Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն անշեղորեն աճում է։ Թե որքա՞ն կշարունակվի տարածվել վիրուսը, հայտնի չէ։ Սակայն ակնհայտ է, որ կորոնավիրուսի պատճառով երկրի տնտեսության պատճառվող վնասը պակաս լուրջ չէ և այն հաղթահարելը երկար ժամանակ ու ջանքեր կպահանջի։ Այս առնչությամբ, հատկապես փոքր բիզնեսի համար առաջացող կորուստները մեղմելու վերաբերյալ մեր առաջարկը ներկայացրել էինք նախորդ հրապարակմամբ:
Ինչ մնում է կառավարության քայլերին, ապա այս պահին խոսվում է 150 մլրդ դրամի աջակցության ծրագրի մասին։ Ծրագիր, որի մեխը ընկերություններին անտոկոս վարկ տրամադրելն ու բանկերից նրանց վերցրած վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն է՝ վերոնշյալ ընկերությունների կողմից իրենց վարկային, աշխատավարձերի վճարման և այլ պարտավորությունների կատարման համար։
Ծրագրի էությունը հետևյալն է․ «Նոր վարկ վերցրու բանկից, որի տոկոսները պետությունը կտա»։ Հայտնի է, որ բիզնեսը վարկ է վերցնում գործարար ծրագրերի իրականացման համար՝ այն հաշվարկով, որ շահույթ կստանա և կվերադարձնի վարկն ու դրա տոկոսները։ Հիմա, փաստորեն, վարկը լինելու է ծախսեր կատարելու համար։ Այսինքն, այդ վարկով չի ստեղծվելու նոր արժեք և ընկերությունը չի ստանալու շահույթ։ Հարց է առաջանում, այդ դեպքում ինչպե՞ս է մարվելու այդ ՝ թեկուզ անտոկոս վարկը և քանի՞ գործարար կարող է գնալ նման անմտության։
Այս առաջարկով, կառավարությունը փաստորեն իր վրա չի վերցնում բիզնեսի համար առաջացող բեռը, ոչ էլ գոնե կիսում է այն։ Ընդհակառակը, այս ծրագրով տնտեսվարողներն ընկնում են լրացուցիչ վարկային բեռի տակ, որից դուրս գալը բավականին մշուշոտ է։ Ոչ ոք չգիտի, թե որքա՞ն կշարունակվի տնտեսական վիճակի վատթարացումը, որքա՞ն կնվազի իր շրջանառությունը և ե՞րբ դուրս կգա այս վիճակից։ Նման պայմաններում անհայտ է, թե ե՞րբ կկարողանան վերադարձնել պարտքը և կկարողանա՞ն արդյոք։
Փաստորեն, առաջարկվում է մի տարբերակ, երբ կառավարությունը գործատուների հաշվին ցանկանում է «լավամարդ» դառնալ աշխատակիցների համար։ Սա ամբողջովին տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի՝ բացառապես ամեն ինչ սեփական վարկանիշի պահպանման համար և այլոց պատասխանատվությամբ անելու գործունեության շրջանակներում, բայց ամենևին չի բխում ոչ գործատուների, ոչ աշխատողների, ոչ էլ մեր տնտեսության շահերից։
Եվ վերջապես, մինչ հեռանկարային ծրագրի մասին խոսելը, հարկ է գործողություններ ձեռնարկել հենց հիմա, երբ բառացիորեն օրեցօր է վատանում տնտեսական կացությունը։ Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտում ընդգրկված ընկերություններն ու գործարարներն արդեն իսկ դադարել են գործել։ Կտրուկ նվազել է թե մանրածախ, թե մեծածախ առևտրի (բացառությամբ սննդամթերքի առևտրի) շրջանառությունը։ Ի՞նչ է անում այս վիճակում կառավարությունը՝ բացարձակապես ոչինչ։ Եթե չհաշվենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հորդոր-սպառնալիքը «ժամանակին և ամբողջ ծավալով» հարկային պարտավորությունները կատարելու անհրաժեշտության մասին։ Անշուշտ, անհրաժեշտ է կատարել հարկային պարտավորությունները, այլ հարց է՝ դա կարողանալը եթե այսպես շարունակվի։
Թե ինչպե՞ս են այլ երկրներում պատրաստվում դիմագրավել կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական մարտահրավերներին, կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակմամբ։
Արա Մարտիրոսյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը