28 04 2020

Կորոնավիրուսը միայն արագացրեց արդեն սկսված տնտեսական անկումը

Կորոնավիրուսը միայն արագացրեց արդեն սկսված տնտեսական անկումը

Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը կտրուկ նվազել է։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական ցուցանիշներից պարզ է դառնում, որ տնտեսական ակտիվության աճը հունվար-մարտ ամիսներին կազմել է 4 տոկոս։ Հիշեցնենք, որ հունվարին աճի տեմպը 8,8 տոկոս էր, հունվար-փետրվարին՝ 8,7 տոկոս և ահա հունվար-մարտին՝ 4 տոկոս։ Կարելի է ենթադրել, որ ապրիլ ամսվա ցուցանիշից հետո արդեն կունենանք տնտեսական անկում, եթե, իհարկե, վիճակագրական կոմիտեն արհեստականորեն չփորձի մեղմել իրական կացությունը։ 

Այն, որ անկախ կորոնավիրուսից, Հայաստանի տնտեսական աճն այս տարի նվազելու էր,  կանխատեսել էին թե՛ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, թե՛ ՀՀ Կենտրոնական բանկը։ Այն գործոնները, որոնց շնորհիվ հիմնականում անցյալ տարի տնտեսական ակտիվության 7,6 տոկոս աճ էր ցույց տրվում, այս տարի այլևս չկան։ Դրանք են՝ ավտոմեքենաների զանգվածային ներմուծում, խաղային բիզնեսի՝ բուքմեյքերական ընկերությունների գործունեության ակտիվացում և պղնձի միջազգային բարձր գներ։ 

Հիմա հունվար-մարտի ցուցանիշների մասին։ Անգամ 4 տոկոս տնտեսական ակտիվության աճը խիստ կասկածելի է։ Այս ցուցանիշն ավելի մեծ նվազումից փրկելու համար, հին բարի ժամանակների ավանդույթի համաձայն, օգնության է «եկել» գյուղատնտեսությունը։ Վիճկոմն այստեղ աճ է պատկերել՝ 4,5 տոկոս։ Հիշեցնենք, որ թե 2018 թ․-ին, թե 2019 թ․-ին գյուղատնտեսությունում անկում է գրանցվել։ Եվ ահա 2020 թ․-ի առաջին եռամսյակում աճ, այն էլ 4,5 տոկոսով։ Հարց է առաջանում, ինչի՞ հաշվին։ Դեռևս բերք չտված բուսաբուծության, թե՞ հունվար-փետրվարին սպանդանոցների դեմ ցույցերի մեծ ալիք բարձրացրած անասնապահության։ Եթե նման բան լիներ անցյալում, ապա կարելի է պատկերացնել, թե Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի տնտեսական լրագրողը վիճկոմի դեմ ինչ վայնասուն կբարձրացներ։ Սակայն իշխանությունն ու պատգամավորական մանդատը հնարավորություն է ստեղծում նախկինում կեղծիքի դեմ «պայքարողին» կեղծիքներ պատվիրել հօգուտ իրեն։ 

Ըստ տնտեսության ճյուղերի առանձին-առանձին ցուցանիշները փաստում են, որ մարտ ամսին անկում է արձանագրվել թե նախորդ տարվա մարտի, թե այս տարվա փետրվարի համեմատ։ Երեք ամիսներին արդյունքով, աճ կա արդյունաբերությունում՝ 8,7 տոկոս և ծառայությունների ոլորտում՝ 5,5 տոկոսով։ Առևտրի շրջանառությունում աճ գրեթե չկա՝ 0,2 տոկոս։ Ընդ որում, այս ճյուղում վերջին մեկուկես տարում շրջանառության ծավալների անկումը այդպես էլ վիճկոմը չցանկացավ «նկատել»։ Շինարարությունում էլ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի խոստացած «բումը» այդպես էլ չսկսած, դարձյալ անկման մեջ հայտնվեց՝ 9,4 տոկոս։

Բնականաբար, նվազել է նաև արտաքին առևտրաշրջանառությունը։ Այս ցուցանիշը կեղծելն անհամամետ ավելի բարդ է, քանի որ վիճակագրական ցուցանիշներ են հրապարակվում նաև գործընկեր երկրներում և համադրելու հնարավորություն ունենք։ Այստեղ նույնպես մարտ ամսին փետրվարի և նախորդ տարվա մարտի համեմատ երկնիշ անկումներ են եղել։ Ընդ որում, փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ արտահանումն ու ներմուծումն արդեն նվազել էին։ Եվ ահա, երեք ամիսների արդյունքում, արտաքին առևտուրը նվազել է 4 տոկոսով։ Արտահանումը չնչին՝ 0,2 տոկոս աճ է ունեցել, ներմուծումը՝ 6,2 տոկոս անկում։

Այս ամենի ֆոնին աճում են պետական հատվածում աշխատողների աշխատավարձերը։ Պարզ է, որ խոսքը մանկավարժների կամ բժիշկների աշխատավարձերին չեն վերաբերվում՝ դրանք անցած ամիսներին չեն ավելացել։ Պետական հատվածում միջին անվանական աշխատավարձի 10,5 տոկոսով բարձրացումը պայմանավորված է առաջին հերթին շարունակվող պարգևավճարների տրամադրմամբ, որոնք հատկապես աստղաբաշխական չափերի են բարձրաստիճան պաշտոնյաների և ԱԺ պատգամավորների պարագայում։

Արա Մարտիրոսյան     

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ