30 03 2020

Պոպուլիզմը նահանջում է՝ բախվելով լուծում պահանջող ռեալ խնդիրներին

Պոպուլիզմը նահանջում է՝ բախվելով լուծում պահանջող ռեալ խնդիրներին

Ինչպես ցանկացած իշխանություն, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ևս, նույնիսկ սովորականից առավել, ամենից արդյունավետն է գործում ինքն իր դեմ: Կորոնավիրուսի վարակի հետ կապված այս ամբողջ պատմությունը, որ դեռ չի էլ ավարտվել, ի ցույց դրեց 2018-ին հեղափոխական ալիքով, ապա նաև արտահերթ ընտրություններով իշխանության եկած բացարձակ պոպուլիստական խմբակի թուլությունն ու անկարողությունը:

Մեկ ռեալ բարդ իրավիճակ, ընդամենը մեկ կոնկրետ խնդիր, որ պահանջում էր լուրջ վերաբերմունք, սթափ գնահատական, պահանջում էր արագ և հստակ արձագանք, որ չեղավ, և անցած երկու տարվա ընթացքում Փաշինյանի շուրջ հյուսված առասպելականությունն ու արհեստական «լուսապսակն» սկսեցին գոլորշիանալ: Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած կառավարությունը, թվում է, արեցին գրեթե ամեն ինչ, որպեսզի կորցնեն ունեցած հիմնական ռեսուրսը՝ հանրության մի զգալի մասի էյֆորիկ տրամագրույթունների, ոգևորության վրա հենված վստահությունը: 

Հակասական ու անլուրջ հայտարարություններ՝ այդ վարակի վտանգավորության աստիճանի և տարածման սպառնալիքի վերաբերյալ («վիրուսն ում շունն ա», «պինցետով կհանենք» և այլն), հանրաքվեի քարոզարշավի շարունակում, ապա նկատելի ուշացմամբ՝ արտակարգ դրության հայտարարում, ապա՝  ոչ պոպուլյար, բայց անհրաժեշտ կարանտինային ու տեղաշարժի սահմանափակման, տնտեսական գործունեության ժամանակավոր դադարի միջոցառումներ, վարակվածների թվի նկատելի ավելացում: 

Որպես հախուռն, արագ-արագ արվող քայլերի յուրատեսակ լրացում ու սաստիկ հարված Նիկոլ Փաշինյանի քաղաքական իմիջին՝ նրա հայտարարությունը, թե Հայաստանում չկան «օրավարձով աշխատողներ», թե՝ վարկերի տոկոսների վճարումներն անգամ հետաձգելու մասին խոսակցույթուններն ավելորդ են: Պոպուլիստ Փաշինյանը, որ իշխանության գալու համար հրահրած հուզումների ժամանակ հայտարարում էր, թե բոլոր վարկային տոկոսները, տույժերը անխտիր պիտի զրոյացվեն, հիմա ինքն իրեն դաժան հարված հասցրեց:

Շատ պարզ հասկացվեց, թե՝ Պողո՛ս, եղունգ ունես՝ գլուխդ քորիր, գլխիդ ճարը տես: 

Ու դա ասվեց պողոսներից շատերի կուռքի կողմից, նույնիսկ ամենավերջին Պողոսին հասկանալի ձևով ու բառերով: 

Այդ ամենը, ինչ խոսք, չեն ավելացնում Փաշինյանի իշխանության վերկանիշը: Դրան էլ գումարած՝ կոնկրետ խնդիրները լուծելու գործում ցուցաբերվող խառնիխուռն մոտեցումները, դրանց հետևանքով ուղեկից նորանոր խնդիրների հարուցումը, նույնիսկ նման վիճակում ձևական ու պոպուլիստական վարքը, իրական հարցերը թողած՝ երևակայական «տնտեսական հեղափոխության զրոյական շինհրապարակից» խոսելը: 

Առայժմ արտակարգ դրություն  է, նաև վարակի տարածման հետ կապված՝ քաղաքական տարբեր ուժերի շրջանակների կողմից որոշակի մորատորիումի իրավիճակ: Բայց այդպես անվերջ չի շարունակվելու: Արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո, թվում է, քաղաքական ուժերի կողմից կարող է դրվել գործող կառավարության հետագա գոյության նպատակահարմարության հարցը: Մեծ հարց է, թե որքան ժամանակ կկարողանա եղած ու նաև հետագայում անխուսափելիորեն ծագող խնդիրների պայմաններում դիմանալ Փաշինյանի իշխանությունը՝ 2 ամի՞ս, 4 ամի՞ս, կես տարի՞...

Թե ի՞նչ կլինի Հայաստանի քաղաքական կյանքում՝ ցույց կտա ապագան: Բայց արդեն համաշխարհային մասշտաբով տեսանելի է, և դրա մասին տարբեր մեկնաբաններ են խոսում, որ պոպուլիստ-ամբոխավարների ժամանակաշրջանը կամ հերթական փուլը այս կորոնավարակով ավարտվեց: 

Հասարակույթունները և մարդիկ ցանկանում են տեսնել կոնկրետ իրողություններով առաջնորդվող, կոնկրետ ու իրատեսական, արդյունավետ լուծումներ առաջ քաշող և լուծող իշխանություններ, կառավարություններ որոնք ոչ թե մտածում են իրենց վարկանիշի ընկնել չնկնելու մասին, այլ հակառակը երկրի, պետության, անվտանգության լուծումներ առաջ բերում, անգամ դժվար, ծանր մարսվող: 

Ինչ վերաբերում է հայկական իրականության խնդիրներին, ապա վաղը նախատեսված Արցախի համապետական ընտրություններն են: Ներդրված սորոսական շրջանակներն այստեղ արդեն զգում են իրենց հնարավոր ձախողումը: Մյուս կողմից, Արցախում ընտրությունների հետ կապված, շատ չբարձրաձայնվող, բայց գործող ներքին ու ընդհանուր համաձայնությամբ, միշտ կա ձգտում՝ ձևավորել այնպիսի իշխանություն, ընտրել եղած թեկնածուներից այն գործչին, ով ավելի լավ ու արդյունավետ հարաբերություններ կունենա ՀՀ իշխանության ղեկավարի հետ: Բայց այս անգամ կարող  է ստեղծվել հակառակ իրադրությունը: Այն իմաստով, թե Հայաստանի հավանական հաջո՛րդ ղեկավարը ինչ հարաբերություններ կունենա Արցախի ապագա նախագահի, ենթադրենք՝ Վիտալի Բալասանյանի կամ առաջադրված թեկնածուներից որևէ մեկի հետ: Չէ՞ որ, եթե այսօր այնտեղ ընտրվի այն թեկնածուն, ով կատարելու է բացառապես Փաշինյանի թելադրած որոշումները, վաղը նրա հեռանալուց հետո, նույնպես հեռացվելու է, արդեն Արցախցու կողմից։ 

Գալուստ Գրիգորյան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ