Մեկ օր տարբերությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկան Կորոնավիրուսի հետ կապված ուղերձով: Նրանք դիմեցին քաղաքացիներին: Դիտարկենք այդ երկու ուղերձները՝ իրենց տարբերություններով:
Ելույթի առաջին 6 րոպեների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է կորոնավիրուսը, խոսեց դրա տարածման աշխարհագրության, հայաստանյան դեպքերի, բուժվածների, ընթացիկ իրավիճակի մասին` ներկայացնելով թվեր:
ՌԴ նախագահը դա արեց ելույթի առաջին մեկուկես րոպեի ընթացքում, բայց խոսեց ավելի ընդհանրական, առանց թվեր և մանրամասներ ներկայացնելու:
Նախ առաջինի դեպքում, դժվար է հասկանալ, թե Առողջապահության նախարարության ֆունկցիան ինչու է իր վրա վերցրել Նիկոլ Փաշինյանը, ինչու նրա էջից պետք է տվյալներ ստանանք արձանագրված դեպքերի, բուժման ընթացքի մասին: Առհասարակ տպավորություն է, որ օգտագործելով առաջինը ինֆորմացված լինելու հնարավորությունը, նախկին լրագրող Փաշինյանը շարունակում է պարզապես լուսաբանել կատարվողը, մոռանալով որ այս դեպքում ինքը լուծումներ անողն է և պետք է ներկայացնի թե ինչ կոնկրետ քայլեր է անելու:
Անդրադարձ տնտեսական վիճակին: Իր շուրջ 20 րոպե տևած ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը, ով տնտեսության գլխավոր պատասխանատուն է, միայն 4 րոպե հատկացրեց խոսելու միջազգային կանխտեսումների մասին, ընդհանրական խոսեց կառավարության կողմից բիզնեսի աջակցմանն ուղղված փաթեթի ընդունման, սոցիալապես խոցելի խմբերին տրվող միջոցների մասին:
ՌԴ նախագահը իր ելույթի մեծ մասը`17-ից շուրջ 13 րոպեն, հատկացրեց ներկայացնելու տնտեսական վիճակն ու ձեռնարկվող քայլերը: Գրեթե 11 րոպեների ընթացքում Պուտինը 8 կետերով հասցեական ներկայացրեց կոնկրետ այն որոշումները, որոնք վերաբերելու են աշխատանքը կորցրած, մանկահասկան երեխաներ ունեցող, սոցիալական նպաստից օգտվող, փոքր և միջին բիզնեսում գործունեություն ծավալող, բանկային վարկեր և հիփոթեքներ ունեցող քաղաքացիներին:
Հատկապես այս համատեքստում, խիստ ակնհայտ էր Նիկոլ Փաշինյանի ելույթի անորոշ ընդհանրականությունը, իսկ Պուտինի ելույթում կոնկրետայնությունն ուղղակի ակնառու էր: ՀՀ վարչապետի ելույթից հետո ավելի շատ հարցեր առաջացան` ով պետք է օգտվի պետության արտոնություններից, ինչ ծավալով, ինչքան ժամանակով: Ի դեպ. խորհրդարանի հետ հարցուպատասխանի ժամանակ չնայած հարցերի տեղատարափին, այդպես էլ չստացանք այս պարզ հարցերի պատասխանները:
Ցավալի է, իհարկե, արձանագրել, որ հատկապես ելույթի վերջին հատվածը ավելի հիշեցրեց հոգեթերապիայի սեանսի: ՀՀ վարչապետի ուղերձի ժամանակ, որը, ի դեպ, նախապես հայտարավել էր, ընդգծվել էր կարևորությունը, Փաշինյանը մոտ հինգ րոպեն խոսեց աշխարհը նվաճելու մասին, տարբերակներ առաջարկեց` տանը գտնվելու ընթացքում զբաղվելու համար, խոսեց վազելու, ավելորդ քաշից ազատվելու, կարդալու կարևորության մասին, հիշեց Հայկ Նահապետին, Վահան Տերյանից քառատող կարդաց:
Իսկապես, պետք չէ թույլ տալ, որ մարդիկ խուճապի մատնվեն, դա յուրաքանչյուր իրավիճակ ավելի է բարդացնում, բայց երբեմն անբովանդակ, անորոշ, խնդրահարույց, ոչ մի հարցի չպատասխանող ելույթները, որքան էլ այնտեղ խոսվի հանգստություն, զգոնություն ցուցաբերելու մասին, ավելի են մատնում խուճապի և անվստահության: Իսկ այդ ամենն իրար հետ՝ անվտանգության և ապահովության դեֆիցիտի զգացմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը