18 03 2020

Հայաստան... 2030 թվական... կլինի՞ էլի մի «արտակարգ գործ»

Հայաստան... 2030 թվական... կլինի՞ էլի մի «արտակարգ գործ»

Եվ այսպես. COVID-19 կորոնավիրուսի համավարակի տարածման ու բնակչության առողջությանն սպառնացող վտանգը հաշվի առնելով, մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ի 17:00-ն Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն:

Անկախ ամեն ինչից, կա ներքին համոզմունք ու վստահություն, որ ոչ մեկ ճգնաժամ ու պատուհաս հաղթահարած մեր ժողովուրդը, հասարակությունը այս վտանգն էլ կհաղթահարի: Հիմնական հույսը մեր գենետիկ կենսունակությունն է, և մեծ վտանգների պահին համախմբվելու կարողականությունը:

Իհարկե, ստեղծված իրավիճակում, և դա շատերն են ընդունում, արտակարգ դրություն հայտարարել արժեր: Նույնիսկ, ինչ-որ տեղ մի փոքր ուշացած էր գործող իշխանության այդ քայլը:

Ճիշտ է, զուտ իրավական տեսանկյունից, արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության հիմնավորումը մի տեսակ թույլ է թվում: Բանն այն է, որ Մայր օրենքի՝ Սահմանադրության համաձայն, արտակարգ դրություն հայտարարելու լիազորություն կառավարությունն ունի սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգի դեպքում:

Վարակի տարածումը որքանո՞վ է անմիջականորեն սպառնում սահմանադրական կարգին: Կառավարության հայտարարության մեջ նախ հղում է արվում Սահմանադրության 1-ին հոդվածին, կոնկրետ՝ «Հայաստանը սոցիալական պետություն է...» սահմանադրական բաղադրիչի վտանգված լինելուն, ապա նաև նշվում է 3-րդ հոդվածը, մասնավորապես այն դրույթը, որ Հայաստանում մարդը գերագույն արժեք է: Ասել կուզի՝ վարակը և դրա տարածումը սպառնում են մեր երկրի՝ սոցիալական պետություն լիենլուն և, ընդհանրապես՝ մարդկանց: Դա դիտվել և ընկալվել է որպես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ ու բավարար հիմք՝ արտակարգ դրություն հայտարարելու համար:

Կրկնեմ. հանրությունը, տողերիս հեղինակն էլ այդ թվում, ըմբռնումով է վերաբերվում արտակարգ դրություն հայտարարելուն, ու վերը նշված դիտարկումը զուտ իրավական նրբերանգներին է վերաբերվում: Իսկ այդ նրբերանգներն այնպիսին են, որ նման հիմնավորումներով հետագայում տեսականորեն կարելի է «արտակարգ դրություն» հայտարարել, ասենք՝ գնային նկատելի տատանումների, դրամի արժեզրկման կամ սոցիալական ազդեցություն ունեցող այլ ընդգրկուն երևույթների դեպքում:

Ի դեպ, հետագայի մասին, ասենք՝ 2030 թվականի: Մի փոքր երևակայենք ու նայենք հեռուն: Կանխատեսում կամ, առավել ևս՝ կանխագուշակություններ չանենք, բայց պատկերացնենք, որ 10 տարի հետո Հայաստանում բոլորովին այլ իշխանություն է ձևավորվել և ունի Սասուն Խաչատրյանի պես ՀՔԾ պետ կամ հենց իրեն է պահել գործի՝ որպես չեղած տեղից գործ սարքող։ Եվ ահա, այդ նոր՝ 2030 թվականի իշխանությունը հանգում է հետևության, որ 2020 թվականին արտակարգ դրություն չպետք է հայտարարվեր: Իսկ ապագայի Սասուն Խաչատրյանն էլ հայտարարում է, որ 2020թ. մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն հայտարարելով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը, և նրան նման մեղադրանք է առաջադրում՝ խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությամբ:

Կասեք, թե նման բան հնարավո՞ր չէ:

Այսօր Նիկոլ Փաշինյանն ունի գործառութային անձեռնմխելիություն և անկախ արդյունքից՝ ոչ ոք չի կարող վաղը նրան պատասխանատվության կանչել արտակարդ դրության համար․ վաղվա Սասուն Խաչատրյանը չի կարող որոշել՝ այս արտակարգ դրությունը ճիշտ էր, թե սխալ։ Բայց այսօր որոշում է։

Իսկ հիմա էլ եկեք մի 10, ավելի ճիշտ՝ 12 տարի հետ նայենք: Օբյեկտիվորեն, 2008 թվականի մարտի 1-ին, հատկապես օրվա երկրորդ կեսից ու երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում՝ Լուսավորիչ-Արշակունյաց մասից մինչև Լեո-Պարոնյան ծավալված իրադարձությունների պայմաններում, այդ պահին գործող իշխանությանը մնում էր միայն արտակարգ դրություն հայտարարել: Եվ հենց այդ իրավիճակում էլ, այդ ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմեց նշված քայլին, հայտարարեց արտակարգ դրություն, և ԱԺ-ում այն քննարկելու ընթացակարգը ևս պահպանվեց: Ըստ որում, այն ժամանակ սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգը՝ ծայր առած զանգվածային անկարգությունների, բռնությունների, թալանի և հրկիզումների, ոստիկանների և հավաքված բազմության մեջ բազմաթիվ վիրավորների առկայության պայմաններում շատ ավելի պարզորոշ ու ակնհայտ էր (արտակարգ դրություն հայտարարելու պահին դեռ զոհերի մասին տեղեկություն չկար):

Ըստ էության, 2008 թվականին նախագահ Ռոբերտ Քոչարյանը գործել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Մինչդեռ այսօր, ավելի ճիշտ արդեն տարիուկես է, ինչ նրան ներկայացված հիմնական մեղադրանքը հենց այն է, որ... գործել է իր լիազորությունների սահմաններում և արտակարգ դրություն է հայտարարել: Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը «քրեականով փաթեթավորելու» այլ տարբերակ ՀՔԾ-ն չի գտել, քան այդ իրավական աբսուրդն է:

Հայաստան... 2030 թվական: Կլինի՞ էլի մի «արտակարգ» քրեական գործ:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ