Երևանում աղբահանության վճարի հաշվարկումն այսուհետ կկատարվի ոչ թե ըստ բնակարանում բնակվող անձանց թվի, այլ բնակարանի մակերեսի։ Դրույքաչափերի սահմանման նախագծի համաձայն բնակելի շինությունների կոշտ կենցաղային թափոնների մասով դրույքաչափը քմ-ը 13 դրամ է սահմանվում:
Նախագծի հետ կապված մանրամասներ ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը․ «Ըստ մակերեսի հաշվարկման սկզբունքը նորություն չէ, քանի որ այս պահին էլ գործող դրույքաչափերով հասարակական և արտադրական շինությունների համար աղբահանության վճարը հաշվարկվում է ըստ մակերեսի։
Երևան քաղաքում բնակարանների քանակը կազմում է 251․635, որից 52․641-ը՝ 1 սենյականոց, 85․073-ը՝ 2 սենյականոց, 91․829-ը՝ 3 սենյականոց և 22․092-ը՝ 4 և ավելի սենյականոց։ Բնակարանների սենյակների միջինացված մակերես է ընդունվել․ 1 սենյականոցի համար՝ 35 քմ, 2 սենյականոցի համար՝ 53 քմ, 3 սենյականոցի համար՝ 64 և 87 քմ մակերեսների թվաբանական միջինը, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 88 և 110 քմ-երի թվաբանական միջինը։
Այսպիսով, միջինում 1 սենյականոց 35 քմ մակերեսով բնակարաներում ապրում է 1-3 անձ, և եթե այս պահին 2 անձի համար վճարվում է 400 դրամ, ապա մակերեսով միջինացված դրույքաչափի համապատասխան կվճարվի 455 դրամ։ Այդ նույն սկզբունքով 2 սենյականոցի համար՝ 600 դրամի փոխարեն՝ 689 դրամ, 3 սենյականոցի դեպքում՝ 900 դրամի փոխարեն՝ 975 դրամ, 4 և ավելի սենյակների դեպքում՝ 1200 դրամի փոխարեն՝ 1287 դրամ։ Սա բնակարանների մասով։
Իսկ անհատական բնակելի տների մասով, քանի որ իրենց մակերեսները փոքր-ինչ ավելի մեծ են և բնակվող անձանց քանակն է ավելի, աճը ավելի է լինում։ Բնակարանների համար մեկ բանկարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, անհատական տների մասով՝ 180 դրամ։ Սակայն, եթե օրինակ 50 քմ տանը ապրում էր 5 անձ և իրենք վճարում էին 1000 դրամ, հետայսու կվճարեն 650 դրամ և հակառակը՝ այն բնակարաներում, որտեղ ավելի քիչ անձ է բնակվում, բայց ավելի մեծ բնակմակերես են զբաղեցնում, կվճարեն մի փոքր ավելի շատ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը