26 12 2024

20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք»

20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Տիգրան Ավինյանը ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք»

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ» լրատվամիջոցի։

«Հետք»-ը գրում է, որ քաղաքապետը չի վճարել 150 000 դրամ պետական տուրքը՝ պատճառաբանելով, թե մեծ գումար է։ Ավինյանը հայցադիմումին կից ներկայացրել էր նաև պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը:

«Տվյալ պարագայում սույն հայցադիմումով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որը բավականին մեծ գումար է, և իմ կողմից այն հայցադիմումը ներկայացնելու պահին վճարելու պարագայում ֆինանսական առումով էական անհարմարություններ կպատճառի ինձ և իմ ընտանիքին, և այլ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով՝ ես փաստացի զրկված կլինեմ իմ ֆինանսական միջոցները իմ հայեցողությամբ տնօրինելու իրավունքից», - նշված է Տիգրան Ավինյանի միջնորդության մեջ։

Դատարանն այս պատճառաբանությունը բավարար չի համարել միջնորդությունը հիմնավոր համարելու համար։ Գտել է, որ Տ․ Ավինյանը պարտավոր է ներկայացնել նվազագույն ապացույցներ, որոնք կփաստեն այդ հնարավորության բացակայության հանգամանքը:

«Այսինքն, պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու միջնորդությունը պետք է հիմնավորել գույքային կամ ֆինանսական դրության վերաբերյալ համապատասխան ապացույցներով, ինչի պարագայում միայն միջնորդությունը կարող է բավարարվել»,-նշված է դատարանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի: Տ. Ավինյանը լրատվամիջոցից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցում վճարել: Երևանի քաղաքապետարանից չեն պարզաբանում, թե որքան գումար է պահանջում քաղաքապետ Ավինյանը «ՍիվիլՆեթից»:

Լրատվամիջոցի դեմ հայց ներկայացնելու մասին հրապարակային խոսվեց դեկտեմբերի 18-ին՝ «FactorTV»-ի ուղիղ եթերում Տիգրան Ավինյանի և նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի բանավեճի ժամանակ: Տ. Ավինյանը հայտարարեց. «…մեդիան մեզ մոտ դարձել է մի մեծ աղբանոց։ Ինչ ուզում՝ խոսում է, և անպատիժ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ