06 03 2020

Արցախի ընտրությունների արդյունքներն ուրվագծվում են․ Ո՞վ կփոխարինի Բակո Սահակյանին

Արցախի ընտրությունների արդյունքներն ուրվագծվում են․ Ո՞վ կփոխարինի Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության նախագահի ընտրության քարոզարշավը գնալով ակտիվանում է։ Այս ընթացքում բավականին ուշագրավ տեղաշարժեր են տեղի ունեցել։

Մինչ այս, ընտրություններում բարձր էր համարվում առաջին փուլով ելքը որոշելու հավանականությունը, և բարձր էր հավանականությունը, որ առաջին փուլով կհաղթեր նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների տրամադրություններն բավականին փոխվել են և այլ բան են ասում։

Արցախցի տարբեր շրջանակների, նաև սովորական բնակչության կարծիքով, հաղթելու շանսերը բավականին մեծացրել է Վիտալի Բալասանյանը։ Ըստ նրանց, վստահ են որ երկրորդ փուլ տեղի կունենա Վիտալի Բալասանյանի և Արայիկ Հարությունյանի միջև։ Քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին հիմնականում հետաքրքրում է Արցախի հիմնախնդրի հարցը․ մարդկանց անհանգստացնում է Արցախի հարցում անորոշությունները, ՀՀ իշխանությունների երկարատև հանդիպումները հանրությունից թաքուն պահելը, որոշակի կասկածներ են հայտնում, որ հնարավոր է՝ մտադրված են զիջումներ անելու մեջ։ Թեկնածուները հիմնականում խուսափողական տեսակետներ են հայտնում այս թեմայով՝ Հայաստանի դժգոհությունը չառաջացնելու նպատակով։ Այս առումով միակ հստակ դիրքորոշում հայտնող թեկնածուն Վիտալի Բալասանյանն է, նշում են տեղացիները։ Նշում են, որ Բալասանյանը դժվար թե մտներ ընտրապայքարի մեջ, եթե այդ վտանգը չլիներ։ Մարդիկ, նախ սկսել են ավելի հստակ դժգոհություններ հայտնել իշխանությունների սոցիալ-տնտեսական ոլորտում քայլերից, հիմնականում Արայիկ Հարությունյանի վարչապետության ժամանակ առաջացած խնդիրներից՝ նկատելով, որ նախկինում տեսել են, գիտեն՝ ով ինչի է ընդունակ։ Բացի այդ, արցախցիները համարում են, որ իրենց երկրի ղեկավարը պետք է ուժ ունենա հակադրվելու Հայաստանի ղեկավարությանը, եթե զիջումներ անելու թեմա բարձրանա։

Ի դեպ, մինչ այս բավականին ուռճացված է եղել նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի՝ երկրորդ փուլ անցնելու հավանականությունը։ Վայելելով Հայաստանի իշխանության, սորոսական թևի աջակցությունը, տպավորություն էր, թե նա է ՀՀ իշխանության թեկնածուն և կարող է որոշակի հնարավորություն ունենալ՝ լավ քարոզարշավի պարագայում։ Սակայն այժմ կարող է անգամ չնչին տոկոս ձայն չհավաքել, նույնիսկ Սամվել Բաբայանի աջակցության պարագայում, որն ունի որոշակի թվով աջակիցներ։ Մասիս Մայիլյանին՝ առանց այն էլ ոչ բարձր թեկնածուական հեղինակությանը խանգարում են նաև վերջին իրողությունները, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքը 5 տարով արգելելու մասին։ Չնայած Մայիլյանի հերքումներին, մոսկովյան աղբյուրները պնդում են որ նրա մուտքն իրոք արգելված է։ Բնակչության կողմից, այն էլ նախընտրական փուլում, այդտեսակ բաները ընկալվում են ոչ հենց այնպես կատարվող և մտավախություն կա, որ անգամ նախագահ ընտրվելուց հետո արգելանքը չի հանվի։ Հետևաբար՝ տարածաշրջանի խոշոր խաղացողի հետ ի սկզբանե պրոբլեմ ունենալը պրոբլեմ կդառնա թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի համար։

Բացի այդ, Մասիս Մայիլյանի քարոզարշավն անցնում է բավականին պասիվ, նրան համարում են սորոսական, ինչը պարտության գլխավոր պատճառներից մեկը կարող է դառնալ։

Այսպիսով, արցախյան նախագահական քարոզարշավի արդյունքում ձևավորվելիք պատկերը կարծես թե ուրվագծվում է։ Եթե Վիտալի Բալասանյանն ընտրապայքարում տեմպը չգցի և շարունակի նույն ոգով, ապա Արցախում նախագահական ընտրապայքարը կավարտվի երկրորդ փուլով՝ իր հաղթանակով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ