09 03 2020

Գրչի մի հարվածով աշխատանքը կորցրեց ՁԻԱՀ –ի կենտրոնի 25 բուժաշխատող

Գրչի մի հարվածով աշխատանքը կորցրեց  ՁԻԱՀ –ի կենտրոնի  25 բուժաշխատող

Գրչի մի հարվածով մարտի 7-ին աշխատանքը կորցրեց  ՁԻԱՀ–ի կենտրոնի 25 բուժաշխատող։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի տնօրենի ժ/պ Արթուր Բերբերյանը ստորագրել է իր նշանակման դեմ ընդվզած 91 աշխատակիցներից 25-ի ազատման դիմումները՝ բացակայության հիմքերով, իսկ նրանցից 10-ը, YerevanToday-ին փոխանցված տեղեկության համաձայն, հետ են վերցրել դիմումները և շարունակում են աշխատել իրենց տեղերում:

Իսկ ահա մյուս՝ 56 դիմումատուների ճակատագիրը, պարզ կդառնա երկու օր անց․ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ժամանակ է տվել սաբոտաժ արած բուժանձնակազմին՝ մինչև չորեքշաբթի:

Փաստորեն, կառավարությունը որոշել է ՁԻԱՀ կնետրոնի ճակատագիրը ու մասնագետների ընդվզումներից հետո էլ չի նահանջում, գնդակը թողել է նախարար Թորոսյանի դաշտում, իսկ նախարարը, ինչպես երևում է, մտադիր է գնալ մինչև վերջ՝ անկախ արդյունքից:

Ի՞նչ խոսք, այսօրվա 25 ազատումները, մեծ հաշվով, ակնարկ էր՝ ուղղված մյուս 56 կոլեգաներին՝ առ այն, որ հրաժարվեն  կառավարության հետ վերջնագրի լեզվով խոսելուց  և վերադառնան աշխատանքի։ Այլ կերպ ասած՝ կառավարության դեմ բողոքի ցույց անողներին հասկացրին, որ գործադիրում այլընտրանքը չեն տեսնում:

Իսկ ինչո՞ւ է թվով 25 մասնագետ ազատվել բացակայության հիմքերով, երբ   դիմումատուները եռակի շատ էին, ու ի՞նչ հաշվարկով, ի՞նչ հիմքերով են հենց նրանք ընտրվել ազատման հրամանը ստորագրելու պահին։ Մեր հարցադրումներին ՁԻԱՀ կենտրոնից  չտրվեց պարզաբանում, նորանշանակ  տնօրեն Արթուր Բերբերյանը  փոխանցեց միայն, որ «մեկ շաբաթ 18 հոգանոց կազմով մեծ դժվարությամբ, բայց  կարողացել են պատշաճ ապահովել կլինիկայի աշխատանքն այնպես, որ որևէ պացինետ չտուժի ստեղծված իրավիճակից»:

Հիշեցնենք, փետրվարի 28-ից  ՁԻԱՀ կենտրոնի ողջ աշխատանքը կաթվածահար է եղել և  շուրջ տասն օր է, մի ամբողջ մեծ հիվանդանոցի բուժսապասարկումը  կազմակերպվում է ընդամենը 20 մասնագետով՝ եղած 110  հոգանոց կազմի փոխարեն:

Պատճառը կառավարության որոշումն է. քաոսը այս բուժկենտրոնում սկսվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կառավարությունը վերջին նիստերից մեկում գաղտնի ընթացակարգով քննարկել է ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոնի հետ միավորելու՝ առողջապահության նախարարության նախագիծը, իսկ նախարար Թորոսյանն էլ իր հերթին, չսպասելով ակտի կատարմանը, փետրվարի 27-ին ազատվեց 30 տարի «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» ղեկավարած Սամվել Գրիգորյանից։ Փոխարենը նշանակեց ՊԵԿ-ից առողջապահական ոլորտ տեղափոխված մի վարչարարի:

Նշված կլինիկաների միավորումներով նախարարը համարում է, որ արդյունավետ է դարձնում թույլ զարգացած կենտրոնների գործունեությունը, այս դեպքում՝ Նորք ինֆեկցիոն կենտրոնի, միևնույն ժամանակ ընդգծվում է կառավարման արդյունավետության բարձրացումը:

Բանն այն է, որ 30 տարի առաջ հիմնադրված ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն այս ընթացքում օգտվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային բազմաթիվ ծրագրերից ու ռեսուրսներից, կարողացել է հզորացնել իր կարողությունները՝ շնորհիվ մեծ գրանտների, որոնցից հաճախ զրկված են եղել առողջապահության շատ այլ կենտրոններ:

Ու հիմա այդ բոլոր ռեսուրսները նախարարությունը մտադիր է կենտրոնացնել մեկ կառավարման օղակի մեջ, և մեկ կետից օգտագործելով ամբողջը ռեսուրսը՝ ծառայեցնել նաև ինֆեկցիոն շատ այլ հիվանդների բուժման նպատակով․ մասնավորապես նշվում են դարի վարակիչ հեպատիտները:

Ի դեպ, ներկայում Հայաստանում ըստ պաշտոնական տվյալների՝ 2700 անձ վարակված է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով, մինչդեռ հիսունապատիկ շատ են հեպատիտ Ց–ով հիվանդները, պոտենցիալ 120,000 մարդ այս պահին մեր երկրում ունի հեպատիտ Ց:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ