Կարանտինը բիզնեսի և մասնավոր հատվածում աշխատողների համար շարունակվելու է ևս մեկ ամիս։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, միայն մայիսի 14-ից «փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի»։ Այս որոշմամբ իշխանությունը հերթական անգամ ցույց տվեց ճգնաժամային իրավիճակում կառավարման անընդունակ լինելը՝ ընտրելով ամենահեշտ և ամենաանարդյունավետ ճանապարհը։ Դա մի կողմից ավելի է վատթարացնելու սոցիալ-տնտեսական վիճակը, մյուս կողմից՝ ապահովելու Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում բոյկոտվող, այժմ սիրելի խոշոր սեփականատիրոջ սուպերմարկետների ցանցի բացարձակ մենաշնորհային դարձած կարգավիճակը և կտրուկ բարձրացած շահութաբերությունը։
Այլևս ակնհայտ է, որ կարանտին կոչվածը բնակչության գերակշիռ մասի կողմից արհամարվում է և անտեսվում։ Դրա հիմնական մեղավորը հենց իշխանությունն է՝ կորոնավիրուսի սկզբնական շրջանում իր անլուրջ մոտեցմամբ, մեկը մյուսին հակասող հայտարարություններով, սեփական օրինակով դեմ գնալով կարանտինի պահպանման պահանջներին, այդ պահանջների կատարումը չապահովելու, դրանց կարևորությունը մարդկանց գիտակցությանը հասցնել չկարողանալու համար։ Ի՞նչ ենք ունենում այս ամենի արդյունքում։
Փաստորեն, այս պահին կարատինը գործում է միայն խանութների, ծառայություններ մատուցող օբյեկտների և ոչ մթերային ապրանքներ արտադրողների համար։ Խոսքը մոտ 70 հազար տնտեսավարողների ահռելի մեծամասնության մասին է։ Կարանտինից տուժած մյուս ոլորտը հասարակական տրանսպորտն է։ Ի դեպ, ավտոբուսների և միկրոավտոբուսների վարորդները օրերս բողոքի ցույցի էին դուրս եկել։ Նրանք դժգոհում էին իրենց պարապուրդից և հայտնում, որ մնացել են առանց ապրուստի միջոցների։
Թե ինչպես կարելի է աստիճանաբար թույլ տալ փոքր բիզնեսը ներկայացնող տասնյակ հազարավոր օբյեկտների և հանրային տրանսպորտի գործունեությունը, անդրադարձել ենք մեր նախորդ՝ «Ի՞նչն է խանգարում թույլ տալ փոքր բիզնեսին գոյություն պահպանել» հրապարակմամբ:
Հարց է ծագում, թե ինչո՞ւ կառավարությունը չի գնում այն ճանապարհով, որը թույլ կտա մեղմացնել խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը՝ զուգահեռաբար իրականացնելով կորոնավիրուսի դեմ պայքարի՝ վերոնշյալ հրապարակման մեջ ներկայացվող առաջարկները։ Պատասխանը պարզ է՝ դա պահանջելու է հավելյալ ջանքեր, միջոցներ և աշխատանք։ Մինչդեռ, այս իշխանությունները չեն կարող և չեն ցանկանում դա անել, ինչին ականտես ենք եղել և լինում ամեն քայլափոխի։
Երկրորդ պատճառը հայտնի օլիգարխի տնտեսական շահն է, որի մասին նշել ենք հրապարկման սկզբում։ Բանն այն է, որ բացի սննդամթերքից, վերոնշյալ սուպերմարկետների ցանցում վաճառվում են զանգվածային սպառման բազմաթիվ ապրանքներ՝ հագուստ՝ ներքնաշորերից մինչև անկողնային պարագաներ, հողաթափեր, գլխարկներ, սպասք, տնային այլ պարագաներ, կենցաղային իրեր, էլեկտրոնային ապրանքներ, տնտեսական ապրանքներ, լվացող միջոցներ՝ ափսեների, հագուստի, հարթ մակերեսների, օճառ, շամպուն և այլն, հիգիենիկ պարագաներ՝ անձեռոցիկներ, զուգարանի թուղթ և այլն, կոսմետիկ միջոցներ՝ մարմնի, դեմքի, աչքերի քսուքներ, մազերի դիմակներ, ներկեր, դեկորատիվ կոսմետիկա՝ շրթներկ, եղունգների լաք, դիմահարդարման և մատնահարդարման պարագաներ, գրենական պիտույքներ, գրասենյակային ապրանքներ, խաղալիքներ, դիզայնի, փաթեթավորման պարագաներ, հուշանվերներ և բազում այլ ապրանքներ։ Այսինքն, բոլոր այն ապրանքները, որոնց վաճառքով զբաղվում են հազարավոր փոքր խանութներ, վաճառվում են «Երևան սիթի»-ներում։ Այդ խանութների փակված լինելու պատճառով այդ ապրանքները երևանցիները ստիպված գնում են միայն «Երևան սիթի»-ներից, ինքնաբերաբար մարդկային կուտակումներ ստեղծելով դրանցում և նպաստելով կորոնավիրուսի տարածմանը, ինչպես նաև բազմապատիկ շահույթ «ապահովելով» սուպերմարկետների ցանցին։Եվ սա փոքր ու միջին խանութների գործունեությունը հնարավորինս երկար փակ պահելու Նիկոլ Փաշինյանի գլխավոր մոտիվացիան է։ Այլապես նրա համար «կորոնավիրուսը ո՞ւմ շունն է», հազարավոր մարդիկ իրենք են մեղավոր իրենց վատ վիճակի համար, իսկ օրավարձով աշխատողներ էլ չկան։ Ժողովրդի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի «հոգատարության» դրսևորման այս օրինակների շարքը կարելի է անվերջ թվարկել, իսկ նրա իրական հոգատարության դրսևորման օրինակը կոնկրետ օլիգարխի նկատմամբ ևս մեկ անգամ փաստվեց։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը