Տնտեսական անկումը Հայաստանում այլևս իրողություն է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ունեցել ենք 1,7 տոկոս տնտեսական ակտիվության անկում։ Դա հիմնականում պայմանավորված է ապրիլ ամսվա գահավիժող անկմամբ։ Մարտ ամսվա համեմատ այս տարվա ապրիլին արձանագրվել է 13,5 տոկոս անկում, իսկ անցած տարվա ապրիլի համեմատ՝ 17,2 տոկոս անկում։ Նման ռեկորդային անկում Հայաստանի տնտեսությունը չէր արձանագրել 90-ական թվականներից ի վեր։ Բացառությամբ միայն 2009 թ-ի՝ պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամով։
Եվս մեկ ուշագրավ փաստ՝ 2008-ի սեպտեմբեր-հոկտեմբերին սկսված համաշխարհային տնտեսական անկումը Հայաստան հասավ 4-5 ամիս հետո՝ 2009-ի փետրվարին, իսկ կորոնավիրուսով պայմանավորված համաշխարհային տնտեսական ապրիլին արձանագրված անկումը նույն ամսից ազդեց Հայաստանի տնտեսության վրա։
Բացատրությունը մեկն է՝ 12 տարի առաջ մեր տնտեսությունը ավելի պատրատված էր և բարձր իմունիտետ ուներ 2000-ականների երկնիշ տնտեսական աճից հետո, իսկ հիմա այն, դեռ մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը, արդեն քայքայվել էր և գտնվում էր աճի տեմպի նվազման մեջ։ Բազմիցս ենք շեշտել պաշտոնական վիճակագրության ցուցանիշների անհամապատասխանությունը տնտեսության իրական վիճակին։ Առաջին իսկ ցնցումը փաստեց մեր եզրակացությունների իրական լինելը։ Ի դեպ, այնպես չէ, որ վիճկոմի ներկայիս ցուցանիշները գոնե հիմա արտացոլում են իրականությունը։ Մինչ դրան անդրադառանալը, այդուհանդերձ, ներկայացնենք, թե ի՞նչ կացություն է մեր տնտեսության մեջ ըստ պաշտոնական վիճակագրության։
Նախ՝ տնտեսության բոլոր ճյուղերն առանց բացառության ապրիլին մարտի համեմատ և անցած տարվա ապրիլի համեմատ անկում են արձանագրել։ Ինչ մնում է հունվար-ապրիլին անցած տարվա հունվար-ապրիլի նկատմամբ, ապա արդյունաբերությունում դեռևս աճ կա՝ 4,2 տոկոս, գյուղատնտեսության տվյալները հրապարակվում են եռամսյակը մեկ, շինարարությունում՝ հակառակ խոստացված «բումի», 21,9 տոկոս անկում է, առևտրում՝ որտեղ ավելի քան մեկուկես տարվա նվազումը վիճկոմը չէր «տեսնում»՝ հիմա 8,6 տոկոս անկում է արձանագրված, ծառայությունների ճյուղում, որի մի ենթաճյուղը՝ խաղային բիզնեսը մեկուկես տարի տևած աճով փրկում էր իշխանությանը՝ հիմա աննշան 0,1 տոկոս աճ է արձանագրվել։
Արտաքին առևտրում ապրիլին մարտի և անցած տարվա ապրիլի համեմատ, ինչպես նաև հունվար-ապրիլին նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ դարձյալ կտրուկ անկում է արձանագրվել։ Մասնավորապես, արտահանումն այս տարվա չորս ամիսներին նվազել է 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 11,5 տոկոսով։
Այժմ, թե ինչո՞ւ վիճկոմի այս տվյալները նույնպես արժանահավատ չեն։ Բանն այն է, որ այս տարվա ապրիլին արտակարգ դրության և կարանտինի պատճառով տնտեսությունը գրեթե կաթվածահար էր, բացառությամբ գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության, առևտրի և ծառայությունների փոքր մասի։ Շինարարությունն օրինակ ընդհանրապես դադարել էր, բայց վիճկոմը ինչ-որ 10 մլրդ դրամի ծավալ է արձանագրել ապրիլ ամսին, առևտրից աշխատում էին միայն սննդամթերքի վաճառքի խանութները և դեղատները, որոքն շուկայի լավագույն դեպքում 30-40 տոկոսն են զբաղեցնում, բայց այստեղ անկումը ոչ թե իրականին մոտ 60-70 տոկոս է ներկայացրել վիճկոմը, այլ մոտ 30 տոկոս։
Նպատակը պարզ է՝ խուսափել արձանագրել իրական «շոկային» ցուցանիշը, որը կարող է նյարդային ցնցումներ առաջացնել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Չէ՞ որ կառավարությունը 2 տոկոսի մոտ տնտեսական անկում կանխատեսել էր տարվա արդյունքներով, իսկ մենք արդեն հիմա շատ ավելի մեծ անկում ունենք, բայց ստիպված ցույց ենք տալիս 1,7 տոկոս։ Հաշվարկն այն է, որ վիճկոմը ամեն ինչ կանի գոնե այս թվի վրա պահել հաջորդ ամիսների ցուցանիշները ներկայացնելիս։ Սակայն, մայիս ամսվա ցուցանիշը լավագույն դեպքում կարող է մոտ լինել դարձյալ անկումային մարտին, իսկ հունիսից հետո ակնկալվող աճն էլ տեղի չունենալ։ Հետևաբար, տարվա արդյունքով տնտեսական անկման անհամեմատ ավելի մեծ պատկեր ենք ունենալու։ Վիճկոմը բարդ իրավիճակի առջև է կանգնած՝ նախորդ տարի իրականության հակասող տնտեսական աճի ֆոնին այս տարի ցույց տալ գոնե «արժանապատիվ» անկում։
Եվ վերջում, տնտեսական աննախադեպ անկումը կորոնավիրուսի վրա գցելու ցանկություն ունեցողներին հատուկ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էր հիացմունքից շնչահեղձ լինելով խոսում կորոնավիրուսի ընձեռած հնարավորության մասին իր հորինած «տնտեսական հեղափոխությունն» իրականացնելու և մեր արտահանումը 30 մլրդ դոլարի հասցնելու մասին։ Իրականությունն այլ է՝ այսինքն այնպիսին ինչպիսին պետք է լիներ, որի միակ և գլխավոր մեղավորը հենց ինքն է Նիկոլ Փաշինյանը։ Նա տապալեց թե կորոնավիրուսի դեմ պայքարը՝ իր անլուրջ մոտեցմամբ, վարակի տարածմանը նպաստելով, անարդյունավետ երկու ամիս թանկարժեք ժամանակ կորցնելով, թե դրանով հարվածեց առանց այն էլ իր կառավարման հետևանքով նվազման մեջ գտնվող տնտեսությանը։ Արդյունքում ունենք տնտեսական անկում և կորոնավիրուսի շարունակվող ահագնացող տարածում։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը