22 05 2020

Արցախի թեմայով Աննա Հակոբյանի երեք իրար հակասող հայտարարությունները մեկ տարվա ընթացքում

Արցախի թեմայով Աննա Հակոբյանի երեք իրար հակասող հայտարարությունները մեկ տարվա ընթացքում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Արցախի հանրապետության նախագահի տիկին Կրիստինե Հարությունյանի ուղեկցությամբ մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախում ակտիվ հասարակական, քաղաքական եւ մշակութային գործունեություն իրականացնող կանանց հետ։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավի զարգացումներն ու ապագա ծրագրերը։ Իր ելույթում Աննա Հակոբյանը, մասնավորապես ասել է.

«Համոզված եմ և վստահ, որ Արցախի նկատմամբ ռազմական ոտնձգության պարագայում ոչ միայն մեր բանակը այլև մեր ողջ հանրությունն է կանգնելու նրա պաշտպանության դիրքերում` զինվորական թե քաղաքացիական, տղամարդ թե կին: Ինչպես ես, այնպես էլ բազմաթիվ կանայք, համոզված եմ, պատրաստ են զենք վերցնել  իրենց հայրենիքը և երեխաներին պաշտպանելու: Բայց դա  ոչ թե հանուն պատերազմի, այլ ապացուցելու համար, որ խաղաղությունն այլընտրանք չունի»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Աննա Հակոբյանը այլ կարծիք ուներ այս թեմայով: Մասնավորապես 2019 թվականի ապրիլին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցի ժամանակ խոսել էր «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին և ասել.

«Մեր նախաձեռնության միակ իմաստը զինվորների կյանքը պաշտպանելն է, և նրանց ուղղակի չզոհաբերելը հանուն ոչնչի, որովհետև հակամարտության պատմության այս  տարիների ընթացքում բազմաթիվ զոհեր ենք ունեցել երկու կողմից էլ, հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի, որովհետև ոչ մի կերպ, ոչ մի սանտիմետր անգամ այդ զոհերը չեն մոտեցրել մեզ հակամարտության կարգավորմանը, եթե չասենք, որ ընդհակառակը հեռացրել են կարգավորումից, որովհետև պարզ բան է, հայտնի ճշմարտություն է, որ թշնամանքի մթնոլորտում չենք կարող խաղաղություն կառուցել, չենք կարող հակամարտության լուծում գտնել։ Այս նախաձեռնության միակ իմաստն այդ կյանքերը խնայելն է երկու կողմից էլ»։

Իսկ ահա տարեվերջին, 2019 թավականի դեկտեմբերի 9-ին տիկին Հակոբյանը հրավերը հնչեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին։

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մեր կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը», - հայտարարեց վարչապետի կինը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ