27 02 2020

Ե՞րբ է «հպարտ» քաղաքացին հասկանալու՝ ի՞նչ են իրենից ուզում և կարևորը՝ ինչո՞ւ

Ե՞րբ է «հպարտ» քաղաքացին հասկանալու՝ ի՞նչ են իրենից ուզում և կարևորը՝ ինչո՞ւ

Կառավարության դիմաց մշտապես բողոքի ակցիաներ են տեղի ուենում։ Ընդ որում, այդ ակցիաները տեղի են ունենում 2018 թվականի ամառվանից կամ այսպես ասած՝ «հեղափոխությունից» ի վեր։ Մարդիկ սպասեցին մի քանի շաբաթ ու երբ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հասկացան, որ չի գնում իրենց խնդիրները լուծելու ճանապարհով, սկսեցին դուրս գալ փողոց։ Ի՞նչ էին ասում այդ ժամանակ և ի՞նչ են ասում հիմա այդ ակցիաների մասնակիցները․ «մենք հեղափոխություն ենք արել», «մենք քայլել ենք Նիկոլի հետ», «մենք աէրոպորտի չամփեն ենք փակել», որ էսօր մեզ հետ էսպե՞ս վարվի։

Ուշագրավ պատկեր է։ Մարդը փակել է ռազմավարական ճանապարհները, գրավել է ռադիոյի շենքը ու իրեն հերոս է զգում, նրան թվում է` նրան ասել են, հավատացրել են, թե ինքը շատ կարևոր բան է արել պետության համար։ Ու հիմա իրեն ամեն ինչ կարելի է, նա Հայաստանի պատմությունը կերտողներից է։

Այդ մարդկանց մի մասը հասկացավ, որ սխալվել է ու հետ քաշվեց, սկսեց քննադատել, մի մասը հասկացել է, որ սխալվել է, բայց չի ուզում խոստովանել՝ դժվար է, իսկ մի մասն էլ շարունակում է «իր էշը քշել» ու հայտարարում է, որ մասնակցելու է ու «այո» է քվեարկելու «հեղափոխության զարգացմանը»։

Շատերն են ասում, որ իրենց կյանքում բան չի փոխվել, բայց չեն ուզում խոստովանել, որ սխալվել են։ Ինչո՞ւ։ Որովհետև մարդը հպարտանում է, որ ինքը հերոս է, երկիր է «փրկել», բայց հանկարծ նրան ասում են, որ դու, հարգելի քաղաքացի, հանցագործություն ես արել, մասնակցել ես սահմանադրական կարգը տապալելուն ու հիմա էլ ես մասնակցելու ինչ գործընթացի որ առաջարկեն՝ անունը դնելով «հանուն հեղափախության»։

Մարդը մի փոքր ժամանակահատվածում հերոսից վերածվում է հանցագործի։

Ու հենց դրա համար էլ նա չի կարող ընդունել, որ սխալվել է։

Եթե Հայաստանն այդ հեղափոխություն ասածից հետո չգնար սխալ ուղով, գուցե այս ամենը այսչափ ցավալի չլիներ։ Բայց շարունակելով նույն սխալ ուղին, առավել շեշտվում է այդ հանցագործությունների մեջ սովորական մահկանացուների՝ փակ շրջապտույտի մեջ պար տալը։

Քաղաքացին պետք է, ի վերջո, ուժ տա իրեն՝ հասկանալու համար, թե ինչ են իրենից ուզում և արդյո՞ք դա իր պահանջների մեջ տեղավորվում է, թե՝ ոչ։

Փողոց էր դուրս գալիս «Սերժին մերժելու», բայց կյանքը ցույց տվեց, որ անհասկանալի է՝ դա լա՞վ եղավ իր համար, թե՞ վատ։ Գուցե դժվար կլիներ այն ժամանակ կողմնորոշվելը, բայց այսօր երբ քաղաքացուն ասում են՝ արի մի հատ էլ սրան «մերժի», նրա համար, արդեն, պետք է նոր հարցեր ի հայտ գան։

Իմացողը գիտի, որ այս հանրաքվեով որևէ խնդիր քաղաքացու համար չի լուծվելու, ինչպես որ չլուծվեց վերջին երկար ու ձիգ 22 ամսում՝ «Սերժին մերժելուց» հետո։

Ահարոն Համբարձումյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ