14 03 2020

Վարչապետի տիկինն Աշոտ Գալոյանին «փուռը տվեց»

Վարչապետի տիկինն Աշոտ Գալոյանին «փուռը տվեց»

Երեկ  ողջ լրատվական հոսքը կենտորանացած էր կորոնավիրուսով հայտնաբերված  նոր դեպքերի  ու հարյուրավոր մեկուսացվածների ինֆորմացիայի վրա, և ամենակարևորի ֆոնին աննկատ մնաց ԱԳՆ-ում նոր նշանակումը

Հետ կանչվեց Բրազիլիայում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան  Աշոտ Գալոյանը և նույն պաշտոնին անմիջապես նշանակվեց արևելագետ Արմեն Հակոբյանը, ով մինչ այդ  ՀՀ արտգործնախարարության ամերիկյան երկրների վարչության պետ էր աշխատում: 

Նկատենք, այս նշանակումը հետևեց  Բրազիլիա կատարած Աննա Հակոբյանի այցին, վարչապետի տիկինը նոր է վերադարձել ամերիկյան հնգօրյա կռուիզից:

Նրա մեկնելու օրակարգում,  հիշեցնենք, միայն աղմուկ հանած մրցանակը չէր,  որի ետևից միչև ԱՄՆ գնաց Աննա Հակոբյանը, որպեսզի Լյուսի Քոչարյանի հետ մրցանակն ստանալու բերկրանքը վայելի (Պետքարտուղարության տված Կանացի խիզախության մրցանակ): Հետո պարզվեց, որ  մեր վարչպետի կինը, իմանալով հանդերձ նախատեսված այցի երկրներում պանդեմիայի սուր վիճակի մասին՝ չէր հետաձգել հանդիպումները, համարձակորեն Բուենոս Այրեսում հանդիպեց Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանեշի հետ, Բրազիլիայում՝ առաջին տիկին Միշել Բոլսոնարոյի:

Բնական է, որ մարտի 7-ին  Բրազիլիայում առաջին տիկնոջ ու ՀՀ Պատվո հյուպատոս Հիլդա Բուրմայայի հետ հանդիպումները դեսպան Աշոտ Գալոյանն էր կազմակերպել,   նախապես լուծել էր կազմակերպչական բոլոր հարցերը՝ առաջին տիկնոջ անվտանգություն, պատվիրակության, դիվանագիտական և այլն:

Ուրեմն  որտե՞ղ էր թերացել 17 տարվա դեսպանը, ինչի՞ց է դժգոհել Աննա Հակոբյանը, որ Երևան վերադառնալուն պես՝ հանրաքվեի  թեժ պատրաստության ֆոնին ու կորոնավիրուսով խուճապահար եղած կառավարության օրակարգի մեջ հրատապ կարգով դեսպանի պաշտոանկության հարց է մտցրել:   

Արդյո՞ք  մինչ այդ էլ սկսված էր  հետկանչի գործընթացը՝ 2014 թվականից համատեղությամբ Բրազիլիայում և Կոլումբիայում  դեսպան աշխատող Աշոտ Գալոյանին պաշտոնանկ անելու համար:

Արդյո՞ք չեն մեղադրում Գալոյանին այն բանում, որ նա կարող էր ու պարտավոր էր Բրազիլիայի  վարակակիր նախագահի մասին կանխավ զեկուցել վերադասին ու չեղարկել առաջին տիկնանց հանդիպումը Բրազիլիայում... Միգուցե:

Համենայն դեպս, իրադարձությունների հաջորդականությունը՝ Բրազիլիայի նախագահի վարակվելու լուրը, նրա տիկնոջ հետ Աննա Հակոբյանի ջերմ գրկախառնությունը, դեսպանի հապճեպ պաշտոնանկությունն ու Սևանում վարչապետ Փաշինյանի ուԱննա Հակոբյանի ինքնամեկուսացումը օրգանական կապով հուշում են, որ դեսպանի ազատումն ինչ որ կերպ առնչվում է վարչապետի տիկնոջ այցի  հետ:

Այս վարկածը, կարելի է ասել,  անուղղակիորեն հաստատվեց ԱԳՆ խոսնակի՝ Yerevan.Today-ին տված խուսափողական և խսիտ զգուշվոր մեկնաբանությունից հետո:  

Մեր հարցադրումներին ի պատասխան, թե ե՞րբ է սկսվել դեսպանի հետկանչի գործընթացը, ի՞նչ հիմքերով ու որքանո՞վ է այն առնչվում Աննա Հակոբյանի Բրազիլիա կատարած այցին, Աննա Նաղդալյանն ասաց. «Նախագահի հրամանը նույն օրը Աշոտ Գալոյանի ազատման ու մեկ այլ դեսպանի՝ Արման Հակոբյանի նշանակման մասին է»:

Սոցցանցում դեսպանի պաշտոնանկությունը «պայմանավորել էին» նրա՝ ոչ նրբանկատ  լինելու հանգամանքով:

Ակտիվ օգտատերերից մեկը հիշեցրել էր այն էյֆորիկ ու սիրուն ժամանակները, երբ Նիկոլ Փաշինյանը նոր-նոր էր դարձել վարչապետ, իսկ Աննա Հակոբյանը մի ինքնաթիռից իջնում, հաջորդով մյուս եվրոպական երկիրն էր մեկնում: Հիշել էր, թե ինչպես էր Ֆրանսիա կատարած այցի ժամանակ  Աննա Հակոբյանը շոփինգի տոպրակներով ընկել խանութից խանույթ, և համեմատելով Աշոտ Գալոյանին Ֆրանսիայի գործընկերոջ հետ՝ ընդգծել էր շոփինգի ուղեկցած Ֆրանսիայի դեսպանի առատաձեռնությունը: Նա վարչապետի տիկնոջ փոխարեն խանութներում հաշիվ էր փակել և էլի որոշ դրվագներ: Հիշեցնենք, Աննա Հակոբյանն էլ հաստատել էր մամուլում այդ մասին արտահոսք եղած լուրը՝ նշելով հետևյալը. «Փարիզում իմ շոփինգի ընթացքում ինձ ուղեկցել են դեսպանը, դեսպանատան վարորդը և ինձ հետ մեկնած անվտանգության աշխատակիցները, գնել եմ նվերներ Մարիամի, Շուշանի ու Արփիի համար, Շուշանի ու Արփիի նվերների ծախսը «իր վրա վերցրեց» Ֆրանսիայում ՀՀ դեսպանը»:

 Այս ամենով հանդերձ, ի վերջո հարց է մնում՝ իսկ  ո՞ւմ քմահաճույքով  է իրականում դեսպանը փոխարինվում Արման Հակոբյանով, ինչո՞ւ էս նեղ պահին այդ հարցը հապճեպ մտավ վարչապետի օրակարգ, ո՞ւմ դրդմամբ...

Փաստն այն է, որ այս ամբողջ պատմության շղթայում մեղավորը թերևս դեսպանը չէր, այլ նա, ով հաստատել էր Աննա Հակոբյանի որոշումը և ըստ այդմ  նրա հնգօրյա կռուիզը համարձակորեն պլանավորել էր այս օրերին, չնայած որ աշխարհով  մեկ տարածված համաճարակը սպառնում է բոլոր տիպի մարդկանց՝ շարքայինից մինչև ձեռքսեղմող ու գրկախառնվող  պաշտոնյաների տիկնանց: 

Նշենք, որեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Սևանում ինքնամեկուսացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, իսկ քիչ առաջ պարզվեց, որ երկրորդ անգամ գործի դրված ախտորոշիչ թեստը նրանց մոտ վիրուսը չի հայտնաբերել:  Եվ փա՛ռք Աստծո, որ Բազիլիայի այցից հետո Աննա Հակոբյանը կոնտակտավոր չդարձավ:

Իսկ դեսպա՞նը… Աշոտ Գալոյանը «փուռը գնաց»...

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ