2018 թվականից սկսած աղմկահարույց գործերի պակաս ՀՀ-ում չի զգացվում։ Վարչապետը բարձր ամբիոնից հայտարարեց՝ ժողովրդից գողացված յուրաքնչյուր լումա վերադարձվելու է ժողովրդին և ոչ ոք անպատիժ չի մնալու։ Սկսեցին մեկը մյուսի հետևից քրեական գործեր հարուցել նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Դա բխում էր «ժողովրդի պահանջ» կոչվածից։ Իշխանությունն ամեն տեղ փորձում էր հանցագործ գտնել ու հատկապես՝ մարդկանցից, որոնք ավանդաբար ունեցել են բացասական համբավ մարդկանց շրջանում։
Այդ քրգործերի ելքերը, սակայն, բոլորովին էլ ամբոխահաճո չեն։ Բերենք ընդամենը երեք օրինակ․
1․ 2019–ի սեպտեմբերի 28–ին ՀՔԾ–ն քրեական գործ էր հարուցել Երևանի նախկին քաղաքապետ, էներգետիկայի նախկին նախարար Երվանդ Զախարյանի դեմ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Երևանի նախկին քաղաքապետ Զախարյանի ու քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցի՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում ծանր հետևանքներ էին առաջացել, ըստ ՀՔԾ-ի։ Իբրև, նրանց գործողությունների հետևանքով, «Հաղթանակ» զբոսայգու մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող 2.990.000.000 դրամ շուկայական արժեքով օտարման ոչ ենթակա 10 000 քմ մակերեսով հողամասը Երևանի քաղաքապետի` 2008թ.–ի որոշմամբ 2009թ.–ին 164.760.000 դրամով վաճառվել է մասնավոր ընկերության։
Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն դադարեցրել է Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի քրեական հետապնդումը։
Թեման փակվեց։
2․ 2018թ․ հունիսի 27-ին «մեծ շուքով» կալանավորվեց ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի անվտանգության պետ, գեներալ Վաչագան Ղազարյանը: Նրան մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար: Վաչագան Ղազարյանը կալանքի տակ մնաց ընդամենը 20 օր և 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Հետո կալանավորվեց, հետո էլի ազատ արձակվեց։
2020թ․ փետրվարի 17-ին Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց և քրեական գործի վարույթը կարճվեց։ 2 մլրդ 837 մլն դրամ էր վճարել, ամենայն հավանականությամբ՝ պետական բյուջե։
3․ Մեծ աղմուկ հանեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդու` Տրդատ Խաչատրյանի՝ զծառայությունից ազատվելը։ Գործ հարուցվեց փաստաթղթեր կեղծելու միջոցով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար։ 2019թ․ հոկտեմբերի 25-ին քրեական գործը կարճվեց․ պարզվեց, որ Տրդատ Խաչատրյանը տառապել ու տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնց հիմքով պիտանի չի եղել և ներկայումս էլ պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար:
Բոլոր այս դեպքերում մի քանի անգամ հայտարարվեց հանցանքի մասին՝ ի տես այն բանի, թե աշխատում ենք։ Քրեական գործի կարճումը, սակայն, մնաց աննկատ, քանի որ «հեղափոխական» կառավարության գործելաոճից բխում է միայն խայտառակ անելը։
Արմինե Արմենակյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը