03 04 2020

Ովքե՞ր են կառավարությանը մերժած մասնագետները

Ովքե՞ր են կառավարությանը մերժած մասնագետները

Մարտի կեսերից հետո,  երբ Հայաստանում հաստատված  վարակակիրների թիվը կտրուկ աճեց՝ գերազանցելով 150-ը, ու 2 հազարից ավել կոնտակտավոր մեկուսացվեց հանգստյան գոտիներում, խիստ հրատապ դարձավ բուժանձնակազմի համալրման խնդիրը:

Եվ ահա, կորոնավիրուսի դեմ համատեղ ներուժով պայքարելու պետության կոչ-խնդրանքին արձագանքեցին մեծաթիվ բուժաշխատողներ, այդ թվում՝ մարզային ԲԿ-ներից։ Սակայն զարմանալիորեն մերժել են օգնել մի խումբ բժիշկներ, որոնց կարիքը պետությունն ամենից շատը ունի ներկա վիճակում:

Նորքի հակահամաճարակաբաններին մարտի կեսերից կամավոր միացել ու հերթափոխում են  բազմապրոֆիլ բժիշկներ, բուժքույրեր, սանիտարներ ու դեռևս համալսարանական բժիշկներ, սակայն պետության մեկնած ձեռքը օդում է թողել  ՁԻԱՀ վերկանգնողական կենտրոնի պրոֆեսիոնալ հակահամաճարակաբանների խումբը: Խոսքը ՁԻԱՀ-ի կենտրոնի կորիզը համարվող բուն մասնագիտական խմբի մասին է,  հատկապես այն 7 հոգանոց, որն ինքնակազմակերպվեց նոր ղեկավարի նշանակումից հետո և բոյկոտելով՝ լքեց հարազատ աշխատավայրը: 

Ու, փաստորեն, մի ամբողջ մարտ ամիսը նրանք նախընտրեցին  իրենց ռեալիզացնել հեռուստաեթերներում՝ սուր քննադատելով կորոնայի դեմ պետության ջանքերը, բայց ոչ մի դեպքում չմիանալ և չօգնել Նորքում շաբաթներով ճգնող կոլեգաներին:  Եվ սա այն դեպքում, երբ վիրուսի դեմ պայքարը մոբիլիզացրել է երկրի ամբողջ բուժանձնակազմը, Նորքի ինֆեկցիոն կենտրոնում ունենք կադրային ռեզերվի լուրջ կրիզիս, ստիպված պանդեմիայի ագրեսիվ տարածումը դեպի  բանակ ու Արցախ կանխելու համար գործի են լծվել անգամ օրթոդենտներն ու օրթոպեդները, պլաստիկ խիրուրգներն ու օրդինատորները, որոնց խրախուսում են ուսման վարձերի մեծ զեղչերով։

Նկատենք, անգամ  14 բուժաշխատողների վարակման դեպքը  չստիպեց ՁԻԱՀ-ի պրոֆեսիոնալներին ինքնաբուխ մղվել գործի մեջ ու կյանքեր փրկել, ինչը շատ բնական կլիներ։ Փոխարենը նրանք շարունակում են  սառնասրտորեն կողքից հետևել դեպքերի զարգացումներին՝ խնայելով պարապ ժամանակը: Ի դեպ, առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատեց մեր տեղեկությունները՝ միայն մի բացառությամբ. «ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկները, ովքեր հեռացել են կենտրոնից  իրենց ազատման դիմումների համաձայն, այո, մինչ օրս այդ ցանկից որևէ մեկից դիմում չենք ստացել՝ պանդեմիայի դեմ պայքարին իրենց անհատույց օգնությունը մատուցելու համար: Այդ ամբողջ բուժանձնակազմից միայն երկու բուժքույր է առաջարկել իր ծառայություները՝ վճարովի հիմունքներով, և նրանց հետ արդեն իսկ կնքվել են պայմանագրեր։  ԲԿ-ներից մեկում կորոնավիրուսով վարակված անձանց այս բուժքույրերը սպասարկում են իրականացնում»: 

Ընդունում ենք, այո, նրանք եզակի մասնագետներ են, բայց չմոռանանք՝ պետությունն է ժամանակին մեծ գումարներ ծախսել արտերկրում նրանց վերապատրաստման կուրսերի, գործուղումների համար, որպեսզի այսօր մասնագիտական բարձր որակ ապահոված կադրեր ունենա

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանում բժիշկ հակահամաճարակաբաններ չեն պատրաստվում արդեն քսաներկու տարի, Երևանի բժշկական համալսարանում 1998 թվականին՝  Սանիտարական բժշկության ֆակուլտետի փակվելուց հետո, այս մասնագիտության կարիքը երբեք այսքան մեծ չի եղել։ Հիմա  ողջ աշխարհում հակահամաճարակաբաններն են ֆրոնտում կռիվ տալիս անտեսանելի հրեշի դեմ, նրանք մեծարվում են ամենուր, նրանք են այսօրվա իսկական հերոսները, նրանք են ստիպում, որ աշխարհի 203 երկրների անկումը կանգ առնի: Իսկ Հայաստանի Հանրապետությունն ունի ընդամենը 65 հակահամաճարակաբան, ըստ որում՝ նրանց մի մասը թոշակառուի տարիք ունեցող: Ի դեպ, Անգլիան մեկ շաբաթ առաջ հետ է կանչել իր կենսաթոշակառու 20 հազար բուժաշխատողի և արագ վերապատրաստման կուրսերով զինելուց հետո մտցրել է «կռվի դաշտ»: Մինչդեռ  Հայաստանում նախարար Թորոսյանը կամավորագրում է բազմապրոֆիլ բժիշկների, բուժքույրերի և բժշկականի ուսանողներին, շատերի հետ աշխատանքային պայմանագրեր են կնքում և ուղարկվում են Առողջապահության ազգային ինստիտուտ՝ ինտենսիվ վերապատրաստման կուրսերի, որպեսզի կարողանան սպասարկել 9 վերապրոֆիլավորված հիվանդանոցները:

Առողջապահության նախարարն ընդունում է, որ կադրային լուրջ կրիզիս ունենք, և որ իրավիճակը օր-օրի ավելի է սրվում, մարզերում կորել է վիրուսի հետքը, հանրապետությունով մեկ հոսպիտալային պայմաններ են ստեղծվում մարզադահլիճների հաշվին: Պանդեմիայի համար 9 վերապրոֆիլավորված  հիվանդանոցներում այսօր արդեն 736 վիրուսակրի կյանք է հսկվում, ունենք խլված 7 կյանք, ու մահվան ճիրաններում կռվող մի քանի տասնյակ պացիենտ, այդ թվում՝ երիտասարդներ: 

Նշենք, մարտի 1-ից մինչ օրս  արված 3258 թեստից 779-ը հաստատվել է, այսինքն հետազոտվածների 23%-ը եղել է վիրուսակիր։ Նրանցից  դեռևս 43-ն են ապաքինվել-գնացել տուն, մյուսները շարունակում են մնալ հիվանդանոցներում՝ սուր հսկողության տակ, այդ թվում՝ մեկ մանհասակ  երեխա և հղիներ: 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ