16 03 2020

Հռոմի հարսանիքից վերադարձած Տիգրան Ավինյանն արդյո՞ք վիրուսակիր չէ

Հռոմի հարսանիքից վերադարձած Տիգրան Ավինյանն արդյո՞ք վիրուսակիր չէ

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այսօրվանից կգլխավորի կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստեղծված պարետային շտաբը, երեկ մեղադրական տոնով հայտարարել է, որ Իտալիայից ժամանածների մեջ եղել են այնպիսի անբարեխիղճ մարդիկ, ովքեր փորձել են խուսափել 14 օրյա կարանտինից

Ենթադրվում է՝ փոխվարչապետն իր այս ելույթի կոնտեքստն ընդգծել է, որպեսզի  Հայաստանում  վիրուսի ակտիվ տարածմանը նպաստած իրական մեղավորների դերակատարներին փոխի, երկրում առկա վիճակի պատասխանատվությունը տեղափոխի այս դեպքում անփույթ քաղաքացիների դաշտ:

Սակայն չմոռանանք, ԱՀԿ հայտարարած պանդեմիայի ալիքը Հայաստանում  զսպելու համար թու-թու-թու-ի վրա հույս դրած կառավարությունն իր   միջգերատեսչական հանձնաժողովը ձևավորել էր  դեռևս հունվար ամսին, հունվարի 31–ին առաջին նիստը գումարեց: Մի կողմ թողնելով  փոխվարչապետի հայտարարության պատասխանատվությունը կրող մյուս կողմին՝ Առողջապահական և  աշխատանքի տեսչական մարմնին ու առողաջապահության նախարարությանը, որոնք վերահսկողությունն ուշացած ու ինչ որ տեղ «ռելաքս»  վիճակում էին սկզբում իրականացնում, ուղղակի հետաքրքիր է իմանալ, զուտ կորոնավիրուսային անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, պարոն Ավինյանի վարքագիծն ինչպե՞ս է դրսևորվել, երբ նախորդ շաբաթ ինքն է վերադարձել Իտալիայից:

Արդյո՞ք առավել ուշադիր է եղել բարձրաստիճան պաշտոնյան նախ Հռոմում՝ բազմամարդ միջավայրում, որտեղ հրավիրված է եղել հատուկ կարգավիճակով,  և հետո արդեն, որպես վիրուս ունեցող երկրից ժամանակ ուղևոր, որքանո՞վ է իր իսկ տարածած հորդորներին հետևել պարոն Ավինյանը, ջերմաչափվե՞լ է օդակայանում,  ի՞նչ պարբերականությամբ, քանի՞ թանկարժեք ախտորոշիչ թեստից հետո է համոզվել, որ իսկապես կոնտակտավոր չէ, եթե, իհարկե, թեստ անցել է։ Արդյո՞ք նույն սոցիալական պատսխանատվությունն իր չափով չպիտի զգար նաև պարոն Ավինյանը և ինչպես ինքն է հորդորում, ինքնամեկուսանար անմիջապես և իր հասանելիք 14- օրյա կարանտինի ռեժիմը պահպաներ՝ հնարավոր վարակը չտարածելու համար:

Հետևելով կառավարության հրավիրած նիստերին, պաշտոնատար անձանց լայվերին, բնականաբար՝ կարանտինի մասով խոսք չկա....

Իսկ ջերմաչափվե՞լ է նա, թեստավորվե՞լ, և վստա՞հ է՝ վտանգն այլևս չեզոքացա՞ծ է, թե՝ ոչ․ այս հարցերի պատասխանները ստիպված ենք ուշացած հրապարակել, քանի որ Կառավարություն և պարոն Ավինյանի գրասենյակ անցած շաբաթ ուղարկած մեր հարցումների պատասխանները դեռ չենք ստացել:

Նշենք, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 2-3-ը պաշտոնապես վերցրած արձակուրդի հաշվին գտնվել է Հռոմում։ Բարձրաստիճան պաշտոնյան Իտալիա էր մեկնել ճիշտ այն ժամանակ, երբ տվյալ երկրում պանդեմիայի ագրեսիվ տարածման օրերն էին՝ ինչ է, թե մանսկացի Ժոկոյի դստեր հարսանիքին:  Ժոկոն՝ Գևորգ Վարդանյանը, հիշեցնենք, ՀՀՉ- ական «յարկի դեմքերից» էր՝ Լևոն Տեր պետրոսյանի կադրերից, ՀՀ նախկին պետնախարար (1993թ.), պաշտպանության նախարարի տեղակալ (1995-1998թ.), բնապահպանության նախարար (1998-2000թթ.)

Հարսնացուն իմքյալական ավագանու անդամ Նվարդ Վարդանյանն է, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը:

Ի դեպ, փոխվարչապետի Հռոմ կատարած կարճատև այցի ժամանակ մի ուշագրավ միջադեպ է գրանցվել եկեղեցում՝ հենց կորոնավիրուսի պատճառով:

Բանն այն է, որ Հռոմում նախանշած պսակադրությունը՝ իտալացի փեսայից, հայուհի հարսնացուից ու քավոր (խաչեղբայր) փոխվարչապետ Ավինյանից բացի՝ այլոք  ներկա չեն եղել՝ երկրում մոլեգնած վիրուսի պատճառով:

Փաստորեն, խուսափել են արարողությանը ներկա գտնվել նաև պսակադրության վկաները, ինչի պատճառով կուսակրոն քահանան հրաժարվել է կատարել պսակադրության արարողությունը: Ստեղծված իրավիճակում, մեր տեղեկությամբ, օգնության է հասել մեր բարձրաստիճան պաշտոնյայի կապերը։ Նա կարողացել է իր կապերով զանգել Հայաստանում ինչ-ինչ մարդկանց, և նրանց միջնորդությամբ մեկ այլ հոգևորական՝ Իտալիայի մեծ քաղաքներից մեկից, այսպես ասած՝ բերման է ենթարկվել Հռոմ։ Հրավիրված հոգևորականը նորապսակների պսակադրության արարողությունը կարողացել է պատշաճ իրականացնել, որ հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյան բավարարված լինի և ավելորդ ժամանակի խնդիրներ չծագեն։

Ստացվում է՝ պաշտոնյաներն էն գլխից էլ լուրջ չեն վերաբերվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական նհանձնաժողովի աշխատանքներին, թեև համակարգողն իրենք են և առաջինը հենց իրենք են ավելորդ համարել այսքան ծեծված ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԿՈՉԵՐԸ։

 

Սյուզի Բադոյան

Տեղադրվել է մարտի 16-ին՝ ժամը 18:11

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ