30 03 2020

«Մերոնք-ձերոնք» անելով կարանտինը

«Մերոնք-ձերոնք» անելով կարանտինը

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կորոնավիրուսից ամենաանպաշտպան մարդիկ էին վիրուսի՝ Հայաստան ներթափանցումից ի վեր։ Ամուսիններից մեկը քարոզարշավ էր անում, մյուսը՝ ողջագուրվում տարբեր երկրների ղեկավարների կանանց հետ։ Ու մեկ էլ, այդ կասկածանքով նրանց երկու օրում հապշտապ կրկնակի թեստավորեցին ու վերդարձրին «բնականոն կյանք»։ Բայց, ինչպես երևում է, նրանց նկատմամբ ցուցաբերվել է այլ մոտեցում, քան սովորաբար ենթարկվում են կարանտինում գտնվողները։

Բնականաբար, չի կարող չհետաքրքրել՝ ինչպե՞ս ստացվեց, որ վարչապետին և իր ընտանիքին կասկածի դեպքում, այն էլ հաստատված վարակակրի հետ շփվելուց հետո, 2 անգամ թեստ արեցին, ստացան բացասական պատասխանը, հետո որոշեցին, որ ամեն բան նորմալ է ու անմիջապես դուրս եկան ինքնամեկուսացումից, ավելին, ամուսիններից մեկը գնաց սուպերմարկետ, մյուսը՝ բուկլետ բաժանելու, դարձյալ շփվեցին մարդկանց հետ, սելֆիներ արեցին, դիտողություններ ստացան, իսկ, ասենք, արտասահմանից եկած-վերադարձածները, Էջմիածնում նշանդրեքի մասնակիցները, և վարակակիրների հետ որևէ, կրկնենք՝ Ո՛ՐԵՎԷ շփում ունեցածները, առնվազն 14 օրով մեկուսացվեցին։ Պատասխանատուներն այդ ամենը բացատրում են, թե հնարավոր է՝ այսօր տեստը բացասական է տվել, բայց մարդը պետք է գտնվի կարանտինի մեջ, քանի որ շփում է ունեցել հաստատված վարակվածի հետ և հնարավոր է որ վիրուսի ինկուբացիոն շրջան է, դեռ ցույց չի տալիս։ Այսինքն, այդ մարդկանց պահում են, որովհետև կարող է 2 կամ 5 օրից տեստ անեն և պարզվի որ նրանք նույնպես վարակակիր են։ Իսկ վարչապետի և ընտանիքի պարագայում այդ ցուցումը չկա։

Ստացվում է՝ վարչապետը շփում է ունեցել իր իսկ խոսքով՝ վարակվածի հետ, քարոզարշավի ընթացքում, եկել տուն, թեստ է արել ու չի մեկուսացվել, չնայած նրան, որ 5 օր հետո թեստը հակառակ արդյունքը կարող է ցույց տալ։

Իսկ եթե պարզվի, որ, այնուամենայնիվ, վարակվե՞լ է։ Ստացվում է՝ նաև վարակը փոխանցել է թե՛ սուպերմարկետում, թե՛ կառավարության նիստում, թե՛ ԱԺ ամբիոնից։ 

Պարետն ու վարչապետը ժողովրդին կոչ են անում մնալ տանը, ամեն օր հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով տասնյակ գովազդային հոլովակներ են անվտանգության կանոններ պահպանելու մասին, բայց հանրությունը հետևում է հակառակն անող ղեկավարի։

Այլապես, եթե վարչապետն օրինակ է հանդիսանում, ուրեմն պետք է հսկողության տակ գտնվող մյուսներտը ևս բաց թողնվեին, գնային տուն կամ իրենց գործին, ինչպես Նիկոլ Փաշինյանի պարագայում է։

Ահարոն Համբարձումյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ