ՀՀ ԱԳ նախարարությունը հակադարձել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանըմ, որը կոչ էր անում չճանաչել Արցախում համապետական ընտրությունները։ ԱԳՆ-ն Թուրքիայի դիրքորոշումը համարում է Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտություն:
Սակայն մեջբերենք մեկ հատված ԱԳՆ հայտարարությունից,որի բառապաշարը առնվազն անհասկանալի է․ «Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից»:
Մասնավորապես, խոսքը «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ» և «ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ» արտահայտությունների մասին է։
ՀՀ ԱԳՆ-ն այսպես է բացատրում, թե ինչ գործընթաց է կատարվում այսօր Արցախում և գործընթացը օրինական համարելով հանդերձ, չի նշում, որ ընտրվում է օրինակ՝ ԼՂՀ նախագահ, կամ ԼՂՀ Ազգային Ժողով, խորհրդարան, իշխանություն, վերջ ի վերջո՝ սահմանված և ընդունված Սահմանադրության համապատասխան։
Նախորդ անգամ, երբ Արցախում նախագահ էին ընտրում, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, այսպես էր ձևակերպել, բնականաբար՝ ուղղված արտաքին աշխարհին․ «Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ, արդար և մրցակցային նախագահական ընտրությունները վկայում են Արցախի իշխանությունների և ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանն ու օրենքի գերակայությանը:
Ողջունելի է ընտրություններին մի քանի տասնյակ միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան:
Չեմ կարծում, որ ժողովրդավար որևէ երկրի կողմից կարող է վիճարկվել ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանությունների ձևավորման անհրաժեշտությունը և կարևորությունը:
Միջազգային հանրությունը, բնականաբար, պետք է շահագրգռված լինի հարաբերվելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելևս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մանդատով: Այս ընտրություններով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը:»
Ահա, այսպես։ Ստացվում է՝ ընդամենը ութ տարի հետո, և ընդամենը մեկը մյուսին փոխած մեր նախարարներն այլ պատկերացումներ ունեն, թե ինչ գործընթաց է կատարվում երկրորդ հայկական պետությունում։ Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ Արցախում այսօր ընտրում են «Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ»՝ փոխարինելով, Նալբանդյանի «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ»։
Ցավալի է բայց, առաջին անգամը չէ, որ Մնացականյանի ղեկավարած նախարարությունն Արցախի իշխանությունների մասին խոսում է նման բնորոշումներով։ Տեսնես Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահին հանդիպելիս դիմում է՝ «պարոն Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչ» ձևակերպմա՞մբ։
Ի դեպ, ԵՄ մամուլի խոսնակը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետությունում անցկացվող ընտրությունների մասին։ Հաղորդագրությունը վերնագրված է այսպես․ «Լեռնային Ղարաբաղ․ ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունն` այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ»։
Բնականաբար, եթե Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (նախարարը) նման դիրքորոշում ունեն, չի կարելի այլ բան սպասել միջազգային կառույցներից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը