդում էին, որ քրեական օրենսգրքի՝ «սահմանադրական կարգի տապալման» մասին 300.1 հոդվածը այս դեպքում կիրառելի չէ ինչպես անհստակության, այնպես էլ՝ հնարավոր կանխատեսելիության (այն իմաստով, որ 2008-ին ենթադրյալ արարք թույլ տվողը կանխատեսեր, որ դրանից, ասենք, մեկ տարի անց դա լինելու է պատժելի կամ դրանից 7 տարի անց փոխվելու են տվյալ հոդվածին վերաբերող Սահմանադրության հոդվածները) առումներով:
Փաստաբանները պնդում էին նաև, որ հանցակազմը կամ պատիժը խստացնող նորմերը չեն կարող հետադարձ ուժ ունենալ, ինչպես դա, 300.1 հոդվածի դեպքում է, որը, հայտնի է, ընդունվել է 2008-ից հետո՝ 2009-ին:
Փաստաբանները պնդում էին ու շարունակում են պնդել, որ ամեն դեպքում պետք է նայել կոնկրետ օրինակով և ներպետական նախադեպով: Իսկ ներպետական նախադեպ ասվածն այն է, որ նույնպես 2008-ի մարտի 1-ին վերաբերող «7-ի գործով» (կհիշեք՝ Ալեքսանդր Արզումանյան՝ Տեր-Պետրոսյանի շտաբի ղեկավար, Սուրեն Սիրունյան, Մյասնիկ Մալխասյան, Սասուն Միքայելյան, Գրիգոր Ոսկերչյան, Հակոբ Հակոբյան, Շանթ Հարությունյան) դեռևս 2009 թվականին, երբ 300-րդ հոդվածը վերացվեց և տեղը հայտնվեց խնդրո առարկա 300.1-ը, ահա այդ հոդվածի մասով ու հենց մեղադրող կողմի, ըստ էության՝ դատախազության միջնորդությամբ քրեական հետապնդումը նշված անձանց նկատմամբ դադարեցվեց դատարանի որոշմամբ: Ինչո՞ւ: Որովհետև 300.1-ը նախ, գնապահվեց նոր հանցակազմ, որը չէր համապատասխանում ամբաստանյալներին այդ մասով վերագրվող արարքներին, երկրորդ՝ դա խստացնող նորմ է և նաև այդ պատճառով չէր կարող հետադարձ ուժով կիրառվել:
Ի դեպ, մի բան էլ կա, որ հաճախ մոռացության է տրվում (թերևս՝ միտումնավոր):
Մեծ հաշվով, ՄԻԵԴ-ը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի հարցմանն ի պատասխան, խորհրդատվական կարծիքով հաստատել է գրեթե բոլոր այն մոտեցումներն ու պնդումները, որ այս մեկուկես տարվա ընթացքում բազմիցս հնչեցրել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի ներկայացուցիչները:
Մնում է հուսալ, որ ՄԻԵԴ Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը հայրենի Սահմանադրական դատարանի համար օգտակար կլինի՝ այս հարցով որոշում կայացնելու համար:
Ամեն պարագայում, այս դեպքում հիմնականը ոչ թե այն է, թե ինչ «նոր բան» կար ՄԻԵԴ դիրքորոշման մեջ, այլ այն թե ով, ավելի ճիշտ՝ ի՛նչ կառույց է կարծիք հայտնում: Ըստ այդմ, կարևորը այն է, որ դա ՄԻԵԴ Մեծ պալատն է ասում: Դա, ի լրումն ամենի, նշանակում է նաև, որ եթե երբևէ այս «գործը» հասնի և քննվի ՄԻԵԴ-ի կողմից, ապա գրեթե 100 % ճշգրտությամբ կարելի է կանխատեսել Եվրադատարանի հնարավոր որոշումը:
Վերադառնանք գլխավոր դատախազության արձագանքին: Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններին փորձեց հրապարակավ մեղադրել այն բաներում, թե... նրանք շտապել են հրապարակել ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը, թե... չեն սպասել ՄԻԵԴ կարծիքի տեքստի պաշտոնական թարգմանությանը ու նման բաներ: Այ-այ-այ, տեսնես ինչպե՞ս են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամները համարձակվել քիչ չէ՝ անգլերեն իմանալ, այլև օտար լեզվով կարդալ ու կարդացածը մեկնաբանել: Ինչպիսի՜ ծանր հանցանք:
Դատախազությունը հաստատ խորը շփոթմունքի մեջ է եղել:
Ամենից հետաքրքիրն այն է, որ առհասարակ, ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի հասցեատերը գլխավոր դատախազությունը չէ: Կարճ ասած՝ դատախազության հայտարարությունը այս դեպքում ոչինչ է, ավելի մեղմ՝ դա ընդամենը կարող է լինել մասնավոր կարծիք կամ մեկնաբանություն: Տվյալ դեպքում՝ քաղաքական պատվերը ամեն գնով կատարելու անպատվաբեր գործակատարությանը լծված կառույցի տվյալ պահի ղեկավարության սուբյեկտիվ կարծիք: Ըստ որում՝ շահախնդիր կարծիք, քանզի իրենք լավ գիտեն, որ երկրում իրավակարգի վերականգնումից հետո ով-ով, բայց իրենց նման կամակատարները չեն կարողանալու խուսափել պատասխանատվության ենթարկվելու բավականին հստակ ուրվագծվող հեռանկարից:
Իսկ ՄԻԵԴ Մեծ պալատի խորհրդատվական կարծիքի հասցեատերը Սահմանադրական դատարանն է, որն էլ հարցում էր հղել, և որն էլ պիտի որոշում կայացնի:
Ի դեպ, կոնկրետ եղած իշխանության վիճակն ու բնութագիրը նկատի ունենալով, կարելի է չկասկածել, որ իրենք կշարունակեն օրինախախտ ուղեգիծը:
Այս հարցը, ըստ էության, քաղաքական է և պետք է ունենա քաղաքական լուծում: Որքան շուտ՝ այնքան լավ պետության համար:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը