15 05 2020

Իմքայլականի տրամաբանությամբ, Ռուստամ Բադասյանը մեր վրա տղա՞ է բերում

Իմքայլականի տրամաբանությամբ, Ռուստամ Բադասյանը մեր վրա տղա՞ է բերում

Իշխանության կողմից Սահմանադրական դատարանի դեմ սկսված գրոհը դեռ հանգուցալուծված չէ և կարծես թե երկար է տևելու։ ՍԴ դատավորներին օրինական կաշառք առաջարկելուց, քրեական գործեր հարուցելուց հետո հանրաքվեով հարցը լուծելը ևս չի հաջողվում։ Մի քանի տարբերակ փորձելուց հետո օրեր առաջ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմեց Վենետիկի հանձնաժողով՝ ուղղելով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ հարցեր:

Դեռև պարզ չէ, թե ինչ հարցեր են ուղղված, ինչ պատասխաններ կտրվեն և ինչ ժամկետում, բայց Վենետիկի հանձնաժողով դիմելու հանգամանքն ինքնին հետաքրքիր է։ Իշխանությունը, ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական շատ հարցեր ներկայացնում է ըստ իր պատեհության։ Ամիսներ առաջ, երբ հանրաքվեի նախագիծը դրվում էր ԱԺ քվեարկության, իսկ ԵԽԽՎ համազեկուցողները կոչ էին անում նախագիծը կարծիք ստանալու համար ուղարկել Վենետիկի հանձնաժողով, խորհրդարանական մեծամասնությունը այս կոչը շրջանցեց։ 

Հիմա, պարզվում է, երբ հանրաքվեն ցանկալի ժամկետներում, գոնե չի լուծելու ՍԴ դատավորներից ազատվելու խնդիրը, իշխանությունը հիշել է Վենետիկի հանձնաժողովին։ Այստեղ, նաև պետք է վերհիշել, թե ինչ կարծիք ուներ, մասնավորապես այս մասով իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Անդրադառնալով Հրայր Թովմասյանին ամեն գնով ազատվելու իշխանության համառությանը, Հովիկ Աղազարյանն ասել էր․ «Եթե, օրինակի համար, Հրայր Թովմասյանը, մասնավորապես, չդիմեր Վենետիկի հանձնաժողովին և մեր վրա տղա չբերեր, իր գործունեությունն ուղղված լիներ միայն իրավական դաշտում աշխատելուն, ապա կարող է իր դեպքում էլ այդ անհրաժեշտությունը չառաջանար»:

Ըստ Աղազարյանի տրամաբանության, փաստորեն, ով միշտ, ըստ էության անկեղծորեն ասում է այն, ինչի մասին իշխանությունը մտածում է, բայց չի խոստովանում, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մեր վրա տղա է բերում։ 

Բադասյանի՝ Վենետիկի հանձնաժողով դիմելը, բնականաբար, հակապետական ու հակաօրինական բան չէ։ Հավանաբար, հենց այդ կառույցը հեղինակավոր խոսքով կօգնի փակել թեման։ Մեկ անգամ, արդեն, նրանք կարծիք հայտնել են գործընթացի հակաօճրինականության մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ