18 05 2020

«Թալանած գումարի վերադարձ» անցած երկու տարում չի եղել

«Թալանած գումարի վերադարձ» անցած երկու տարում չի եղել

Ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը կրակն է ընկել իր հիմնական խոստման՝ «ժողովրդից թալանածը հետ վերադարձնելու» ձեռքը։ Անցած 2 տարվա ընթացքում այնքան իրար հակասող տվյալներ հրապարակվեցին, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե, ի վերջո, կոնկրետ որքա՞ն են կազմել այսպես կոչված կոռուպցիոն գումարների հետ վերադարձը և ամենակարևորը՝ ստացել է արդյո՞ք դրանք ժողովուրդը։

Իր վերջին մամուլի ասուլին «թավշյա» վարչապետը ևս մեկ ցուցանիշ հրապարակեց․ «2019 թվականի ընթացքում քննված քրեական գործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործերն են․․․ վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս»: Ընդ որում, այս գումարի միայն «մեծամասնությունն» է կոռուպցիոն բնույթի, այլ ոչ թե ամբողջ 12,4 մլրդ դրամը։

Այժմ ներկայացնենք, թե «թալանած գումարը հետ բերելու» ում կողմից և քանի՞ ցուցանիշ է հրապարակվել։

Ըստ գլխավոր դատախազության, 2018 թ․-ին 4,3 մլրդ դրամ, իսկ 2019 թ․-ին՝ 969 մլն դրամ։ Ստացվեց մոտ 5,3 մլրդ դրամ։  ԱԱԾ-ն ավելի «առատաձեռն» է գտնվել թվերի մեջ։ Նրա հրապարակած տեղեկատվության համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում վերականգնվել է մոտ 26 մլրդ դրամ։   Եվս մեկ ցուցանիշ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այս տարվա փետրվարին Գերմանիայում՝ «2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե:» 105 մլն դոլարը մոտ 51 մլրդ դրամ է։

Պետական բյուջեի «այլ եկամուտներ» տողում էլ, որտեղ պետք է երևան կոռուպցիայից հետ բերված գումարները 2018-2019 թվականներին մուտքերն ավելացել են 17 մլրդ դրամով։ Ի դեպ, այստեղ արտացոլվում են նաև մի շարք պետական տուրքեր և վճարներ։  Այսինքն, այդ 17 մլրդ դրամն էլ ամբողջությամբ «թալանածը հետ բերած» գումարը չէ։ Ավելին, այն մոտ երեք անգամ պակաս է Նիկոլ Փաշինյանի մատնանշած 105 մլն դոլարից (51 մլրդ դրամից)։

Այսպիսով, նախորդ երկու տարիներին կոռուպցիայից հետ են բերվել՝ ըստ գլխավոր դատախազության՝ 5,3 մլրդ դրամ, ըստ ԱԱԾ-ի՝ 26 մլրդ դրամ, ըստ պետբյուջեի «այլ եկամուտներ» տողի՝ 17 մլրդ դրամ, ըստ Նիկոլ Փաշինյանի այս տարվա փետրվարի հայտարարության՝ 51 մլրդ դրամ և վերջապես ըստ վերջին մամուլի ասուլիսում հայտարարության՝ 12,4 մլրդ դրամ։ Մի խոսքով, հինգ տարբեր թիվ, որոնցից երկուսը Նիկոլ Փաշինյանի հայտարարած։ Հարց է առաջանում, ուրիշ ի՞նչ է պետք մարդուն ստախոս անվանելու համար։

Այս ամենով հանդերձ, մայիսի սկզբին Նիկոլ Փաշինյանը փաստացի ընդունեց, որ ինքը ստել է՝ ասելով․ «Իշխանության 2019-ի մենամեծ ձախողումը ՀՀ ժողովրդի գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել»։ Մի՞թե սա ինքնախոստովանություն է, որ ինքը խաբել է «հպարտ քաղաքացիներին»։ Իհարկե՝ ոչ։ Սա ընդամենը հերթական անգամ խոստումը երկարացնելու փորձ է, քանի որ շարունակելով, նա ասել է․ «ժողովրդից գողացվածը կվերադարձվի»։ Այսինքն, «հպարտ քաղաքացիները» թող էլի սպասեն։

Մի խոսքով, դատելով «գողացվածը հետ վերադարձնող» թվերի իրար հակասելուց, ապա նաև Նիկոլ Փաշինյանի կողմից այդ գործընթացն «ամենամեծ ձախողումը» համարելուց, միանշանակ է, որ անցած երկու տարում հեղափոխության գլխավոր լոզունգ համարվող «թալանած գումարի հետ վերադարձ» կամ չի եղել, կամ այնքան աննշան է եղել, որ կարելի է բնութագրել որպես ձախողում։

Բնական է, որ չեղած գումարը անհնար է «ժողովրդին վերադարձնել»։ Եվ ընդհարապես, նման ձևակերպումն անորոշ է և անհեթեթ՝ նախատեսված նույն «հպարտ քաղաքացիների» համար, որոնք դեռ պետք է սպասեն և հավատան, որ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մեկից փող կամ գույք է խլելու և տա իրենց։

Եվ ամենակարևորը՝ չնայած չկան կոռուպցիայից հետ բերված գումարներ, բայց դա չի խանգարում, որ պետական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակեն աստղաբաշխական պարգևատրումներ ստանալ։ Ըստ yerkir.am-ի ստացած պաշտոնական տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանի կառավարման երկու տարիներին նրա որոշմամբ վերոնշյալ անձանց ստացած պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է 52 մլրդ դրամ կամ 108 մլն դոլար։ Գումար, որը վճարվել է մեր հաշվին, մեր բոլորիս վճարած հարկերից, սոցիալական, տնտեսական, առողջապահական և այլ ծախսերի փոխարեն։

Արա Մարտիրոսյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ