Արցախի նախագահի թեկնածուների մարտի 29-ի հեռուստաբանավեճը բավականին հետաքրքիր ու, ընդհանուր առմամբ, տպավորիչ ստացվեց: Դա ողջունելի և լավ քայլ էր, հատկապես՝ քվեարկության նախաշեմին, քարոզարշավի վերջին օրը: Ամեն ինչ չէր հարթ ու սահուն, բայց հիմնականը՝ օրենքի սահմաններում մնալով, յուրաքանչյուր թեկնածու հնարավորություն ունեցավ թե՛ մրցակիցներին հարցեր ուղղելու, թե՛ իր ասելիքն ու նաև հնչած պատասխանների վերաբերյալ դիտողությունները բարձրաձայնելու համար: Մնացյալը, բնականաբար, ընտրողների որոշելիքն է:
Ուշադրություն գրավեց և այն, որ գրանցված 14 թեկնածուներից հեռուստաբանավեճին մասնակցեցին 12-ը: Առանձնապես նկատելի էր ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի բացակայությունը: Նա որոշել էր չմասնակցել՝ նախապես հայտարարելով այդ մասին:
Իրավիճակում, երբ կոնկրետ թեկնածուի՝ Մասիս Մայիլյանի անվան հետ կապված բավականին աղմկահարույց տեղեկություն-փաստաթուղթ տարածվեց՝ Ռուսաստան նրա մուտքը 5 տարով արգելելու վերաբերյալ, ավելի տրամաբանական ու բնական կընկալվեր նրա մասնակցությունը հրապարակային բանավեճին, այլ ոչ թե՝ բացակայությունը: Վերջին հաշվով, հեռուստաբանավեճը շատ լավ հնարավորություն է միանգամից ու գրեթե ամբողջ լսարանին ասելու, ներկայացնելու իրավիճակի վերաբերյալ սեփական ասելիքն ու բացատրությունները: Այնինչ Մայիլյանը գերադասեց չմասնակցել, ըստ այդմ՝ բաց թողեց իր դիրքորոշումը ու ոչ միայն այդ խնդրի վերաբերյալ ներկայացնելու քարոզչական լավ հնարավորությունը: Առավել ևս, երբ խոսքը ոչ թե պարզապես որևէ քաղաքական գործչի մասին է, այլ Արցախի ԱԳ նախարարությունը վերջին շրջանում ղեկավարած անձնավորության:
Ինչո՞ւ: Ինչ հարցերի՞ց է խուսափում Մասիս Մայիլյանը:
Գուցե նա իսկապես խուսափում է Ռուսաստան իր մուտքի արգելման վերաբերյալ թեման շոշափելո՞ւց՝ չունենալով պատասխան: Իսկ հնարավո՞ր է, որ նա բացակայում էր, որովհետև բանավեճի ընթացքում մրցակից թեկնածուներից մեկնումեկն անխուսափելիորեն կդիմեր, որպեսզի Մասիս Մայիլյանը պարզաբանի Սորոսի կողմից ֆինանսավորվող շրջանակների հետ իր կապերի և համագործակցության մասին: Եթե «Բաց հասարակության հիմնադրամների» հետ այդ համագործակցության մեջ ամեն ինչ անամպ ու դրական է, ապա ո՞րն է խուսափելու շարժառիթը: Մտահոգությունը, որ հայրենակիցներն իրեն չե՞ն հասկանա, կամ հայրենակիցների համար ընդունելի չի՞ լինի նրա սորոսական կողմնորոշումը:
Այսպես թե այնպես, հեռուստաբանավեճի մասնակցությունից հրաժարվելով, Մասիս Մայիլյանը յուրովի «պատասխանեց» այդ հարցադրումներին: Դա քաղաքական ոչ ճիշտ որոշում էր, առնվազն:
Ընդհանուր առմամբ, իր այդ քայլով Մայիլյանը մի մեծ հարցական նշան դրեց Արցախի նախագահական ընտրություններում իր մասնակցության ու ստանալիք հնարավոր քվեների վրա: Ու ոչ միայն. նման քաղաքական վրիպման հետևանքները, ամենայն հավանականությամբ, դեռ մի նկատելի ժամանակահատված կուղեկցեն Մասիս Մայիլյանին քաղաքական դաշտում, եթե նա, իհարկե, շարունակի զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Գալուստ Գրիգորյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը