26 05 2020

Հինն ու նորը, թացն ու չորը, և ամենից կարևո՛րը

Հինն ու նորը, թացն ու չորը, և ամենից կարևո՛րը

Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին ելույթներում «փայլուն», անգամ զմայլագեղ արտահայտություններ է անում:

Ինչ արժե թեկուզ կառավարության վերջին նիստում պարոն Փաշինյանի հետևյալ  հիանալի ձևակերպումը. «Եվ, ի վերջո, մեր կառավարությունն իր գոյության ողջ ընթացքում որևէ մանիպուլյատիվ գործողություն և տեղեկություն չի փոխանցել հանրությանը»:

Այս արտահայտության մեջ իրականությանը համապատասխանում է միայն «և, ի վերջո»-ն:

Դե, իհարկե, Փաշինյանի գլխավորած կառավարույթունն այդ ե՞րբ է մանիպուլյատիվ գործողություն իրեն թույլ տվել կամ մանիպուլյատիվ տեղեկություն փոխանցել հանրությանը: Իսկ ովքեր որ կասեն, թե Փաշինյանի կառավարությունը տեղով մեկ մանիպուլյատիվ է, չհավատաք: Այդպես ասողները «շառ են անում»:

Շառից-փորձանքից հեռանանք և դիտարկենք մեկ այլ հիասքանչ հայտարարություն, որ վերջին «ուղիղ միացումներից» մեկի ժամանակ արտաբերեց «թավշյա» կառավարչապետը: Նա, խիստ նեղացած հասարակությունից ու ընտրողներից, բորբոքված ասաց, թե՝ որ դժգոհ եք, նախկիններին հետ բերեք, վայելեք կամ նման մի բան:

Այս, ը-մմմ, մանիպուլյացիան կամ քարոզչաքաղաքական ձեռնածությունը գործող «թավշապետերի» ու նրանց ձայնարկուների սիրած հնարքն է: Իբր, եթե իրենք գնան, կգան «բոբո» նախկինները և...

Եվ ի՞նչ: Եվ այն, որ նախ՝ հենց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կազմում, ինչպես նաև պետական համակարգում հիմա էլ կան բավականին թվով «նախկիններ»: Մեր մեջ ասած, եթե պետական համակարգում այս երկու տարվա խառնիճաղանջ քայլերից ու վայրիվերումներից հետո այնուամենայնիվ ինչ-որ բան գործում է, դա առավելապես հենց նախկինից մնացած կադրերի նյարդերի ու փորձառության հաշվին է:

Առհասարակ, այս «հին ու նորի» թեման, ինչպես կասեր նախկին Նիկոլ Փաշինյանը, «կեղծ օրակարգ» է: Արդեն երևի բոլորն են տեսնում, որ այսպես ասած՝ «նոր» կամ «հեղափոխական» լինելը պետական կառավարման տեսակետից ամենևին էլ արժանիք չէ: Այսինքն, քիչ է, որ ինչ-որ մեկը պետական բարձր պաշտոնում «նոր» է: Ավելին, Փաշինյանի իշխանությունը ամեն բան արել է որ հիասթափվենք, և համարենք որ ավելի շուտ վատ է, քան լավ։

Տեսնում ենք, որ պայմանական «նորերի» մեջ մեծ թիվ են կազմում գործից չհասկացող, ամենից տխրեցնողը՝ հասկանալ չցանկացող, մեծամիտ, մակերեսային ընկալումներ ունեցող, բայց «պրեմիա» ստանալու միշտ պատրաստ և արդեն հանրությանը ձանձրացրած կերպարներ: Աշխատող կամ աշխատել ցանկացողներ էլ կան: Հին ու նորի միջակայքում թաց ու չորը չխառնենք, ինչպես դա սիրում է անել Փաշինյանը:

Հա, բայց կներեք, նորերի իշխանության մեջ հայտնված «հներ» կան, որ համենայն դեպս ջանքեր են գործադրում, աշխատում են, մի խոսքով:

Այնպես որ, հարցը «հինն ու նորը» չէ:

Հարցը, ամենից առաջ, այն է, թե այս կամ այն նախարարը, փոխնախարարը, վարչության պետը, կառավարության անդամը, պաշտոնյան որքանո՞վ են հասկանում իրենց վստահված գործից կամ բնագավառից, կարողանո՞ւմ են խնդիրները լուծել, կարողանո՞ւմ են կազմակերպել աշխատանքը, կարողանո՞ւմ են արդյունք ապահովել: Չգիտես ինչու, մասնագիտական, կազմակերպչական ու մարդկային որակների մասին խոսք չի գնացել այս 2 տարվա ընթացքում, որը առաջնային կարևորն է:

Թե չէ զուտ տարիքը կամ իբր թե՝ «կոռուպցիայի մեջ թաթախված չլինելը» բավարար չեն: Պարզորոշ տեսանելի է, որ «թավշյա» շփոթով իշխանության մեջ հայտնված «նորերի» մեջ էլ կան «կոռուպցիայի մեջ թաթախվելու» մղումներ ունեցողներ ու հենց թաթախվողներ: Այսինքն, որ նախկինում նման բաներ, ենթադրենք, չեն արել, դա զուտ նրանով է եղել պայմանավորված, որ նման հնարավորություն չեն ունեցել:

Բայց լավ է, լավ է, որ Նիկոլ Փաշինյանը քարոզչական «զինանոցից» էլի այդ մաշված «զենքն» է առաջ բերում, թե՝ «հները կգա՜ն... ու-ո՜ւ-ո՜ւ...»: Նման, կներեք, սպառնալիքի անցնելը նույնպես հուշում է, որ գործող «թավշյա ռեժիմը» այլևս սպառել է իրեն: Ու ոչ միայն սպառել է, այլև կառուցողական ոչինչ չունի առաջարկելու հանրությանը՝ ստեղծված ծանր կացությունից դուրս բերելու, պետությունը աղետից զերծ պահելու առումներով:

Գործող կառավարության «կկվի կանչելը» շատերին արդեն բավականին մոտ է թվում, իսկ առանձին մեկնաբաններ էլ ասում են, որ Փաշինյանի կառավարության օրերը հաշված են:

Ի դեպ, «հների» վերադարձով ահաբեկելը բավականին խոցելի է: Մանավանդ, որ «մինչև չգա նորը, հինը չի հիշվի»: «Նորերն» ամեն ինչ անում են, որ գնալով ավելի ու ավելի շատ հիշվի: Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչ կլինի կամ ով կգա, եթե Փաշինյանի կառավարությունը հեռանա, ապա դա կորոշի ժողովուրը, հուսով լինենք այս անգամ չի սխալվի: Ու կարծում ենք, որ վերջին մեկուկես-երկու տարվա քաղաքական «կրկես-մանկապարտեզը» բավարար է, որպեսզի մարդիկ ընկալելի որոշում կայացնեն:

Արմեն Հակոբյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ