23 04 2020

Կներեք, Իսկ ՀԾԿՀ-ի մտածելու օրգանը որտե՞ղ է

Կներեք, Իսկ ՀԾԿՀ-ի մտածելու օրգանը որտե՞ղ է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ բոլոր բնակիչ- բաժանորդների կոմունալ վճարումները կատարելուն խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարվում է վերացած։ Այսինքն, պետք է կատարեն վճարումները։

Կարելի է մտածել, թե այս հայտարարության հեղինակները հենց երեկ իջան լուսնից։

Հետաքրքիր է՝ ո՞ր խոչըտնդոտն է վերացած։

Բանն այն է, որ, ՀԾԿՀ-ի տրամաբանությամբ, կոմունալները չվճարելու պատճառն այն է, որ փողոց դուրս գալու համար թերթիկ պետք էր լրացնել։ 

Բայց փաստացի սա նշանակում է՝ չգնահատել հանրության սոցիալական վիճակը։ Եթե տրամաբանությունը դա էր, ապա ինչո՞ւ կառավարությունը որոշեց կոմունալների համար որոշակի սուբսիդիա հատկացնել։

Կոմունալների վճարման-չվճարման տրամաբանությունը հետևյակն էր՝ մարդիկ նստած են տները, չեն աշժխատում, որոշները զրկվել են աշխատանքից, որոշներն ունեն խնայողություն, շատերը՝ չունեն, և այս ընթացքում չեն կարող գումար տրամադրել կոմունալ ծախսերի կատարմանը։

Հիմա, երբ Հանրայի ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է, թե վերացած է խոչընդոտը, նշանակում է, որ նա այս երկրից չէ, տեղյակ չէ, թե ինչ է կատարվում․ կատարվում է այն, որ մարդկանց մեծ մասը շարունակում է չաշխատել, երկրում արտակարգ դրությունը չի վերացել, և կան սահմանափակումներ, շատերը, որոնք չէին աշխատում մեկ ամիս առաջ, այժմ ևս չեն աշխատում։

Խոչընդոտը կարող է վերացած լինել միայն մեկ պարագայում՝ եթե վերանա արտակարգ դրության ռեժիմը, հանեն սահմանափակումները բոլոր ձեռնարկությունների, բիզնեսի բոլոր տեսակների նկատմամբ, մարդիկ աշխատեն ու ստանան աշխատավարձ։ Այ հենց այդ ժամանակ կհամարվի խոչտնդոտները վերացած։

Այսինքն, եթե արտակարգ դրությունը հանվում է մայիսի 14-ին և բոլոր սահմանափակումները հանում են, դրանից մեկ ամիս անց քաղաքացին ստանում է աշխատավարձ, այսինքն՝ հունիսի կեսից նոր պետք էր այս որոշումը կայացնել։ 

Այլ պարագայում, անտրամաբանական է մարդուն նստացնել տանը, բոլոր խնայողությունները ծախսի սննդի վրա ու հիմա, երբ հա՛մ գումարն է վերջացել, հա՛մ կառավարության օգնությունն է չնչին, նոր գումարի ծանրության տակ դնել։

Մենք խոսում ենք այն մասին, որ պարետի որոշումներն անտրամաբանական են, հակասական, անըմբռնելի։ Բայց պարզվում է՝ կառավարման այլ օղակներում էլ է նույն փնթիությունը։

Եվ ուրեմն, որպես ամեն օր քաղաքացիներից բողոք ու ահազանգ ստացող լրատվական կայք, կոչ ենք անում չեղարկել ՀԾԿՀ այս որոշումը, ինչպես որ պարետն է ամենօրյա հաճախականությամբ չեղարկում իր նախկին որոշումները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ